Լրահոս

19.02.2020 13:25


Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը ճանաչվել է մեղսունակ

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը ճանաչվել է մեղսունակ

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Հ. Գալստյանը ճանաչվել է մեղսունակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գալստյանի պաշտպանությունը ստանձնող հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը։

«Փորձագետները եզրակացրել են, որ Հրաչ Գալստյանին պետք է մեղսունակ ճանաչել»,-նշեց պաշտպանը։

Հարությունյանի խոսքով՝ Հ. Գալստյանի կալանավորման ժամկետը երկարացվել է երկու ամսով, սակայն պաշտպանը չունի տեղեկություն՝ արդյոք վերջինս տեղափոխվե՞լ է քրեակատարողական հիմնարկ, թե ոչ։ Փաստաբանը նշեց, որ մեղադրյալը պնդում է իր դիրքորոշումը առ այն, որ ոստիկանին սպանելու դիտավորություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի լույս 16-ի գիշերը իր ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը։ Նախնական քննության տվյալներով՝ ժամը 04:30-ի սահմաններում, պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են, որի ժամանակ նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել, որի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թվականին։

Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել էր դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն և 2019թ. նոյեմբեր ամսին պատանին տեղափոխվել է հոգեբուժական կենտրոն։

Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախքան սպանությունը եղբայրները գողություն էին կատարել գեղեցկության սրահից։ Ավելին՝ պարզվում է, որ ցերեկը տղաները, մասնավորապես կրտսեր եղբայրը զբաղվել է մուրացկանությամբ, իսկ գիշերներն էլ ավագ եղբոր հետ գողությամբ։

Ընդ որում՝ կրտսերը՝ Հրաչը, տանը՝ մոր կողմից ենթարկվել է բռնության, ունի մտավոր թերզարգացվածության խնդիր։ Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ տղան նախկինում ոստիկանության եւ սոցիալական ծառայության աշխատակիցները, համապատասխան եզրակացության հիման վրա, տեղավորվել էր հոգեբուժական հաստատությունում, որտեղից դիմել էր փախուստի։

Այս խորագրի վերջին նյութերը