Մեկնաբանություն

15.02.2020 13:30


Հասարակությանը ներարկվող չարությունը ոչ մի տեղ չի անհետանում

Հասարակությանը ներարկվող չարությունը ոչ մի տեղ չի անհետանում

Մարդիկ իրենց հիմնավոր մտահոգությունն ու արդարացի վրդովմունքն են արտահայտում բանակում, ոչ մարտական պայմաններում կորուստների դեպքերի վերաբերյալ: Մինչև արտահայտվում են, պարզվում է, մի ցավալի դեպք էլ է տեղի ունեցել: Այս տարվա ոչ լրիվ մեկուկես ամսվա ընթացքում արդեն 13-րդը: 13 զոհ: 13 ողբերգություն: 13 կորուստ: Ու ոչ մեկը մարտական գործողությունների հետ չկապված: 13 դժբախտացած ընտանիք, 13 որդեկորույս մայր...

Մարդու հոգին հիմնիվեր տակնուվրա անող դաժան իրականություն է:

Ցավ է, բայց ոչ մարտական պայմաններում կորուստներ, զոհեր եղել են բոլոր ժամանակներում: Ժամանակի ընթացքում, տարբեր քայլերի ու կտրուկ միջոցների արդյունքում հաջողվել է հասնել դեպքերի որոշակի նվազեցման: Բայց սա այն խնդիրն է, որի դեպքում անգամ այդ նվազեցումը գլուխ գովելու առարկա չէ, քանզի մեկ նման կորուստն էլ մեծ ցավ է, որը ոչ մի վիճակագրական ցուցանիշով չի չափվում: Մարդկանց ու ճակատագրերի, ընտանիքների մասին է խոսքն, ի վերջո:

Վերջերս, կարծեմ, վարչապետն էր բանակում նման դեպքերի վերաբերյալ թվային տվյալների հղում անում: Ու դրանից կարճ ժամանակ անց կյանքի դաժան իրողությունները ասվածի հակառակն են արտացոլում:

Ի՞նչ է կատարվում և ինչո՞ւ

Պատճառներն ու նման ծանր վիճակի հանգեցնող գործոններն իրականում շատ են, տարաբնույթ, երբեմն թվում է՝ ուղղակիորեն չփոխկապակցված: Բայց հետևանքները ակնհայտ են: Համենայն դեպս, իմ սուբյեկտիվ դիտարկումները մղում են հետևյալ, այսպես ասեմ՝ ենթադրություններին:

Խոշոր և ընդգրկուն նախապատճառներից մեկը մեր հասարակության ընդհանուր անքաղաքավարի, միջանձնային հարաբերությունների սաստիկ ցածր մակարդակն է, որ երբեմն ձգտում է բռիության: Դրանից ածանցյալ է հատկապես դեռահասների ու, ինչպես ասվում է՝ «աճող սերնդի» անդաստիարակ, անկիրթ վիճակը: Ու դա կապ չունի մեկ շնչին բաժին ընկնող ինտերնետիֆիկացված հեռախոսների քանակության հետ:

Սրանք մշտարդիական երևույթներ են: Ցավոք:

Մարդը, միգուցե ինչ-որ կրթություն ստանում է, բայց գործնականում ստացվում է, որ ոչ մեկի խնդիրը չէ նրա դաստիարակությունը: Ու դա առանձնապես ոչ մի հաստատության չի հետաքրքրել ու չի էլ հետաքրքրում: Սա՝ ընդհանուր առմամբ:

Ընդ որում, արդեն նկատելի է, որ եկել է զորակոչվելու հերթը այն 15-17 տարեկանների, որ երկու տարի առաջ իշխանափոխության ալեկոծումների ականատեսներն են, եթե ոչ՝ անմիջական մասնակիցները և՝ մեծ թվով: Նման վայրիվերումները չեն կարող ազդեցություն չգործել տվյալ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչների ընկալումների ու պատկերացումների վրա: Նրանք, օրինակ, կարող էին տեսնել և ընկալել, որ կարելի է թքած ունենալ գրված ու չգրված օրենքների վրա, որ կարելի է ուժի զոռով, «վրա տալով» ինչ-որ բանի հասնել:

Կոնկրետ վերջին ցավալի դեպքերը այլ բաներ էլ են հուշում: Ամենից առաջ, ակնհայտ է, որ բանակում, հատկապես՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքներում լուրջ թերացումներ կան: Կա կարգապահության մակարդակի անկում: Մինչդեռ կարգապահությունը ցանկացած բանակի հիմքերի հիմքն է: Ու այստեղ պետք է չուշանան բանակի ղեկավարության արագ ու կտրուկ քայլերը, որոնք որոշ չափով ուշացել են, բայց ամեն դեպքում՝ անհրաժեշտ են:

Պարզունակ պատկերացում և նաև ինքնախաբեություն է կարծել, թե խնդիրները «մայկա-տռուսիկի» հետ են կապված կամ սննդի հարց են: Խնդիրները, ցավոք, ավելի խորքային են, արագ հարուցվող ու դժվարությամբ, տևականորեն հաղթահարվող:

Մեկ այլ դիտարկում: Ատելությունը, չարությունը, ագրեսիվ անհանդուրժողականությունը, որ տիրապետող են դարձել մեր հասարակական կյանքում, չեն կարող իրենց զգացնել չտալ, չստանալ նման դրսևորումներ: Վատն այն է, որ գործող իշխանությունն ինքն է գեներացնում ատելություն ու չարություն և ահռելի դոզաներով նետում հասարակության մեջ կամ ներարկում հասարակությանը: Այդ չարությունը, այդ վերբալ ագրեսիան չեն անհետանում:

Ու դա միայն բանակում ոչ մարտական պայմաններում մահերով ու սպանություններով չէ, որ դրսևորվում է:

Նայեք, հենց պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ 2019 թվականին աճել է հանցագործությունների ընդհանուր թիվը, և որ ավելի վատ է՝ աճել են միջին ծանրության և ծանր հանցագործության դեպքերը: Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն է ավելացել՝ 2018-ին 224 դեպք, իսկ 2019-ին արդեն՝ 284: Աճել է սպանությունների թիվը՝ 47 դեպք (2018-ին՝ 35): Կան տվյալները, յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն ծանոթանալ:

Բնութագրական է, որ ավելացել են խուլիգանության դեպքերը. եթե 2018-ին գրանցվել է 234 դեպք, ապա 2019-ին՝ 326, որից 75-ը կատարվել է զենքի գործադրմամբ (2018-ին՝ 53-ը):

Սա էլ, նկատեմ, Զինված ուժերում չէ, այլ մեր շուրջը, մեր ամենօրյա իրականության մեջ, ինչպես զինվորականները կասեին՝ քաղաքացիական կյանքում: Հո հենց այնպես, չեղած տեղից ու առանց ծնող պատճառների՞ չէ այս ամենը: Իսկ ո՞ւմ է դա առանձնապես հուզում:

Ի դեպ, հիշեք, թե լրահոսում քանի անգամ ու որքան հաճախ եք վերջերս հանդիպել հրապարակումների տարբեր ծեծկռտուքների, դանակահարությունների մասին, որոնց մասնակիցները երիտասարդներ են, անգամ՝ պատանիներ: Իսկ չէ՞ որ այդ տարիքի երիտասարդներն են զորակոչվում բանակ: Ի՞նչ է, համազգեստ հագնելով նրանք միանգամից կերպարանափոխվո՞ւմ են:

Այո՛, սպաների խնդիրն է, որ փոխվեն: Բայց ոչ միայն նրանց խնդիրն է:

Դժվար է ինչ-որ կոնկրետ ու պատրաստի «դեղատոմսեր» առաջարկել: Նախ դրանք գտնել է պետք: Բայց ամենից առաջ պետք է հրաժարվել գոնե ինքնախաբեությամբ զբաղվելուց, պետք է հրաժարվել «սիրո» փաթեթավորմամբ ներքին ատելության ու չարության տարածումից:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը