Քաղաքական

19.02.2020 16:04


«Аргументы и факты»-ն շնորհակալություն է հայտնում Փաշինյանին և Ալիևին թերթը գովազդելու համար

«Аргументы и факты»-ն շնորհակալություն է հայտնում Փաշինյանին և Ալիևին թերթը գովազդելու համար

Հանգստյան օրերին Մյունխենում անվտանգության միջազգային ամենամյա համաժողովում տեղի է ունեցել հասարակական քննարկում՝ Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև, գրում է «Аргументы и факты» (АИФ) թերթը:

Թերթը նշում է, որ երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես հայտնի է, ծայրահեղ լարված են, եթե ոչ թշնամական: Պատճառը Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճն է: Մյունխենում ինչպես Ալիևը, այնպես էլ Փաշինյանը փորձել են միմյանց և հանդիսատեսին համոզել, որ Ղարաբաղում միայն իր երկիրն ունի օրինական իրավունքներ: Երկուսն էլ դիմել են պատմությանը:

«Եվ վեճի ընթացքում անսպասելիորեն հղում է կատարվել մեր շաբաթաթերթի հրապարակմանը: «1990-ականների կեսերին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հարցազրույց է տվել ռուսական«Аргументы и факты» թերթին, որում նա ասել է, որ Խոջալիում տեղի ունեցած սադրանքները կազմակերպվել են ադրբեջանական ընդդիմության կողմից՝ նրան իշխանությունից հեռացնելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Մի քանի րոպե անց նա կրկին հիշեցրել է ընդդիմախոսին այս պատմության մասին.

«Անձամբ ես «Аргументы и факты» թերթում կարդացել եմ Ադրբեջանի նախկին նախագահի հետ հարցազրույցը: Կարծում եմ`ինտերնետում հեշտ է այն գտնել»:

Երբ խոսքի իրավունք է ստացել Իլհամ Ալիևը, նա անտարբեր չի մնացել ՀՀ վարչապետի այս փաստարկներին: «Ես չգիտեմ, թե ինչ է գրվել «АИФ»-ում»,-սկսել է նա, - «АИФ»-ն անկախ թերթ է, որում աշխատում են շատ հայեր: Եվ մենք Ադրբեջանում գիտենք, թե քանի հայ է գլխավորում ռուսական հիմնական թերթերը, նրանք գրում են իրենց ուզածը»:

Երկու հարգարժան քաղաքական գործիչների միջև վեճի մանրամասների մեջ չմտնելով, մենք նշում ենք միայն, որ Ալիևի խոսքերը «АИФ»-ում շատ հայերի» (և նույնիսկ ավելին՝ հրատարակության ղեկավարության մեջ), մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Եվ սա վերաբերում է ինչպես ներկայիս խմբագրակազմին, այնպես էլ լրագրողներին, ովքեր աշխատել են 90-ականներին: Զավեշտալին այն է, որ ՀՀ վարչապետը նույնպես սխալվեց: Մութալիբովի հարցազրույցը հրապարակվել է ոչ թե «АИФ»-ում, այլ 1992-ին «Независимая газета»-ում: Եվ 1995-ին «АИФ»-ին տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքական գործիչը նման բան Խոջալուի կոտորածի մասին չի ասել:

Բայց մենք երախտագիտություն ենք հայտնում պարոնայք Ալիևին և Փաշինյանին միջազգային ասպարեզում մեր թերթը գովազդելու համար»,-գրում է«АИФ» թերթը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը