Լրահոս

22.02.2020 11:35


Շիրակում սպանվել է առևանգման գործով տուժողը. Պատվիրատուն մեղադրյալն է, իսկ իրականացնողը՝ կին

Շիրակում սպանվել է առևանգման գործով տուժողը. Պատվիրատուն մեղադրյալն է, իսկ իրականացնողը՝ կին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Շիրակում 35-ամյա Էդգար Գյուլազյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, որով ապացուցվել, որ նրան սպանողը կին է, իսկ պատվիրատուն նախկին դատապարտյալ։

Սպիտակի բնակիչ, 1983թ ծնված Էդգար Գյուլազյանի դին հայտնաբերվել է 2018թ մարտի 8-ին, Շիրակի մարզի Ազատան գյուղից Արևիկ տանող ճանապարհին։ Դատաբժշկի եզրակացությամբ՝ մահը վրա էր հասել մեթամֆետամին և կանաբինոիդների խմբին պատկանող նյութերի սուր թունավորումից։

Նախնական վարկածը թմրամիջոցի չարաշահումն էր, բայց հետագայում պարզվել է, որ մեծ քանակությամբ թմրամիջոցը ներարկվել է դիտավորյալ։ Ընդ որում՝ ներարկողը եղել է կին։ Սպանության ժամանակ զոհը 35 տարեկան էր։

Քրեական գործով՝ մեղադրանք է առաջադրվել նախկինում դատված Նարեին՝ պատվերով սպանության եւ թմրամիջոց իրացնելու համար։ Եւս երկու հոգու՝ պատվերով սպանությանը դրդելու, օժանդակելու, ինչպես նաեւ թմրամիջոցի իրացմանը հանցակցելու համար։ Օժանդակողն ու դրդիչը եւս ունեն հանցավոր անցյալ ու դատվածություն։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ պատվիրատուն նույնպես նախկին դատապարտյալ է՝ գյումրեցի՝ «Ուդի» մականվամբ Ռուբեն Սարգսյանը։

Նախնական տվյալներով՝ 2018թ մարտին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում, Սարգսյանը նույն խցում գտնվող «Շաք» մականվամբ Սարգիս Ֆարմանյանին հայտնել էր Գյուլազյանից վրեժխնդիր լինելու և նրան սպանելու մտադրության մասին։

Ֆարմանյանը հանցավոր դիտավորությանն օժանդակելու համաձայնություն էր տվել։ Սարգսյանի մշակած սցենարով՝ Ֆարմանյանի ընկերուհին՝ Նարե Ներսիսյանը կապվել էր Էդգար Գյուլազյանի հետ։ Մարտի 7-ին հանդիպել էին հյուրանոցում, որտեղ էլ Ներսիսյանը մեծ չափաբաժնով թմրամիջոց էր ներարկել Գյուլազյանի երկու ձեռքերին՝ ձևացնելով, թե մահը վրա է հասել թմրամիջոցի գերդոզավորումից։ Սպանությունը կազմակերպելու համար Սարգսյանը Ֆարմանյանին տվել էր մոտ 10,000 դոլար։

Պատճառը՝ դատարանում գտնվող քրեական գործն էր, որով որպես տուժող անցնում էր Գյուլազյանը։

Պարզվում է՝ «Ուդո» մականունով Ռուբեն Սարգսյանն ու Գյուլազյանն ունեցել են գումարային վեճ. վերջինս «Ուդո»-ին պարտք է եղել 700 ԱՄՆ դոլար ու չի կարողացել մարել։ Չվերադարձնելու հարցը պարզաբանելու համար «Ուդոն» իր մի քանի հանցակիցների հետ 2015 թվականին առեւանգել էր նրան, որի առթիվ հարուցվել էր քրեական գործ, հստակեցվել մեղսակիցների շրջանակը եւ 2016 թվականին քրեական գործն ուղարկվել դատարան։

Տուժողի սպանության գործն օրերս ուղարկվել է դատարան։

Այս խորագրի վերջին նյութերը