Աշխարհ

19.02.2020 21:30


Էրդողան. «Իդլիբի օպերացիան այլևս վայրկյանի հարց է»

Էրդողան. «Իդլիբի օպերացիան այլևս վայրկյանի հարց է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին անդրադարձել է թուրք-սիրիական լարված հարաբերություններին:

Էրդողանը զգուշացրել է, որ եթե սիրիական հարցում ներգրավված երկրները չփարատեն Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները, ապա Թուրքիան ստիպված է լինելու քայլեր ձեռնարկել: Ըստ Էրդողանի՝ իրենք վերջին անգամ են զգուշացնում, որ Սիրիայի կառավարական ուժերը դադարեցնեն գործողությունները Իդլիբում և զորքերը հետ քաշեն` հավատարիմ մնալով Սոչիի համաձայնագրին:

Էրդողանը նկատել է, որ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի հետ ունեցած բանակցություններում ցայսօր որևէ արդյունքի չեն հասել:

«Իդլիբի հարցում Թուրքիան ամեն կերպ պատրաստվել է իր գործողության ծրագրերն իրականացնելու համար: Ինչպես ցանկացած օպերացիայի ժամանակ է լինում, այս հարցում նույնպես ասում ենք, որ «մի գիշեր անսպասելի կարող ենք գալ»: Պարզ ասած` Իդլիբի օպերացիան այլևս վայրկյանի հարց է»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նաև շեշտել է Թուրքիայի վճռականությունը` Իդլիբն անվտանգային գոտու վերածելու առնչությամբ: Եվ համոզմունք է հայտնել, Թուրքիան Իդլիբը չի թողնի Սիրիայի կառավարական ուժերի և նրանց աջակիցների ձեռքում:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը