Տնտեսական

19.02.2020 15:45


Նպատակ ունենք այս տարվանից ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման համակարգ. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Նպատակ ունենք այս տարվանից ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման համակարգ. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Հաշվեքննիչ պալատի հետ համատեղ աշխատանքի հնարավորություն ենք ունեցել և այդ համատեղ աշխատանքի շրջանակում մեր մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Մի մասն ընդունվել են, որոնք որ մեր գործընկերների կարծիքով լրացուցիչ քննարկման առարկա են հանդիսանում: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ որոշակի անհամաձայնություններ Հաշվեքննիչ պալատի հետ եղել են, որոնք հիմնականում վիճակագրական բնույթի էին:

«2018 թվականի հունվարի 1-ից օրենսգրքի 53, 54 հոդվածով հարկ վճարողները հնարավորություն ունեն ստուգման ընթացքում ներկայացնել ճշտված հաշվարկներ: Որպեսզի իմանանք դա ինչ է և ինչպիսի ցուցանիշի մասին է խոսքը, մեր գործընկերները ներկայացրեցին 2 ստուգման ծրագրից որոշակի քաղվածքներ:

2018 թվականի ընթացքում մենք իրականացրել ենք 1166 համալիր հարկային ստուգում, 30 միլիարդ արձանագրվել է բյուջե վճարման ենթակա հարկ, ստուգման ընթացքում 5.9 միլիարդ դրամի ճշտված հաշվարկ է ներկայացվել: 2019 թվականին կատարել ենք ավելի քիչ՝ 1020 ստուգում, ակտերի ընդհանուր գումարը կազմել է 62 միլիարդ դրամ: Ուզում եմ մի շատ կարևոր բան իրար հետ ֆիքսենք`«հարկային վարչարարություն» կոչվածը միայն ստուգում չէ, դա ենթադրում է նաև հարկ վճարողի սպասարկում, իրազեկում»,- ասաց պաշտոնյան։

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ՊԵԿ նախագահն ասաց նաև, որ նպատակ կա այս տարվանից ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման համակարգ:

«Ասեմ ավելին, շատ ավելի վաղ էինք ուզում ներդնել, ժամկետներ չեմ ուզի ասել, բայց գիտեք՝ ես դրա դրոշակակիրներից մեկն եմ, ինչքան շուտ, այնքան լավ, որովհետև կարծում եմ՝ մեր հարկաբյուջետային քաղաքականության ապագան ընդհանրապես և հարկման քաղաքականության ապագան ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման մեջ է»,- ասաց նա:

Ըստ Անանյանի՝ դա մեծ հնարավորություններ է տալու մնացած հարկերի հետ կապված հաշվեկշռային քաղաքականություն վարել: «Երեկվա քննարկմանը կառավարությունում ֆինանսների նախարարությունը բերել էր մի հայեցակարգային փաստաթուղթ, որտեղ հիմնական հարկային քաղաքականության հետ կապված 7 շեշտադրում կար կամ 7 հայեցակարգային նշանակետեր, որոնցից մեկի շրջանակներում համատարած հայտարարագրումը կար, որ մենք պետք է անպայման անենք: Շատ կարևոր շեշտադրումներ կան արտոնությունների հասցեականության ու կրճատման հետ կապված մեր դիրքորոշումը ձևավորելու, գույքահարկի ռեֆորմի հետ կապված և այլն: Այսինքն՝ այն, ինչ մենք իրար հետ քննարկել ենք, այնպիսի թեմաներ, որոնք արժանի են քննարկման, բոլորը խտացված են այդ 7 ենթանպատակների մեջ»,- ասաց Անանյանը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը