Աշխարհ

09.03.2011 13:57


Թուրքիայում հայ լրագրողը դատապարտվել է 3 տարի 4 ամիս ազատազրկման

Թուրքիայում հայ լրագրողը դատապարտվել է 3 տարի 4 ամիս ազատազրկման

Լրագրող և լեզվաբան Սևան Նշանյանը Սելջուկի քրեական դատարանում «ապօրինի շինարարության» մեղադրանքով քննվող երկու առանձին դատական գործով դատապարտվել է ընդհանուր 3 տարի 4 ամիս ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «akunq.net» կայքը՝ հղում անելով «Անադոլու» թուրքական պարբերականին։

Նշանյանի դատական որոշման մեջ նշվում է, թե 3 տարի 4 ամսով ազատազրկման պատիժը լրագրողի նկատմամբ սահմանվել է Իլյասթեփե ագարակի հողատարածքում խճաքարով առանց թույլտվության կառուցված երկսենյականոց իր սեփական տան և դարձյալ նույն հողատարածքում գտնվող «Մարտահրավեր նետող աշտարակի» համար:

Դատաքննությամբ Նշանյանի համար սահմանվել է նաև 160 լիրա գումարի չափով տուգանք, ինչպես նաև արգելվել է հասարակական գործունեություն ծավալել։ Նա զրկվել է ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև մյուս քաղաքական իրավունքներից։ Նրան արգելվել է նաև ղեկավարել որևէ հիմնադրամ, արհմիություն, կազմակերպություն, ընկերություն, կոոպերատիվ ու քաղաքական կուսակցություն։ Նա չի կարող որևէ հասարակական կազմակերպության կամ մասնագիտական հաստատության ենթակայությամբ  զբաղվել մասնագիտական գործունեությամբ։

Նշանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, դատավճռի կապակցությամբ ասել է. «Ի՞նչ անեն, զվարճանում են էրեխեքը»։ Ապա հայտնել է, թե «ի սրտե ներում է» որոշումը կայացրած դատավորին:

Նշանյանը երկու շաբաթ առաջ էլ Սելջուկի հաշտարար դատարանի կողմից դատապարվել էր 10 ամիս ազատազրկման` Շիրինջե գյուղի Քայսեր ժայռ կոչվող վայրում ժայռից տաշած տապանաքարի համար։

Այս խորագրի վերջին նյութերը