Լրահոս

24.02.2020 20:20


Հրազդանում 17-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Հրազդանում 17-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Հիվանդանոցից փետրվարի 22-ին ժամը 16:50-ին ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերք» նախնական ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 17-ամյա մի քաղաքացի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկը հայտնել է, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին ժամը 16:30-ի սահմաններում Մեղրաձոր համայնքի միջնակարգ դպրոցին հարակից ճանապարհին, վիճաբանության ժամանակ 17-ամյա մի պատանի, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից համագյուղացուն:

Բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 23-ին ժամը 00:40-ին պատանին ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը