Կարծիք

19.02.2020 09:46


Մոլախաղերի լռությունը որպես ծառայություն

Մոլախաղերի լռությունը որպես ծառայություն

Անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշների մեջ ամենամեծ աճ արձանագրած ոլորտը ծառայություններն են: Այն տնտեսության միակ ոլորտն է, որ երկնիշ աճ է արձանագրել: Ճիշտ է 2018թ․-ի 18.8 տոկոսի համեմատ կրճատվել է, բայց միևնույն է ամենաբարձրն է ու միակ երկնիշը` 15 տոկոս: Արդյունաբերության 9, շինարարության 4.6, առևտրի 8.9 տոկոս աճի ու գյուղատնտեսության 3.8 տոկոս կրճատման ֆոնին իսկապես բարձր է: Հետևաբար հետաքրքիր է մանրամասնել, թե ինչ է ներառում իր մեջ այդ «ծառայություններ» ասածը: Ի վերջո այն մեր տնտեսության մեջ պատկառելի մասնաբաժին ունի` 2 066 372.8 մլն դրամ է: Կամ մոտ 4 306 մլն դոլար։

Ծառայությունների ոլորտը հաշվառվում է 11 ենթաբաժիններով: Դրանք տարբեր կշիռ ունեն բուն ոլորտում: Առաջինը «Կացություն և հանրային սնունդի» ծառայություններն են և կազմում են ընդհանուր ծառայությունների ոլորտի 9.4 տոկոսը (ասենք, որ հիմնական բաժինը` ընդհանուրի 7.4 տոկոսը, հանրային սննդինն է): 2019-ի զարգացման տեմպը 26.1 տոկոս է՝ 2018-ի 22.3 տոկոսի նկատմամբ: Երկրորդ մասնաբաժինը հետաքրքիր անուն ունի` «Մշակույթ, վիճակախաղեր և հանգիստ»: Այն կազմում է ծառայությունների ոլորտի 23.7 տոկոսը (մասնաբաժինը 2018թ․ համեմատ աճել է` 2018-ին 22.2 տոկոս էր): Մշակույթ անվան տակ բավական մեծաքանակ գործառույթներ են միավորված` «ստեղծագործական, արվեստի և հանդիսավոր ներկայացումների, գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն»: Բայց այս պատկառելի ցանկին բաժին է ընկնում ծառայությունների ոլորտի ընդամենը 0.3 տոկոսը: Հետևաբար հասկանալի է, որ հիմնական հատվածը վիճակախաղերն են: Պաշտոնական վիճակագրությունը այն անվանում է «Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում»: Ու այս վիրտուալ ու ոչ վիրտուալ մոլախաղերը ծառայությունների ոլորտում 23 տոկոս կշիռ ունեն (2018-ի 21.6 տոկոսի փոխարեն): Դրամով արտահայտած՝ խոսքը 391 321.7 մլն դրամի մասին է: ԱՄՆ դոլարով՝ մոտ 817 մլն դոլարի։ Նախորդ տարվա համեմատ այս թիվն աճել է 17 տոկոսով:

Փոխարենը նվազել է երրորդ` կրթության ոլորտի մասնաբաժինը․ 2018-ի 3.1 տոկոսի փոխարեն անցած տարի ծառայությունների ոլորտում կրթության բաժինը 2.8 տոկոս էր: 4-րդ` առողջապահության ոլորտի մասնաբաժինը 2018-ի համեմատ մնացել է նույն` 4.2 տոկոս: Ծառայությունների ոլորտի 3.1 տոկոսը բաժին է ընկնում անշարժ գույքի վարձակալության հանձնելուն: Մյուս` 6-րդ խումբը «Տեղեկատվությունն ու կապն» է, նկատելի` 13.2 տոկոս մասնաբաժնով (2018-ին` 13.9): Հատուկ կարելի է առանձնացնել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաներին բաժին է ընկնում ընդհանուրի 5.5 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ աճը 0.6 տոկոս: 7-րդ` տրանսպորտի ոլորտում մատուցած ծառայությունների մասնաբաժինը 11.7 տոկոս է: Նվազել է նախորդ տարվա 12.6-ի համեմատ:

Ծառայությունների մյուս` 8-րդ ոլորտը ևս պատասխանատու ոլորտ է` «Վարչական և օժանդակ գործունեություն»՝ 4.7 տոկոս տեսակարար կշռով (2018-ին 5.1 էր): Հետաքրքիր է, այստեղ հաշվառվում են մեր պաշտոնական հպարտության` զբոսաշրջության ոլորտի թվերը: Հպարտությունը հպարտություն, բայց զբոսաշրջության տեսակարար կշիռը 0.1 տոկոսով նվազել է: Մի փոքր աճել է 9-րդ` «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության» ոլորտի տեսակարար կշիռը (4.7 տոկոս 4.5-ի փոխարեն): Հաջորդ 10-րդ ոլորտը պատկառելի է իր ծավալով: «Ֆինանսական և ապահովագրական գործունեություն» տողը ներկայացնում է գործող բանկերի և ապահովագրական ընկերությունների «կշիռը» մեր տնտեսության ընդհանրապես ու ծառայությունների ոլորտի մեջ մասնավորապես: Ոլորտի տեսակարար կշիռը 2019-ին աճել է` 21.4 տոկոս (2018-ին` 20.8): Տնտեսական վիճակագրության բոլոր ցանկերը, բնականաբար, ավարտվում են «այլ» գործառույթներ անունով: Այս պարագային 11-րդ` «Այլ ծառայություններ» տող-ենթաբաժնի կշիռը 1.6 տոկոս է:

Իսկ հիմա համեմատություն-ընդհանրացումներ: Ծառայությունների ոլորտում ամենամեծ բաժինն ունի գործունեության այն տեսակը, որը կրում է «Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում» անունը: Անհավատալի է, բայց այս ոլորտի տեսակարար կշիռ-մասնաբաժինը ծառայությունների ընդհանուր ոլորտում կազմում է 23 տոկոս: Կազմում է և գերազանցում բանկերի գործունեությանը (որն ընդհանուրի 13.5 տոկոսն է՝ այսինքն մոտ 1․7 անգամ պակաս): Գերազանցում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեությանը (ընդհանուրի 5.5 տոկոս և 4․1 անգամ պակաս վիճակախաղերից)։ Գերազանցում է հիվանդանոցների գործունեությանը (ընդհանուրի 2.7 տոկոս): Ֆիզիկական ծավալով ծառայություն հաշվառվող բոլոր ոլորտներին գերազանցելուց զատ 2019թ․ ունեցել է 25.3 տոկոս աճ՝ 2018-ի համեմատ: Իսկ եթե հաշվի առնենք, որ 2018-ին այս ոլորտը ֆուտբոլի աշխարհի գավաթի պատվին 45.5 տոկոսանոց աճ է արձանագրել, ապա կարող ենք լռել: Լռել տնտեսության իրական հատվածի, տնտեսության իրական զարգացման ու շատ այլ բաների մասին: Դժվար է խոսել այն մասին, որ վիճակախաղ-մոլեխաղ-բուքմեյքերները անցած տարի 7 (յոթ) անգամ ավելի ծառայություն են մատուցել, քան հանրապետության բոլոր հիվանդանոցները միասին։ Բոլորը՝ միասին։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը