Կարծիք

21.02.2020 19:31


Ասում են` սապատավորին գերեզմանը կփրկի, բայց սա հաստատ այդ դեպքը չէ

Ասում են` սապատավորին գերեզմանը կփրկի, բայց սա հաստատ այդ դեպքը չէ

Երեկ տեսնողը ևս մեկ անգամ տեսավ, հասկացողը` հասկացավ. միակ բանը, որտեղ վարչահրամայապետ Փաշինյանն իրոք անկրկնելի է, չափ ու սահման չճանաչող ցինիզմն է, փարիսեցիությունը և դեմագոգիան։ Բոլորը` մեկում։

Չկայացած քաղաքապետ`Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլի և իր կարգին թեկնածուի հիմնական ընդդիմախոս, այսօր` հարկատուների փողերով ապրող Հ1-ի եթերում Նիկոլի «գիծը» պահող, զարգացնող և պրոպագանդող Պողոսի, կներեք, ուզում էի ասել` Պետրոսի հետ հարցազրույցում սա «աննախադեպ» լկտի ձևով իրողությունները ոտքից գլուխ շրջելու մաստեր-կլաս ցույց տվեց։ Թե բա` «կոռումպացվածության» քայլող խորհրդանիշ նախկին պաշտոնյաների, նախկին օլիգարխների, իմ էշին «չու» ասող մեր նախկին կողմնակիցների գլխին որ սարքում ենք` չեղած տեղը գործ ենք թխում վրաները, առանց հիմնավոր փաստեր ունենալու մեղադրանքներ առաջադրում, բանտարկում, փռում ասֆալտին, հեչ որ չլինի` բռնում-բաց թողնում, տեղը եկած տեղը` «հայրաբար» հայհոյում ու պախարակում վերջին խոսքերով, միայն և միայն իրենց շահերից ելնելով ենք անում։ Երկրում հեղափոխական ջերմ սիրո և հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու համար։

Ավելին, լավություն են անում`քրեական հետապնդումների քողի տակ քաղաքական հաշվեհարդար տեսնելով ընդդիմախոսների նկատմամբ. «Էն, որ նախորդ կոպումպացված ռեժիմի ներկայացուցիչները ազատ շրջում են, ունեն լրատվամիջոցներ, արտահայտվում են անսահմանափակ ազատությամբ և կներեք` էլի կոպիտ պըտի ասեմ, էն, որ հեղափոխությունից հետո ժողովուրդը շատ-շատերին ինքնադատաստանի չի ենթարկել, դա ընդամենը էն բանի շնորհիվ, որ Հայաստանի էսօրվա կառավարությունը և հեղափոխական հարթակը հստակ դրել է կանոններ, որ մենք պետք է գործենք օրինականության, սիրո և հանդուրժողականության տրամաբանության մեջ»։
Թե չէ` Ջիվանին ու «թավշյա, ոչ բռնի հեղաշրջման» պահապան գրված մյուս «շնաբարո դուրսպրծուկներին» որ մնար`պատկերացնո՞ւմ եք, քանի-քանի հոգու գլուխ «ցխած», երկրից «լարած» կլինեին. Հրայր Թովմասյանից ու ընդդիմադիր կայք պահող, ընդդիմադիրներին եթեր տրամադրող իր քրոջից` Անժելա Թովմասյանից սկսած, վերջացրած Ռոբերտ Քոչարյանով ու Մարտի 1-ին իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու համար դատվող մնացած բարձրաստիճան նախկիններով։ Եվ էդ մարդիկ, փոխանակ շնորհակալություն հայտնեն իրենց նկատմամբ ցուցաբերվող անանձնական սիրո և հանդուրժողականության, մեծահոգի, հոգածու վերաբերմունքի համար, մի բան էլ` բողոքում են, մեղադրում ատելության քարոզ անելու, անհանդուրժողականության, թշնամանք հրահրելու մեջ.

«Էսօր իրականում ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում ա իշխանության նկատմամբ (խե՜ղճ իշխանություն): Դուք Հայաստանում հիշում եք դեպք, որ ՀՀ-ում առնվազն 5 ընդդիմադիր հեռուստաընկերություն է գոյություն ունեցե՞լ: Ամենաատելի օլիգարխը, երբ որ դուրս է գալիս և սպառնում է, որ ոտերս մաքրելու եմ, այո՛, արդարադատությունն էդ մարդկանց վրա, փոխաբերական իմաստով այդ մարդկանց վրա օրենքով սահմանված կարգով իր ոտերը մաքրելու է: Եվ սա` հանուն էդ մարդկանց անվտանգության։ Եվ երկրում հանուն հանդուրժողականության մթնոլորտի։ Որովհետև, եթե սա տեղի չունենա` ժողովուրդը բառիս ֆիզիկական իմաստով այդ մարդկանց վրա իր ոտքերը կմաքրի: Բայց մենք դա թույլ չենք տա»:

Ինչ վերաբերում է իր «ոչ կոնվենցիոնալ» բառապաշարին, ամեն ինչ պարզից պարզ է. «Կան մարդիկ, սուբստանցիաներ, որ ուղղակի ուրիշ լեզու չեն հասկանում։ Այդ մարդկանց ես խորհուրդ եմ տալիս, որ սկսեն սովորել ջութակ նվագել, որպեսզի ավելի քաղաքակիրթ բառապաշար սկսեն հասկանալ։ Հասկացողը հասկացավ, թե ինչ եմ ասում»։

Երևի ջութակ պարապելով է հայրենի քաղաքական լեքսիկոնը հարստացրել այն թևավոր արտահայտություններով, որ դարձել են մեր «քաղաքական» բանավեճի անբաժանելի մասը` փռել (պառկըցնել) ասֆալտին, պատերով տալ, վիզը ոլորել` ծեփել բորդյուրին, կտրել թաթիկները (տոտիկները), քերել եղունգները` ընդհուպ պինցետով, և այդպես շարունակ։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը