Մեկնաբանություն

25.02.2020 10:07


Իբր մեր վիրուսները քիչ էին, մի հատ էլ... կորոնա

Իբր մեր վիրուսները քիչ էին, մի հատ էլ... կորոնա

Ինչ ուզում եք՝ ասեք, բայց իբր մեր հասարակական-քաղաքական վիրուսները քիչ էին, հիմա էլ՝ կորոնավիրուսը, ավելի ճիշտ ու բարեբախտաբար, դրա դեռևս միայն ահը կամ վախը: Չէ, բայց քաղաքականապես շատ «գրագետ» վիրուս է, կետային հարվածում է գերազանցապես Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական հակառակորդներին: Սկզբից՝ Չինաստանին, հիմա էլ, փաստորեն, Իրանին: Բայց դա հարցի դեռ մի կողմն է:

Շատ ավելի հետաքրքրական էր դիտարկել տրամադրությունների ու մոտեցումների կտրուկ փոփոխությանը՝ ՀՀ իշխող վերնախավում: Դա հետաքրքրական է ոչ այնքան որևէ վարակի տարածման ու դրա կանխարգելման, որքան՝ որևէ հարցի նկատմամբ Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչների ընկալունակության և համարժեքության տեսանկյունից:

Ահա, թե ինչի՛ մասին է խոսքը:

Երբ լրահոսում հայտնվեցին առաջին տեղեկություններն առ այն, որ մեր հարևան և բարեկամական Իրանում կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել, նաև՝ մահացու ելքով, տարբեր մարդիկ սկսեցին խոսել Իրանի հետ ՀՀ սահմանով անցուդարձը սահմանափակելու կամ ընդհանրապես ժամանակավորապես դադարեցնելու մասին: Հետո ավելի հիմնավորված ու մտահոգված տեսակետներ հնչեցին այդ թեմայով: Հիմնականում՝ սոցցանցերում:

Իշխանության ներկայացուցիչների առաջին արձագանքներն այդ՝ միանգամայն պատճառաբանված ահազանգերին, բավականին տարօրինակ տպավորություն թողեցին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, իշխանական թևից մեկ ուրիշ պատգամավոր ևս, բավականին անհամարժեք ու անընկալելի արձագանքեցին, նաև՝ առողջապահության նախարարը: Ամենից բնութագրականը իշխանական ճամբարից պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հրապարակային ու անհեթեթ այն ձևակերպումն էր, թե՝ «պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու»։

Երևի ցանկացել էր սրամտել: Բայց անթիվ սրամիտ դիտարկումների թիրախ ու առարկա դարձավ: Ակամայից ցանկություն առաջացավ գնալ ԱԺ նիստերի դահլիճ ու մեծամասնական խմբակցության կուտակման վայրում մի հատ հավեսով փռշտոցի... ձայն միացնել՝ բարձրախոսով:

Կատակը՝ կատակ, բայց եթե ի մի բերենք իշխանական թևի առաջին արձագանքները, ապա ստացվում է, թե ինչ-որ «մութ ու չար ուժեր», «իրենցայլական» բառամթերքով ասած՝ «հակահեղափոխականներն ու սևերը» խուճապ են տարածում ու նման բաներ:

Եվ նրանք, այդ խուճապ տարածողները, հաջորդ կյանքում վիրուսի հարուցիչ են լինելու: Ավելի անհեթեթ արձագանք հազիվ թե կարելի էր պետկերացնել: Բայց դե այդ է այսօրվա իշխանական, կներեք արտահայտության համար՝ վերնախավի, «սերուցքի» ընկալման մակարդակը: Անձինք, որ անբնականորեն հրճվում են, որ իրենց հասարակ կողմնակիցները կամ նրանց միջոցով շրջանառում են, օրինակ, այսպիսի (նույնիսկ կդժվարանամ բնորոշել, թե ինչ կարգի) պնդումները, որ հանրաքվեին «այո» ասողներն են միայն հայազգի, իսկ մնացածները հայ չեն, էլ ինչ կարելի է սպասել նմաններից:

Դե, եթե իրենք ցանկացած այլ տեսակետ ընկալում են որպես «թավշյա կառավարության դեմ հիբրիդային պատերազմի» դրսևորում, երևի ավելորդ է այլ բաների մասին խոսել:

Ամեն դեպքում, երկուշաբթին ավելի շուտ վրա հասավ, նախքան այդ էլ՝ կիրակին: Ու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը որոշում է ընդունելու նշված վարակի պատճառով Իրանի հետ սահմանը ժամանակավորապես՝ երկու շաբաթով փակելու մասին:

Ու նման պայմաններում անխուսափելի հարց է ծագում վերոհիշյալ իշխանական պատգամավորին ու նրա խայտառակ գրառմանը «ծափահարողներին», թե՝ և ո՞վ է հիմա ինչ-որ վիրուսի հարուցիչ լինելու երբևէ:

Առհասարակ, կորոնավիրուսն էլ կհաղթահարվի: Նմա՞ն վարակներ ու աղետներ ենք հաղթահարել: Բայց այ, նեղմտության «վիրուսը» շատ ավելի ավերիչ է ու դժվար հաղթահարելի:

Բայց մեծ հաշվով, այնպիսի տպավորություն է, որ եթե իշխանական թիմից մեկը ձեռքը պարզի դեպի էլեկտրական հոսանքի բարձր լարման տակ գտնվող բաց հաղորդալարը, իսկ կողքից, ասենք «հանցավոր, կոռումպացված, թալանչի» նախկին համակարգից մեկն զգուշացնի, որ նման բան պետք չէ անել, «իմքայլականը» թարս կնայի ու... «դուխով» կբռնի լարման տակ գտնվող հաղորդալարը: Ու ցավոք, դա կլինի վերջին բանը, որ նա կհասցնի անել: Թավիշ-թավիշ, բայց այդքան օրթոդոքս էլ չարժե լինել, էլի:

Հա, հատուկ «պողոսակերպների» համար՝ օրթոդոքսը վիրավորական բառ չէ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը