Մեկնաբանություն

22.02.2020 01:00


Դատարանների «անկախության» բանաձևն ըստ Նիկոլ Փաշինյանի

Դատարանների «անկախության» բանաձևն ըստ Նիկոլ Փաշինյանի

Հարազատ Հ1-ի եթերից մեկնաբանելով Սահմանադրական դատարանը քանդելու և իր ճաշակով «կահավորելու» սկզբունքային դիրքորոշումը, Փաշինյանն «անտրամաբանական» համարեց ապրիլյան բոլոլաներից հետո ստեղծված «սահմանադրական իրականությունը», երբ դրության տերը «ժողովուրդն» է, այսինքն` ինքն ու իր քանդող բրիգադը, բայց «նախկին կոռումպացված համակարգից» ժառանգած ՍԴ դատավորների վրա ազդեցության լծակներ չունի։

Դատական համակա՛րգն էլ բանի պետք չէ, մեծ հաշվով։ Ինքը ի սկզբանե որոշել էր ինքնահոսի մատնել դատական իշխանությունը, բայց եղան անհասկացող դատավորներ, որ սխալ հասկացան «չմիջամտելու» իր քաղաքականությունը. սկսեցին իր քաղաքական պատվերները սրբորեն կատարող «իրավական» կցորդների` ՀՔԾ-ի, դատախազության նշանակած մեղավորներին, օրինակ`Ռոբերտ Քոչարյանին, ազատ արձակելու որոշումներ կայացնել։

Իսկ դա, ըստ նրա, «տոտալ անվստահություն» է առաջացնում դատարանների, և առաջին հերթին` ՍԴ-ի նկատմամբ։ Եվ հիմա իր խնդիրն է` ձևավորել «տոտալ վստահություն» վայելող «անկախ» դատական համակարգ, որ ում հանդեպ ինչ որոշում էլ կայացնի` ժողովուրդը ծափ տա, գըմփ-գըմփ հու կանի ու չխոսի «կողմնակի» ազդեցությունների մասին։ Այսինքն, իր սրտով գնա` անի այն, ինչ պահանջվում է, ոչ թե այն, ինչ թելադրում է օրենքը և Սահմանադրությունը։

«Սահմանադրական իրականությունն» իր գրագիտությանը, իրավագիտակցությանը, բարոյականությանը, քաղաքականության և իրավական պետության մասին խեղված պատկերացումներին համապատասխանեցնելու գործընթացն, ինչ խոսք, պետք է սկսել նախ և առաջ ՍԴ-ից։ Ու դրա ամենակարճ ճանապարհը (նկատի ունենալով, որ հաթաթաները, քաղաքական հետապնդումները, քրեական հաշվեհարդարի սպառնալիքները, դատավորներին կաշառքի դիմաց տուն ուղարկելու մասին օրենքը չծառայեցին իրենց նպատակին) ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեն է։

Միայն այդպես կարելի է «նախկինների դուդուկի տակ պարող քաղաքականացված» դատավորներին թոշակի ուղարկել ու նրանց փոխարեն նշանակել «քաղաքականապես չեզոք» դատավորների, ինչպիսին քաղաքական չեզոքության էտալոն Վահե Գրիգորյանն է`Լևոնի վկան ու Նիկոլի կամակատարը։ Մեկը, որ չի աշխատում, բայց հանգիստ խղճով ուտում է` ՍԴ ոչ մի նիստի չի մասնակցել և չի մասնակցում, իր վարույթում գտնվող գործերին մոտ չի գնում, բայց աշխատավարձ է ստանում։ Նույնիսկ պարգևատրվում է ոչինչ չանելու համար, օգտվում է ծառայողական ավտոմեքենայից և այլն։

Արդեն հայտնի է, թե ով է լինելու Նիկոլի սրտի մյուս թեկնածուն և ՍԴ դատավորի պատմուճան հագնելու հավակնորդը։ Դե, իհարկե, ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ ընտրակեղծարարության «մշակույթի» հիմնադիր, խոշտանգումների միջոցով ցուցմունքներ, այդ թվում` կեղծ ցուցմունքներ կորզելու հմուտ վարպետ Գագիկ Ջհանգիրյանը։

Իշխանության (կամ` սատանայի) փաստաբան, երկրորդ նախագահին առաջադրված բացահայտ հակասահմանադրական մեղադրանքը դատարանում դոշ տված պաշտպանող Տիգրան Եգորյանը, էլի մի քանի ծակ փաստաբան, որ պատրաստ են արդարացնել և հիմնավորել Նիկոլի ցանկացած խելացնոր «մտահղացում», ապօրինի քայլ, նախաձեռնություն, հայտարարություն, ու կպած`պաշտպանում են ՍԴ կազմը փաթեթով «հեղափոխելու» սպեցօպերացիան, նույնպես շանս ունեն` հայտնվելու ՍԴ «ապաքաղաքականացված» դատավորների աստղաբույլում։ Եթե, իհարկե, «խիյարը» թարս չբուսնի` հանրաքվեն չտապալվի, և իրենք «փաթեթով» չհայտնվեն կոտրած տաշտակի առաջ։

Նիկոլը փորձեց նաև «իրավական» շղարշ տալ ՍԴ-ն ուզուրպացնելու իր ցանկությանը։ Իբր` արդար չէ, որ բազմաչարչար անցումային դրույթի` Սահմանադրության 213 հոդվածի պատճառով դատավորների մի մասը պաշտոնավարի ընդամենը 12 տարի, մյուսները`ավելի երկար։ Մանիպուլյացիա արեց փաստերի հետ, թե բա` նախկին «կոռումպացված համակարգը» մանիպուլյացիա է արել` «կուլիսային գործարքի» արդյունքում Գագիկ Հարությունյանին դրդելով հրաժարականի և տեղ բացելով Հրայր Թովմասյանի համար, հետո էլ դարձնելով ՍԴ նախագահ՝ մինչև 2035 թ. պաշտոնավարելու հաճելի հեռանկարով։

Լավ է չասաց` գիտեին, որ «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» է լինելու, դրա համար էլ կանխավ փակել են 6 տարին մեկ ռոտացիայի կարգով ՍԴ նախագահի պաշտոնում այլ դատավորի ընտրելու հարցը։ Փակագծում ասենք, որ Թովմասյանը ոչ թե «փոխարինել» է Գագիկ Հարությունյանին`առաջադրվելով և ընտրվելով ՍԴ դատավոր, այլ լրացրել է Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետի լրանալու պատճառով ավելի վաղ առաջացած թափուր տեղը։

Հարցը` ինչո՞ւ ժամանակից առաջ ընկնել, եթե մի տարի հետո էլի հանրաքվե է լինելու «գլոբալ» սահմանադրական փոփոխությունների մասով. արժե՞ ավելորդ փող ծախսել, ջանքեր թափել`Սահմանադրության ընդամենը մի հոդված, այն էլ` չգործող հոդված փոխելու համար, մնաց անպատասխան։

Ինչ վերաբերում է ընդդիմախոսների պնդումներին, թե այսօր ստեղծված է «իդեալական» մի իրավիճակ, երբ ՍԴ-ն գործադիրի և անձամբ իր` Փաշինյանի կրնկի տակ չէ, և ուրեմն`անկախ է, ապա դա, պարզվում է` ամենևին էլ «ժողովրդի» ուզած անկախությունը չէ։ Ասում է` մենք ուզում ենք դատավորներն անկախ լինեն, բայց ոչ թե այն իմաստով, որ մեզանի՛ց կախված չլինեն, այլ` որ կախված չլինեն «նախկին կոռումպացված համակարգից»։

Այսինքն, լինեն արմենդանիելյաններ և աննադանիբեկյաններ`խելքից դուրս «սկզբունքային», ազատ ու անկախ` և՛ Սահմանադրությունից, և՛ օրենքներից, ու առանց աչքը ճպելու վավերացնեն ՀՔԾ-ի և դատախազության, այսինքն` իր բոլոր ցանկությունները։ Այդքան բա՛ն։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը