Կարծիք

16.02.2020 12:31


Փաշինյան-Ալիև հանդիպումը թալանվածության զգացում է առաջացնում

Փաշինյան-Ալիև հանդիպումը թալանվածության զգացում է առաջացնում

Ի՞նչ է է ազգությունը, ազգային հավաքականություն՝ հիմնաված ընդհանուր պատմության ու պատմական հիշողության վրա։ Ազգի պատմությունը թալանելու նպատակը նրա երկրին տիրանալն է։

Ադրբեջանցի և թուրք գիտնականները հայոց պատմությունը մշտապես կեղծում են, որ վրան իրենց «պատմությունը» հորինեն և արդարացնեն հայերի բնաջնջումը ու Պատմական Հայաստանի նվաճումը, ապա հիմնավորեն ագրեսիվ ախորժակը Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ։

Հայ և նաև այլ ազգի գիտնականնները մշտապես պայքարում են այդ կեղծիքների դեմ՝ պատասխան գրքերով և հոդվածներով, նաև քաղաքական հարթակներում է կռիվ գնում, որի վկայությունն է Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրների կողմից։ Մի խոսքով կռիվ է գնում պաշտպանելու անարդարությունից ճշմարտությունը, ինքնությունդ ու պատմությունդ։

Բայց ճնշող է, անպաշտպանության զգացողությունն է պատում, երբ միջազգային հարթակում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանավեճում պատմությունը կեղծում է Ադրբեջանի ղեկավարը՝ իրենց կեղծարարներից հղումներ անելով, Արցախն ու Երևանը, այսինքն ամբողջ Հայաստանը հռչակում ադրբեջանական, հայերին մեղադրում ոճիրներ գործելու մեջ, իսկ նրա դիմաց նստած Հայաստանի ղեկավարը, ով կոչված է անարդարության դեմ ճակատը պահելու, չի կարողանում հերքել կեղծիքները, ողորմելի վիճակում է հայտնվում՝ խնդրելով միայն չհարձակվել։ Միջազգային հանրության աչքում Ալիևը Փաշինյանի ներկայությամբ Հայաստանը Ադրբեջանի վերածեց, առանց դիմադրության գողացավ պատմությունդ՝ Երևանը, Արցախը, ընդհանրապես հայրենիքդ, ողբերգություններդ՝ 100-ամյակով ձգվող հայոց ցեղասպանությունների իրողությունը։ Զգում ես էն մարդու պես, ում տունը եկել թալանել են, քանի որ պահակը աչք է փակել գողերի վրա կամ նրա, ում տունը ձեռից առել են, քանի որ ոստիկանը չի առարկել։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը