Կարծիք

24.02.2020 01:15


Ադրբեջանն ուզում է, որ Իդլիբը փոխանակվի Արցախո՞վ. պատերազմը կարող է անսպասելի գալ, ինչպես 2016-ին

Ադրբեջանն ուզում է, որ Իդլիբը փոխանակվի Արցախո՞վ. պատերազմը կարող է անսպասելի գալ, ինչպես 2016-ին

Ինչպես հայտնի է, սիրիական Իդլիբում իրավիճակը կտրուկ սրվել է, որի արդյունքում կարող են բախվել Ռուսաստանն ու Թուրքիան: Առաջին հայացքից մեզ շատ չհետաքրքրող այս կոնֆլիկտը կարող է էական ազդեցություն թողնել նաև մեր երկրի վրա: Ինչո՞ւ։ Փորձենք բացատրել և ավելի մանրամասն անդրադառնալ այս խնդրին:

Ի՞նչ է կատարվում Իդլիբում և ինչո՞ւ այն մեզ պետք է հետաքրքրի

Բանն այն է, որ երբ Սիրիայում պատերազմ էր ընթանում Բաշար Ասադի բանակի ու սուննի արաբների շահերը ներկայացնող ահաբեկչական կազմակերպությունների միջև, արտաքին խաղացողները՝ Մոսկվան և Թեհրանը, որոնք աջակցում էին Ասադին, առաջարկեցին ահաբեկիչներին յուրօրինակ «հումանիտար միջանցք» դեպի Իդլիբի մարզ: Արդյունքում, ռուսներին և Ասադին հաջողվեց «մաքրել» երկիրը ահաբեկիչներից՝ նրանց համար յուրատեսակ «ռեզերվացիա» ստեղծելով Իդլիբում:

Այս հարցում ռուսներին մեծապես օգնեց Թուրքիան: Վերջինս երաշխավոր դարձավ սուննի արաբներին, որ ռուսներն ու Ասադի բանակը երբեք Իդլիբ չեն մտնի:

Խորամանկ Պուտինը թուրքերին համոզեց այն պատրվակով, որ հետագայում Իդլիբը կարող է դառնալ Թուրքիայի ազդեցության գոտին: Այդպիսով Սիրիայի պետական ապագա կառուցվածքում Թուրքիան կունենար իր ազդեցության մասնիկը:

Էրդողանը ռուսների այդ խայծը կուլ էր տվել նաև այն պատճառով, որ դրանով մասնակիորեն կատարվում էր Էրդողանի նեոօսմանյան ծրագրերի երազանքը կոնկրետ Սիրիայում:

2018-ի սեպտեմբերին Աստանայում հիմնվեց Իդլիբի, այսպես կոչված, «լարվածության վերացման գոտին», որի երաշխավորն էր «նշանակված» Թուրքիան: Սակայն ստանալով այդ «արտոնությունը»՝ Թուրքիան ստանձնել էր նաև մեկ այլ պարտավորություն: Իդլիբում տեղակայված ավելի քան 30 հազարանոց ահաբեկիչների բանակը պետք է զինաթափվեր: Նրանց հիման վրա պետք է ձևավորվեր միասնական Իդլիբյան ոստիկանական ուժեր: Իսկ տեղի սուննի արաբների շահերը պետք է ներկայացնեին ոչ թե կրոնամոլ ահաբեկիչները, այլ չափավոր աշխարհիկ գործիչները: Ողջ այդ «աշխատանքը» դրված էր Թուրքիայի վրա: Սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ սուննի արաբներին համոզել, որ նրանք հրաժարվեն կրոնամոլ դիրքերից հանդես գալ:

«Ջաբհատ ան Նուսրայի» տեղը թուրքերը ստեղծեցին «Թահրիր Ար-Շամ»-ը, սակայն անվանափոխությունից նրանց բովանդակությունը այդպես էլ չփոխվեց:

Անկարան Իդլիբում ձևավորեց «Ազգային ազատագրական ճակատ» կազմակերպությունը, որպեսզի նրա շուրջ համախմբի սուննի արաբների վերնախավին: Սակայն դա էլ չհաջողվեց։ Այդ կառույցի մեջ հիմնականում մտան տեղի փոքրաթիվ թուրքոմանների ներկայացուցիչները, որոնք կազմում էին բնակչության ընդամենը չնչին՝ 0.5 տոկոսը:

Արդյունքում Թուրքիային չհաջողվեց Իդլիբն ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնել նույնիսկ այն դեպքում, երբ սուննիները հասկանում էին, որ նրանց պաշտպանության երաշխավորն Ասադի հարձակումներից միայն թուրքերը կարող են լինել։

Այստեղ տեղին է նշել, որ Իդլիբի մարզում պատերազմից առաջ բնակչության թիվը կազմում էր ավելի քան 1,5 մլն մարդ: Ընդ որում, նրանցից 90 տոկոսը սուննի արաբներ էին, որոնք խիստ ընդդիմադիր էին տրամադրված Ասադի ռեժիմի հանդեպ: Քրդերը կազմում էին բնակչության մոտ 5 տոկոսը։ Նույնքան էին արաբ քրիստոնյաները:

Պատերազմի արդյունքում քրդերն ու քրիստոնյաները վտարվեցին իրենց օջախներից, և նրանց տեղը համալրեցին Սիրիայի այլ բնակավայրերից փախած սուննի արաբները: Այսօր նրանց թիվը այս մարզում կազմում է մի քանի միլիոն մարդ, որոնք կտրականապես մերժում են մտնել Ասադի ռեժիմի վերահսկողության տակ:

Եվ այսպես, Իդլիբը, որպես Սիրիայի տարածքում «ահաբեկչական կղզյակ», մշտական սպառնալիք է Ասադի համար: Նախ այս մարզի հյուսիս-արևելքում է գտնվում Հալեպը, որը լինելով Ասադի վերահսկողության տակ՝ այնուամենայնիվ կոմունիկացիոն տեսակետից Իդլիբի պատճառով նույնպես կտրված է մնում Դամասկոսից և մյուս մարզերից: Բացի այդ Հալեպին և ծովին կապող միջանցքը նույնպես անցնում է Իդլիբով: Իդլիբի արևմուտքում գտնվող Լաթակիան, որտեղ առավելապես ապրում են ալավիները (Ասադի դաշնակիցները), նույնպես կտրված է մնում Հալեպից, որը միշտ համարվել է Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը:

Եթե մեզ համար հասկանալի տերմինով նշենք, ապա կարելի է Իդլիբը համարել Սիրիայի «Լաչինն ու Շուշին»:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Իդլիբը Թուրքիայի համար

Իդլիբը միշտ եղել է Սիրիայի սուննի բնակչության ռեժիմին դիմադրող գլխավոր օջախը: Սուննի արաբների մոտ Թուրքիայի հանդեպ եղել է միշտ այն զգացողությունը, ինչ մեզ մոտ եղել է ռուսների հանդեպ: Այդ իսկ պատճառով Թուրքիան միշտ փորձել է «հայրական օգնությամբ» կամ մեծ եղբոր վարքագծով աչքի ընկնել սուննի արաբների նկատմամբ: Ի դեպ, նրանցից մոտ 3 մլն-ը փախստականի կարգավիճակով այսօր բնակվում է Թուրքիայի հարավային մասում:

Թուրքիան միշտ դիտարկել է Իդլիբը և սուննի արաբներին որպես Սիրիայում իր դաշնակիցների: Ի դեպ, անցած դարի 30-ական թվականներին Սիրիայի տարածքում էր գտնվում նաև Խաթայի մարզը, որտեղ մեծամասնությունը կազմում էին թուրքոմանները: Օգտվելով այդ հանգամանքից՝ Թուրքիան այն ժամանակ «հանրաքվե» անցկացրեց Խաթայում և պոկեց այդ մարզը Սիրիայից՝ կցելով իր տարածքին: Ինչպես, որ ռուսները 2014-ին Ղրիմն անջատեցին Ուկրաինայից և միացրին իրենց:

Մինչև այսօր էլ Սիրիան չի ճանաչել Խաթայի անջատումը և տարածքային պահանջ ունի Թուրքիայի նկատմամբ: Եվ այդ պատմությունը հաշվի առնելով՝ Դամասկոսում ունեն մտավախություն, որ Խաթայի ճակատագրին կարող է արժանանալ նաև այսօրվա Իդլիբը:

Ի՞նչ են մտածում Իդլիբի խնդրի մասին Թուրքիայում

Իդլիբը տարբերվում է Խաթայից նրանով, որ այնտեղ թուրքալեզու բնակչության տոկոսը շատ չնչին է, և այդ իսկ պատճառով Անկարան լուրջ հույսեր չունի այս տարածքը նույնպես կցել իրեն:

Էրդողանի նպատակն է իրականացնել իր նեոօսմանյան ծրագրերը՝ հենվելով Սիրիայում հենց սուննի արաբների վրա, ձևավորելով այս երկրում իր ազդեցության գոտին: Բայց այս քայլով նա բախվում է Ասադի հետ, որին անվերապահորեն աջակցում են Մոսկվան և Թեհրանը: Եվ Էրդողանը պետք է որոշի՝ արժե՞ դրա պատճառով հակադրվել Մոսկվայի հետ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հանրային կարծիքին, ապա այն շատ արագ փոխվում է: Նեոօսմանիզմը այստեղ իր տեղը սկսում է զիջել քեմալականությանն ու նույնիսկ պանթուրքիզմին: Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրության արդյունքները դա ցույց տվեցին: Իսկ, ինչպես ասում էր ժամանակին Էրդողանը, «ով կհաղթի Ստամբուլում, նա էլ հաջորդ քայլին կստանձնի երկրի ղեկը»:

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրություններում հաղթանակ տարավ քեմալականը: Այսօր քեմալական և պանթուրքիստական բոլոր շրջանակները կոչ են անում Էրդողանին հրաժարվել Սիրիայում սուննի արաբներին աջակցելուց և փոխարենը ավելի ակտիվ զբաղվել, օրինակ, Ադրբեջանով և Ղարաբաղով:

Օրեր առաջ նույնիսկ Էրդողանի երբեմնի աջակից, «իսլամիստ», այդ երկրի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց հետևյալը.

1. Թուրքիայում քաղաքական իսլամն այլևս ակտուալ չէ,

2. Սիրիայում հանուն սուննի արաբների Թուրքիան չպետք է բախվի Մոսկվայի հետ,

3. Ռուսաստանից «Ս-400»-ի գնումը սխալ էր, քանզի դրանով Թուրքիան կորցրեց իր վստահությունը Արևմուտքի մոտ,

4. Թուրքիան պետք է զերծ մնա Ռուսաստանի հետ առավել մերձենալուց, քանզի դա հակասում է Թուրքիայի կենսական շահերին:

Պետք է նշել, որ եթե նույնիսկ «չափավոր» Գյուլն է այս դիրքերից քննադատում Էրդողանին, ապա կարելի է կռահել, թե ինչպիսի մթնոլորտ է ձևավորվել արդեն այդ երկրում:

Ի՞նչ են մտածում Իդլիբի մասին Թուրքիայի պանթուրքիստներն ու Ադրբեջանը

Այստեղ այն կարծիքին են, որ նեոօսմանիզմն իրատեսական գաղափար չէ, և պետք է հենվել ոչ թե հին մաշված կրոնական արժեքների, այլ «արյան կանչի» վրա: Քանզի ժամանակակից աշխարհում սա միակ կենսունակ գաղափարն է: Այդ իսկ պատճառով էլ այս շրջանակները կոչ են անում Էրդողանին բանակցել Պուտինի հետ՝ «Իդլիբը փոխում ենք Ղարաբաղով» բանաձևով:

Ըստ նրանց՝ միևնույն է վաղ թե ուշ Ասադը վերահսկելու է Իդլիբը: Մանավանդ, որ սուննի արաբները Թուրքիային հիշում են, երբ առաջանում է վտանգ Ասադի կողմից: Մյուս սուննի արաբական ռեժիմները նույնպես մոռացել են Թուրքիային: Մինչդեռ, ըստ այդ շրջանակների, Կովկասում Թուրքիան կարող է ձեռք բերել «մնայուն արժեքներ», եթե ակտիվ աջակցի Ադրբեջանին:

Իր հերթին ռուսական շրջանակները համարում են, որ Թուրքիան վաղուց պետք է զիջեր Իդլիբը Ասադին ու Մոսկվային, քանզի հատկապես վերջինիս ջանքերով Թուրքիան ստացավ Սիրիայի հյուսիսում 130 կմ երկարությամբ և 30 կմ խորությամբ վերահսկելի գոտի, որտեղ արդեն քրդական ուժեր չկան:

Մոսկովյան շրջանակները հիշեցնում են այսօր թուրքերին, որ քրդերին աջակցում էին ամերիկացիները, և միայն ռուս-թուրքական համաձայնության շնորհիվ Անկարային հաջողվեց առանց պատերազմի «մաքրել» այս տարածքները քրդական ուժերից:

Բացի այդ, ռուս-թուրքական հարաբերություններում բացի Իդլիբից, Ղարաբաղի և քրդերի խնդիրներից ավելացել է նաև Լիբիայի հարցը, որտեղ Մոսկվայի ու Անկարայի շահերը նույնպես բախվում են իրար:

Կհաջողվի՞ Ադրբեջանին ու թուրք ազգայնականներին համոզել «փոխանակել Իդլիբը Ղարաբաղի հետ», կախված է մի շարք հանգամանքներից: Առաջինը՝ Հայաստանի ու Ղարաբաղի դիրքավորումներից, նրանց դիմակայելու հնարավորություններից և էլի մի շարք հանգամանքներից: Սակայն, մի հարցում Ադրբեջանին ու թուրք ազգայնականներին հաջողվել է հասնել իրենց նպատակներին: Նրանք կարողացել են իրենց պրոքսի ուժերի միջոցով ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլև Ղարաբաղում: Օգտվելով այն հանգամանքից, որ հայերը չունենալով երկարամյա պետականության փորձ՝ չեն կարողանա լուրջ պետականություններ կերտել Հայաստանում և Ղարաբաղում:

Վերջին երկու տարվա զարգացումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիների ու թուրքերի վեկտորները Հայաստանի ուղությամբ «ճիշտ», այսինքն՝ մեզ համար անցանկալի ուղղությամբ են զարգանում: Իսկ թե ինչքանով դա հերիք կլինի հասնել իրենց վերջնական նպատակին, դա արդեն այլ քննարկման թեմա է։

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը