Կարծիք

24.02.2020 14:58


Մի քանի տարրական փաստ «հեղափոխությունների» մասին

Մի քանի տարրական փաստ «հեղափոխությունների» մասին

«Հեղափոխությունը ժողովրդի ակտիվ՝ 2.5-3% հատվածի մոբիլիզացիայի միջոցով կառավարող համակարգի տապալումն է՝ արդարության հաստատման և նոր կառավարման ինստիտուտների ձևավորման նպատակով»։

Հեղափոխության համար պետք է «ամբողջ ժողովուրդը» դուրս գա փողոց: Իրականում նման բան երբեք չի եղել: Բավական է 2-3%-ի մոբիլիզացիան ու ակտիվ գործողությունը հեղափոխություն սկսելու համար:

Հեղափոխությունները սկսվում են բացառապես արտաքին ուժերի կողմից: Նման բան չկա: Արտաքին ուժերը որեւէ փուլում սկսում են միջամտել այս կամ այն կողմից՝ իրենց շահերը առաջ տանելու համար: Որոշ դեպքերում այդ միջամտությունը կարող է լինել օգտակար, այլ դեպքերում՝ մահացու: Դա կախված է ներքին ուժերի սուբյեկտայնությունից, հստակ քաղաքական օրակարգի առկայությունից ու կամքից:

Բոլոր հեղափոխությունները բերում են քաղաքացիական պատերազմի կամ պետության քայքայման: Երբեմն բերում են, երբեմն՝ ոչ: Կախված հեղափոխականների կամային հատկանիշներից ու ստրատեգիական մտածողության մակարդակից: Երբեմն պետության քայքայման, կամ նույնիսկ ազգի ֆիզիկական բնաջնջման է բերում հեղափոխության ուշանալը:

Բավական է հասնել հեղափոխության և պետությունը ակնթարթորեն կդառնա ծաղկող ու բոլոր խնդիրները կլուծվեն: Իրականում դեպքերի մեծամասնությունում հեղափոխությունը չի հաստատում արդարություն և չի կարողանում ստեղծել նոր կառավարման ինստիտուտներ: Հեղափոխությունը միայն սկիզբն է: Միայն հնարավորության ստեղծումը:

Հեղափոխություն կարելի է սկսել միայն երբ ժողովրդի մեծամասնությունը հասել է գիտակցության բարձր մակարդակի և կա հեղափոխության «պահանջարկ»: Սա բացարձակ աբսուրդ է, քանի որ առաջարկ-պահանջարկի ձևավորումից առաջ կա կարիքը: Սուր անարդարության զգացումը, որը համակել է ժողովրդի մի զգալի հատվածին, առավել քան բավարար է հաջող հեղափոխություն իրականացնելու համար: Հեղափոխության առաջնորդների հիմնական խնդիրն է այդ կարիքի բավարարման մեխանիզմներ գտնելը և դրա շուրջ առաջարկ ձեւավորելը ժողովրդի 2-3%-ի մոտ: Այնպիսի առաջարկ, որ նրանց կմղի մոբիլիզացիայի ու ակտիվ գործողության:

Հեղափոխությունը կարելի է մանրամասն պլանավորել և կանխատեսել: Սա նույնպես աբսուրդ է, քանի որ բոլոր նորմալ սոցիոլոգները, վերլուծաբանները և հենց հաջողված հեղափոխությունների հեղինակները խոստովանում են, որ մասսայական վարքագծերը կանխատեսելը անհնարին է: Երբ կան բավարար պայմաններ հեղափոխության համար՝ անարդարության համատարած զգացումը, քաղաքական ինստիտուտների սնանկությունը և ճահճացածությունը, ապա հեղափոխությունը կարող է պայթել ամեն վայրկյան, կամ ուշանալ տասնամյակներով:

Եթե ժողովրդի մեջ պահանջը կա, ապա առանց առաջնորդների խմբի ու հստակ ձեւակերպված օրակարգի էլ հեղափոխությունը անպայման տեղի կունենա: Իրականում բոլորը խոստովանում են, որ հաջողության առնվազն 50%-ը կախված է առաջնորդող խմբի կամային հատկանիշներից, ղեկավարման հմտություններից և խարիզմայից: Վախկոտ, թուլակամ ու անվճռական առաջնորդներով հեղափոխությունը կամ խափանվում է, կամ վերածվում քաոսի ու արհավիրքի:

Խաղաղ քաղաքական հեղափոխությունը պատերազմ չէ և ենթարկվում է լրիվ այլ օրենքների: Իրականում խաղաղ հեղափոխություն չկա: Զենքի կիրառումը կամ դրանից խուսափելը տվյալ իրավիճակում զուտ տակտիկական քայլ է՝ ռիսկի ու արդյունքի սառը հաշվարկ: Լճացած, ավտորիտար, անարդար կառավարող համակարգին տապալելու միակ մոտեցումը «պատերազմի տրամաբանությունն է»՝ ռեսուրսների բաշխմամբ, պաշտպանության ու հարձակման տակտիկական մանյովրներով ու հակառակորդին արդյունավետ գործողությունների հնարավորությունից զրկելու նպատակներով, զինված կամ անզեն: Իսկ հաղթանակը հակառակորդին հոգեբանական պարտության մատնելն է ու կապիտուլյացիայի ենթարկելը:

Փոփոխության ռեսուրս չկա կամ ուժն է ծնում իրավունք: Իրականում նման անարդարության պայմաններում ռեսուրսը լիուլի բավարար է, իսկ ուժը ոչ թե ծնում է իրավունք, այլ լրիվ հակառակը՝ ուժը ծնվում է հստակ ձեւակերպված, գիտակցված ու արժևորված իրավունքի գիտակցումից:

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը