Կարծիք

22.02.2020 16:45


Իրանի հետ սահմանը պիտի արդեն փակված լիներ

Իրանի հետ սահմանը պիտի արդեն փակված լիներ

Երեկվա դրությամբ՝ 4 հոգի մահացած + ևս 18 վարակված Իրանում։ Սա, համոզված եմ, տեսել եք, ով թեմայով հետաքրքրվում է։

Եւս մի վարակված մարդ Բեյրութում է հայտնաբերվել, նա ժամանել է Իրանի Ղոմ քաղաքից, որն Իրանում վարակի էպիկենտրոնն է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգված է, որովհետև ընդամենը 3 օրում 4 հոգի է մահացել կորոնավիրուսից, ինչը նշանակում է, որ մինչ այդ աննկատ կերպով բավականին տարածվել է։

Վերոնշյալի շատ տրամաբանական հետևանք է, որ Իրաքն ու Քուվեյթը փակել են Իրանի քաղաքացիների մուտքը։

Խնդիրը նաև այն է, որ սահմանին ջերմություն չափելը լուծում է միայն այն մարդկանց խնդիրը, որոնց մոտ հիվանդությունը դրսևորվել է, բայց արդեն պարզ է, որ վիրուսակիրները վարակիչ են նույնիսկ երբ հիվանդության ախտանիշները չեն դրսևորվել։

Շատ լավ է, որ առողջապահության նախարարության ներկայացուցիչներն առույգ զեկուցում են, որ ամեն ինչ վերահսկում են, բայց վերջին 2 ամիսների գրիպերի համաճարակը որ տեսնում եմ, թե ոնց են «վերահսկում», մի տեսակ հավատալս չի գալիս, որ կորոնավիրուս կարող են արդյունավետ վերահսկել։

Կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ արդեն երեկ սահմանը փակելը։ Նաև կարանտինի ռեժիմի հարցերն է պետք շատ արագ լուծել, որովհետև ոչ մի երաշխիք չունենք, որ արդեն ՀՀ չի հասել։ Դպրոցներից ու մանկապարտեզներից մինչև զորամասեր, կինոթատրոններից մինչև առևտրի կենտրոններ...

Ի դեպ, մեր բախտը բերել է, որ Թուրքիայի սահմանը փակ է, մինչև Նովրուզ դեռ 1 ամիս կա + զբոսաշրջային սեզոն չէ, և մարդկային շարժը շատ ավելի քիչ է, քան կարող էր լինել։

Բայց սահմանը պիտի արդեն փակված լիներ։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը