Մեկնաբանություն

24.02.2020 13:10


Մարտի 1–ի զոհերն ու «Այո»–ի բրենդինգը (տեսանյութ)

Մարտի 1–ի զոհերն ու «Այո»–ի բրենդինգը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը 2008–ի մարտի 1–ի գլխավոր դերակատարներից էր։ Այդ նա՛ էր կոչ անում հավաքվել, զինվել ու «մեր քաղաքն ազատագրել ղարաբաղցի տականքներից»։

Փողոցային գրոհով իշխանությունը վերցնել չհաջողվեց, և Նիկոլը ծլկեց դեպքի վայրից։ Նա ընդհատակից դուրս եկավ այն ժամանակ, երբ գիտեր, որ իրեն չի սպառնում սահմանադրական կարգի տապալման հոդվածը և որ մի քիչ նստելու է ու դուրս գա։

2008–ի մարտի 1–ին զոհեր եղան։ 10 զոհ։ Նիկոլը շատ լավ գիտի, որ դրա մեջ իր ահռելի մեղքի բաժինը կա։ Դա է պատճառը, որ նա Ռոբերտ Քոչարյանին է մեղադրում այն հոդվածով, որով ի՛նքը պետք է դատված լիներ։ Դա է նաև պատճառը, որ մարտի 1–ի զոհերի հարազատներին կամ իրավահաջորդներին 30–ական միլիոն դրամ է տալիս։ Փող է տալիս նաև վիրավորներին։

Փողը տվյալ դեպքում երկու ֆունկցիա է կատարում Նիկոլի համար։ Մի կողմից նրա մոտ նվազեցնում է մեղքի զգացումը անցյալի համար, մյուս կողմից հնարավորություն է տալիս ներկայում օգտագործել զոհերի հարազատներին՝ նրանց էմոցիաները սեփականաշնորհելով ու հակառակորդների դեմ քսի տալով։

Այլ առումներով Նիկոլին մարտի 1–ի զոհերը չեն հետաքրքրում այսօր, ինչպես որ չէին հետաքրքրում 12 տարի առաջ։ 10 սպանության հանգամանքները չեն էլ բացահայտվել։ Դատավարությունն իրականում ոչ թե «Մարտի 1»–ի, այլ, այսպես կոչված, սահմանադրական կարգի տապալման թեմայով է։

Նիկոլին Քոչարյանի դատը պետք է լրիվ այլ՝ ներքաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակներով։ Մարտի 1–ի զոհերի թեման նրա համար արդեն բալաստ է։ Նրան հիմա այլ բան է հետաքրքրում։

«Մարտի 1»–ը Նիկոլի անցյալն է, իսկ, օրինակ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ ներկան։ Այն ներկան, որն ապագայում մենիշխանություն ձևավորելու հնարավորություն կտա։ Դրա համար էլ նա բյուջեի հաշվին անցյալի հետ իր հաշիվները փակում է ավելի քիչ գումարով, քան ներկայի ու ապագայի վրա է ծախսում։

Նիկոլը որոշել է մարտի 1–ի զոհերի հուշարձան կանգնեցնել Երևանում (նման որոշումը վիճելի է, բայց այս նյութի շրջանակներում դա չենք քննարկի)։ Հայտարարված է մրցույթ։ Հաղթողին խոստացվել է 2 միլիոն դրամ։ Մրցույթում հաղթող չի ճանաչվել։

Ուշադրությո՛ւն դարձրեք. Նիկոլը իր հրահրմամբ զոհվածների հուշարձանի մրցույթի համար մրցանակային ֆոնդ է սահմանել 2 միլիոն դրամը, իսկ ահա Սահմանադրական դատարանը գրավելու համար «Այո»–ի բրենդինգի մրցույթը հայտարարվել է 6 միլիոն դրամանոց ֆոնդով։ Այսինքն՝ «այո»–ն իր համար 3 անգամ ավելի կարևոր է, քան մարտի 1–ի 10 զոհը։ Համենայնդեպս թվերի լեզուն դա է ցույց տալիս։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի առաջնահերթությունների մասին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը