Կարծիք

15.02.2020 16:52


ՀՀ վարչապետին իմ 3-րդ նամակը

ՀՀ վարչապետին իմ 3-րդ նամակը

Հարգելի պարոն վարչապետ,

Իմ այս նամակները նմանվում են սերիալի, որի յուրաքանչյուն նոր էպիզոդից առաջ ներկայացվում է նախորդ սերիաներում տեղի ունեցածը։

Եվ այսպես, դուք անպատասխան թողեցիք իմ առաջին 2 նամակները, որոնցում բարձրացվում էին շատ հստակ հարցեր. Ինչո՞ւ չեն ապամոնտաժվում հեղափոխության խորհրդանիշ դարձած արագաչափերը և ի վերջո ո՞վ է ձեր համար ժողովուրդը։

Չնայած ձեր լռությանը, անցնեմ առաջ և դիմեմ ձեզ ևս մեկ հարցով։
"Հեղափոխությունից" հետո դուք հայտարարեցիք, որ այլևս չեն կարող տեղի ունենալ Արցախի շուրջ բանակցություններ, քանի դեռ Արցախը ներկայացված չէ այդ բանակցություններում։ Պետք է նախ ձեզ շնորհակալություն հայտնեմ այս գաղափարի համար։ Ինչ խոսք, սա բոլորիս ուզածն է։ Մի այլ հարց է, որ մենք չէինք պատկերացնում թե դա անելը այդքան հեշտ է։ Ոգևորված ձեր հայտարարությունից ես և բազմաթիվ այլ քաղաքացիներ շունչներս պահած սպասում էինք այս իրադարձությանը, որն անխոս մեծ նվաճում կլիներ բանակցություններում։ Նույնիսկ որոշել էի ամենուրեք ձեզ գովաբանեմ, հենց այդ խոստումը դառնար իրականություն։ Սակայն, ցավոք, անցած ժամանակաշրջանում մենք ականատեսն ենք դառնում լրիվ այլ իրականության, այն է այսպես կոչված Արցախի ադերբեջանական համայնքի ներկայացուցչի կարգավիճակի հետզհետե բարձրացմանը։ Որպես վերջինիս ամենացայտուն օրինակ կարելի է նշել ԵԱՀԿ Նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրչիկի հետ օրերս այդ ներկայացուցչի տեղի ունենած հանդիպումը, և նկարին կից կատարված գրառումը, որում նշվում է, որ պարոն Կասպերչիկը շնորհավորել է իրեն ադերբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածքի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Այս խայտառակ հայտարարությունից բացի մեր Արտաքին Գործերի Նախարարությունը բանակցային սեղան է բերել շատ շուտվանից մոռացված Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ հասկացողությունը, որը կարծես ոչ թե մեր շահերն է առաջ տանում, այլ Ադերբեջանի։

Հաշվի առնելով վերը նշվածը, հարցս հետևյալն է՝ ո՞ւմ եք դուք ի նկատի ունեցել, երբ ասում էիք որ Արցախը պետք է բանակցությունների մաս կազմի. Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված Նախագահի՞ն, թե՞ Արցախի ընտրյալ ներկայացուցիչներին։ Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ խնդրում եմ ձեզ նաև արտաբերել հետևյալ նախադասությունը.

Արցախի Հանրապետությունը երբեք և որևէ ձևաչափով չի լինելու Ադերբեջանի կազմում։ Սա, կարծում եմ, բավականին կամրապնդի ձեր բանակցային դիրքերը, չնայած արդեն թույլ տված բազմաթիվ սխալների։
Կսպասեմ ձեր պատասխանին։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը