Մեկնաբանություն

19.02.2020 09:35


Ի՞նչն է միավորում «Այո»-ի քարոզիչներին

Ի՞նչն է միավորում «Այո»-ի քարոզիչներին

Ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեին «ո՛չ» ասելը սոսկ պետության իրավական անվտանգության, մոտ երկու տարի Հայաստանը մեթոդաբար և հետևողականորեն ջլատող քաղաքական դիմակայությունը, պետական մակարդակով հասարակությունը սև-սպիտակի բաժանելու, ինքնաոչնչացման «քաղաքականությունը» մերժելու, առավել ևս` ՍԴ յոթ դատավորների հանդեպ իրականացվող պետական տեռորը կասեցնելու խնդիր չէ մեր մոլորյալ հասարակության համար։

Բավական է ևս մեկ անգամ աչքի անցկացնել «Այո»-ին զինվորագրված ժամկետանց «ուժերի» կազմը՝ հասկանալու համար, որ քայլարածների «խոհանոցում» հաշված օրերի ընթացքում թխված անվերծանելի այս բոլոլան` «սահմանադրական հանրաքվե» անունով, շատ ավելի հեռահար նպատակներ է հետապնդում, քան Նիկոլի միահեծան իշխանությունը լիակատար և վերջնական դարձնելը`դատական համակարգն ամբողջությամբ բուռը հավաքելը և երկրում դե ֆակտո միապետություն հաստատելը։

Մյունխենից հետո միայն կույրը կարող է չտեսնել, որ Արցախի հարցում «ճեղքում» արձանագրելու հարցը, որի մասին խոսեց Փաշինյանը (թե բա`նախ, պետք է մի շարք միկրո և մինի հեղափոխություներ անել, հետո մտածել ճեղքման մասին) կտրուկ է դրված, իսկ Հայաստանի վարչահրամայապետը ոչ կարող է, ոչ էլ ուզում է հակադարձել ահագնացող մարտահրավերներին։ Մի քանի «մինի հեղափոխություն» արդեն արել է` վերելակային բանավոր համաձայնությամբ ջրել է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, «վնասազերծել», մեկուսացրել և վարկաբեկել Արցախյան ազատամարտի նվիրյալներին, պառակտման ցեցը մտցրել Արցախ, ներդրել Զինված ուժերում և «մանրից» կազմաքանդում է Բանակը`խփելով ուղիղ մեր անվտանգության հենասյուներին։

Միջնորդները թույլ օղակը գտել են` ի դեմս «թավշյա» վարչախմբի, և պարտադրում են «ցավոտ» զիջումների գնալ Արցախի հարցում հանուն «ոչնչի». «ղազագիր» ստորագրել`ամեն ինչ տալ ու դիմացը չստանալ ոչինչ, բացի Ադրբեջանի կազմում «ինքնորոշվելու»` Արցախը ժամանակի իքս պահին իգրեկ կարգավիճակով ադրբեջանական ենթակայության տակ դնելու խոստումներից։

Ադրբեջանական կողմն այս էլ քանի անգամ`Ժնևի բանակցություններից առաջ և հետո, Մյունխենյան «խորաթայի» շրջանակում ու դրանից դուրս, ի լուր աշխարհի հայտարարում է հարցի փուլային կարգավորման մասին, և որևէ առարկության չի հանդիպում։ Ոչ միայն Փաշինյանի ու իր արտգործնախարարի կողմից, որ պարզապես խուլուհամր են ձևանում, այլև Մինսկի խմբի համանախագահներից, որոնք ապրիլյան «թավշյա, ոչ բռնի հեղաշրջումից» առաջ նման դեպքերում, որպես կանոն, նրբանկատորեն սաստում էին Ադրբեջանի ղեկավարությանը և հստակ արձանագրում, որ Մադրիդյան փաստաթուղթը խնդրի փաթեթային լուծում է ենթադրում. չի կարելի փաթեթից առանձնացնել սեփական քիմքին հաճո մի քանի տարր կամ սկզբունք, և աչք փակել մյուսների վրա։ Այսօր, ավաղ, այդ մասին ոչ մեկը չի հիշում ու չի խոսում։

«Այո»-ի շտաբում գլուխ-գլխի տված`Փաշինյանի սայլին լծված ուժերին, բացի համատեղ անցյալից ու քաղաքական ճղճիմ հաշվարկներից, միավորում է Արցախի կարգավորման «միասնական տեսլականը»։ ՀՀՇ-ՀԱԿ-ի դիրքորոշումը հայտնի է ոչ միայն 1997-98 թվականներից, երբ Տեր-Պետրոսյանն առաջ քաշեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» կեղծ երկընտրանքը, այլև 2017թ. խորհրդարանական ընտրություններից, երբ 20 տարվա հեռվից վերստին պարզեց անարժանապատիվ «արժանապատիվ խաղաղության», կեղծ պացիֆիզմի կարգախոսը։

«Հանրապետություն» կուսակցության «առաջնորդ» Արամ Սարգսյանի մոտեցումը Արցախի հարցում նույնպես գաղտնիք չէ. նա դեռ 2000-ականների սկզբներին խաչ քաշեց Վազգեն Սարգսյանի քաղաքական կապիտալի վրա`ներկայացնելով իր հեղինակավոր կարծիքը («Կեսարինը` կեսարին, Աստծունը` Աստծուն», «մեր և թուրքերի (ադրբեջանցիների) խոհանոցները շատ նման են», «նրանք էլ են տոլմա սիրում», «եկեք համերաշխ ապրենք» և այլն)։ Դե, իսկ ՀԺԿ-ն՝ ի դեմս Ստեփան Դեմիրճյանի, երբեք սեփական տեսակետ չի ունեցել այդ հարցում, բացի ոչինչ չասող ընդհանուր խոսքերից`ոչինչ չի ասել, և երբեք չի հակադրվել Տեր-Պետրոսյանի «սկզբունքային» տեսակետներին։ Այսինքն` նույն գծի մեջ է։ Ի դեպ, ՀԺԿ–ն էլ է «այո» ասում նիկոլական փոփոխություններին։

Հակասահմանադրական հանրաքվեի շուրջ ձևավորված «թրքաբոլշևիկյան ուժերի» դաշինքն, ըստ այդմ`զուտ պահի խնդիր չի լուծում, այլ միտված է ապագային։ Իսկ թե ինչ կլինի ապագայում, կախված է հակառակ ճամբարում գտնվող ուժերից ու մեր հանրության գիտակից հատվածից։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը