Մեկնաբանություն

22.02.2020 18:40


Ցնդաբանություններին էլ արժե հակադարձել

Ցնդաբանություններին էլ արժե հակադարձել

Անձամբ վարչապետի կողմից իրականացվող մանիպուլյատիվ, թշնամանք ու անձնավորված վիրավորանք գեներացնող, անմեղության կանխավարկածի սկզբունքը տրորտակած քարոզչությունը ոչ պակաս խեղաթյուրված ընկալումներով վերարտադրվում ու տարածվում է իր համակիրների և կողմնակիցների միջոցով:

Մեկ բնութագրական նմուշ:

Առաջիկա հանրաքվեի վերաբերյալ հանրային ակտիվությամբ աչքի ընկնող մի տնտեսագետի գրառման ներքո իշխանության կողմնակից կամ առնվազն վարչապետի քարոզչական թեզերի «տակ ընկած» մի օգտատեր գրել է, թե... հանրաքվեում «Այո» ասելով քաղաքացին... «կձերբազատվի մարդասպան, թալանչի, սանտաժիստ, ապիկար տականքներից, ովքեր շուրջ 20 տարի կեղեքել են ամբողջ ազգին, սպանել ու ստրկացրել են, ունեզրկել և ապօրինի դատապարտել են»:

Հասկանո՞ւմ եք, թույնի ու մաղձի այս ժայթքումն ուղղված է... Սահմանադրական դատարանի 7 դատավորների հասցեին, անձնապես: Քանզի այդ «այո» ասելու ամբողջ իմաստն ու նպատակը կոնկրետ այդ 7 բարձրակարգ դատավորներից ազատվելն է:

Բայց Փաշինյանի այդ ու այլ կողմնակիցների համոզմամբ, ՍԴ դատավորները (ներողություն, իհարկե) մարդասպան են, մի բան էլ՝ թալանչի, դա քիչ է՝ սանտաժիստ (շանտաժիստ, էլի): Նրանք, այդ 7 անձինք, ի դեպ, մասնագիտական շրջանակներում ու նաև կյանքում հարգված մարդիկ, պարզվում է՝ 20 տարի կեղեքել են ամբողջ ազգին, սպանել ու ստրկացրել, ունեզրկել ու... ո՜վ հրաշք՝ դատապարտել:

Արձագանքել այդ ծայրեծայր ցնդաբանությանը, ամեն դեպքում, պետք է: Սկսած թեկուզ այն բանից, որ Սահմանադրական դատարանը ազատազրկման դատապարտող չէ, վերջացրած այն բանով, որ խոսքը 7 դատավորի մասին է, որոնք, որքան հայտնի է, ոչ մեկին չեն սպանել, մնացյալի մասին՝ չասած:

Ցնդաբանությանն արձագանքելն անշնորհակալ գործ է, բայց անհրաժեշտ է, և ահա թե ինչո՛ւ: Մեկը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ըստ էության՝ չարաշահելով վարչապետի կարգավիճակը, անում է բացարձակապես անպատասխանատու հայտարարություններ կոնկրետ անձանց հասցեին, պիտակավորում է այդ անձանց, անվանում հանցագործ: Դրանից թեևավորված իր կողմնակիցներն արդեն նույն անձանց հասցեին հնչեցնում են խայտառակ ստահոդ, կեղտոտ մեղադրանքներ ու վիրավորանքներ: Ի՞նչ իմանաս, թե վաղը, մյուս օրը, մեկ ուրիշը, որպես բութ գործիք, ինչի է ընդունակ: Ու ո՞վ է դրա համար պատասխան տալու: Թեպետ, ո՞վ է պատասխան տալիս թույն ցփնելու համար:

Առավե՛լ ևս, համակերպվել և հանդուրժել անհանդուրժելին՝ այս քարոզչական հաննիբալիզմը ուղղակի չի՛ կարելի:

Արմեն Հակոբյան

87560776_618484648944630_8197210607884173312_n

Այս խորագրի վերջին նյութերը