Կարծիք

04.03.2011 17:06


Մենք այլեւս ժամանակ չունենք

Մենք այլեւս ժամանակ չունենք

Որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ արտահերթ նախագահական ընտրություններ պահանջող քաղաքական ուժը բազմամարդ, տասնյակ հազարանոց հանրահավաք անելուց հետո հայտարարում է, թե հաջորդ հանրահավաքը տեղի կունենա 17 օր անց:

Այս օրերին քաղաքական գործիչները, փորձագետները, լրագրողներն անդրադառնում են մարտի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքին: Տարբեր հարցադրումներ են արվում, տարբեր գնահատականներ տրվում:  Զանգվածների մոտ գնալով ավելանում են հարցերը, որոնց պետք է անպայման պատասխան տրվի:

Իհարկե, կան նաեւ մարդիկ, որոնք անվերապահորեն հավատում եւ վստահում են Կոնգրեսի առաջնորդին եւ անգամ չեն էլ փորձում անդրադառնալ վերջին հանրահավաքում ընդունված հայտարարության տեքստին եւ հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնած այն մտքին, որ «ուղենիշ-ծրագրին» պարտավոր են ենթարկվել ոչ միայն Կոնգրեսի անդամները, այլեւ վերջինիս նախաձեռնած զանգվածային միջոցառումների բոլոր մասնակիցները:

Մի կողմից վարչախմբին է թվում, որ ժողովուրդն անվերապահորեն պետք է ենթարկվի իրեն, հիմա էլ ընդդիմության առաջնորդներն են ժողովրդին ենթարկվելու կոչեր անում: Խեղճ հայ ժողովուրդ:

Եւ այստեղ արդեն պետք է խոսել այն պահանջների մասին, որոնք Կոնգրեսը ներկայացրել է գործող վարչախմբին:

Բնականաբար, Կոնգրեսը պահանջել է ազատ արձակել բոլոր ինը քաղբանտարկյալներին: ՀՀ բոլոր ողջամիտ քաղաքացիներն էլ վստահ են, որ քաղբանտարկյալներին պետք է ազատ արձակել, որ քաղբանտարկյալների առկայությունը թուլացնում է մեր երկիրը, բայց հավատացեք, որ հանրահավաքի եկածները չէին եկել լսելու, որ Կոնգրեսը հերթական անգամ պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին: Իսկ մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողովի պահանջն իրոք զարմանալի է: Մի՞թե Կոնգրեսը դեռ նման հույսեր է փայփայում: Իհարկե` ոչ: Պարզ է նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի քան վստահ է, որ գործող վարչախումբը որեւէ փոխհատուցում չի տալու մարտի 1-ին զոհվածների ընտանիքի անդամներին, եթե նույնիսկ մեկ միլիոն դոլարի փոխարեն մեկ միլիոն դրամ նշվեր:

Կոնգրեսը նաեւ վստահ է, որ իշխանությունները հաստատ կապուղի չեն տրամադրի Ա1+-ին: Վստահ են, բայց պահանջում են եւ պահանջները կատարելու համար ժամկետներ են տալիս:

Կոնգրեսը նաեւ վարչախմբից պահանջում է վերացնել Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու անօրինական արգելքը: Կոնգրեսի առաջնորդներից շատերը գլխավորել են նաեւ Ղարաբաղյան շարժումը եւ պետք է բոլորից լավ իմանան, թե ինչպես է պետք ժողովրդին վերադարձնել Ազատության հրապարակը, բայց, չգիտես ինչու, Կոնգրեսը դեռ սպասում է բարի կամքի դրսեւորումների:

Վարչախմբից պահանջվում է նաեւ վերականգնել Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունների նախկին ձեւաչափը եւ Ղարաբաղին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Խոստովանենք, որ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում գործող իշխանություններն այսօր ի վիճակի չեն լուծել այս խնդիրը:

Կոնգրեսը շատ ճիշտ է վարվում, երբ վարչախմբից պահանջում է չեղյալ հայտարարել բացօթյա փողոցային առեւտրի արգելման, երեկոյան ժամը 8-ից հետո փոքր խանութների աշխատանքի դադարեցման եւ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման վերաբերյալ ընդունված որոշումները, ինչպես նաեւ վերականգնել ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների նախկին չափը: Բայց համակիրների նման բազմություն ունեցող կառույցը գոնե այս պահանջների կատարման համար պետք է ամենօրյա բողոքի գործողություններ անցկացնի եւ կանգնի նրանց կողքին, ովքեր տուժել են վերոհիշյալ որոշումներից: Բայց մարտի 3-ին, երբ կառավարության մոտ ոստիկաններն իրենց կրկին ցինիկ էին պահում եւ հարձակվում հացից զրկված մարդկանց եւ Ժառանգության պատգամավորների վրա, Կոնգրեսի առաջնորդներն այնտեղ չէին: Ավելին, նույնիսկ Կոնգրեսի համակիրներին կոչ չէր արվել հավաքվել կառավարության շենքի մոտ` աջակցելու փողոցային առեւտով զբաղվողներին:

Վերջին հաշվով, այս պայքարի հիմնական նպատակն այն է, որ ՀՀ քաղաքացին ապրի արժանապատիվ կյանքով, իսկ նախորդ հանրահավաքում կառավարության որոշումներից տուժածներին իրավախորհրդատվություն էր առաջարկվում: Եւ դժվար է հասկանալ, թե ինչու ՀԱԿ-ը որոշեց տնտեսության կառավարման եւ օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների համար պահանջել վարչապետի եւ հաշված թվով պաշտոնյաների հրաժարականը: Ակնհայտ է, որ այս ձախողումների բրգի գլխին կանգնած է հենց Սերժ Սարգսյանը, որի հրաժարականն էլ պետք է պահանջել: Եւ այս պահանջը ներկայացնելուց եւ այն հիմնավորելուց հետո այլեւս կարիք չէր լինի տասից ավելի պահանջներ ներկայացնել այն վարչախմբին, որը ձախողվել է, որը անհաջողակ է եւ որը պետք է հեռանա:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը