Մեկնաբանություն

17.02.2020 13:23


Փաշինյանի մյունխենյան ձախողումը. «Աքելլան» վրիպեց

Փաշինյանի մյունխենյան ձախողումը. «Աքելլան» վրիպեց

Մյունխենում տեղի ունեցածը խայտառակություն էր։ Նիկոլ Փաշինյանը, ցավոք սրտի, վրիպեց։ Վրիպեց երկու անգամ։ Երբ համաձայնեց մասնակցել նման շոուի և երբ շոուի ժամանակ չկարողացավ տեղը դնել հարևան սուլթանիկին։

Ալիևը գավառական ու ծանծաղամիտ գործիչ է և քաղաքական քոթակի ենթարկելու համար պարզապես գտածո։ Փաշինյանը, սակայն, հաջողացրեց խայտառակվել շոուի ժամանակ։

Հերթական անգամ ապացուցվեց, որ Նիկոլն իր տեղում չէ և պետության ղեկավարի գլխարկը չափազանց ծանր է իր համար։

Վտանգավորն այն չէ, որ Հայաստանը էժանագին շոուի մասնակից էր դարձել։ Այդ շոուից ողբերգություն պետք չէ սարքել։

Վտանգավորն այն է, որ Փաշինյանը Ղարաբաղի խնդրին չի տիրապետում, բանակցային գործընթացից չի հասկանում։

Իսկ ամենավտանգավորն այն է, որ Փաշինյանը ցանկություն և կուլտուրա չունի Ղարաբաղի խնդրին տիրապետելու, այդ հարցով ինստիտուցիոնալ հիշողության կրող սուբյեկտների հետ խորհրդակցելու և հայկական դիրքերն ամրապնդելու համար։

Փաշինյանի բանաձևը՝ «Հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին», արդեն անմեղսունակություն է Ալիևի ռազմատենչ ու անզիջող ֆոնին։

Եթե Փաշինյանն այդ բանաձևն առաջ է քաշել հեղափոխական (ավելի ճիշտ՝ միկրո–հեղափոխական) երևալու համար, ապա դա քմծիծաղ է առաջացնում։ Իսկ եթե այդ բանաձևը շրջանառության մեջ է դրվում պատասխանատվությունից խուսափելու և բանակցությունների ժամանակ ասելիքի բացակայությունը լրացնելու համար, ապա դա արդեն ծիծաղելի չէ։ Դա ողբերգություն է։

Դե իսկ Տիգրան Մեծին տղա բերելը հայկական միջին վիճակագրական քյառթերին ու գեղցիներին ներհատուկ վարքագիծ է։ Այդ առումով Նիկոլը ներկայացնում է մեր ժողովրդի այն հատվածին, որոնք տեղի–անտեղի տալիս են Տիգրան Մեծի անունը բաժակաճառերի, կենցաղային զրույցների կամ այլ դեպքերի ժամանակ որոշակի կոմպլեքսներ հաղթահարելու և հայրենասեր երևալու համար։

Մյունխենյան խայտառակության ամենավատ կողմն այն էր, որ Ալիևը կողմ արտահայտվեց Լևոն Տեր–Պետրոսյանի դավանած տխրահռչակ փուլային տարբերակին, իսկ Փաշինյանը լուռ էր։ Լռությունը համաձայնության նշան է, թե ոչ, կերևա առաջիկայում։ Հիշեցնենք, որ հակամարտության լուծման փուլային տարբերակը, փաստացի, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու ալգորիթմ է։

Նիկոլը Մյունխենում խաղաղություն էր մուրում Ալիևի, Մամեդյարովի ու Պորոշենկոյի ժպիտով հայացքների ներքո, ինչը շատ ծանր տպավորություն թողեց։

Ռազմի դաշտում հաղթանակ տարած ժողովրդի առաջնորդի պես չէր պահում իրեն Նիկոլը, այլ՝ խեղճ ու մոլոր մի չինովնիկի։ Խաղաղություն մուրացել են ադրբեջանցիները և՛ 1994–ին, և՛ 2016–ին։ Ու պետք չէ նրանցից խաղաղություն մուրալ։

Ի դեպ, Մյունխենում «ա լյա Նիկոլ» խաղաղություն մուրացել է մեկ այլ երկրի վարչապետ։ Նրա ազգանունը Չեմբեռլեն էր։ Անունը՝ Նևիլ։ Նա Մեծ Բրիտանիայի վարչապետն էր։

Չեմբեռլենը Մյունխենում Հիտլերից խաղաղություն էր մուրում, բայց ստացավ պատերազմ։ Հետագայում Չեմբեռլենին վարչապետի պաշտոնում փոխարինած Չերչիլն այդ պատմությանը տվել է հետևյալ ձևակերպումը՝ մենք ուզում էինք խաղաղություն մեր արժանապատվության գնով, բայց ստացանք և՛ արժանապատվության ոտնահարում, և՛ պատերազմ։

Մյունխենը պետք է դաս լինի Նիկոլի համար։ Նաև հայ ժողովրդի համար պետք է այն դաս լինի, որ չի կարելի նման ղեկավար ունենալ։ Առավելևս՝ կուրորեն երկրպագել նրան։

Պետության ղեկավարի դերն անհամատեղելի է Նիկոլի հոգեբանական, մասնագիտական, կառավարչական ու այլ որակների հետ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը