Կարծիք

15.02.2020 09:48


Արտաքին առևտուր․ երկրներ, ապրանքախմբեր

Արտաքին առևտուր․ երկրներ, ապրանքախմբեր

2019 տնտեսական տարին կամաց-կամաց վերածվում է վիճակագրության: Հետևաբար նույն դանդաղ տեմպով էլ վերլուծվում է:

Մեր արտաքին ապրանքաշրջանառության մասին առաջին տվյալներն արդեն կան: Պաշտոնապես հայտարարվում է, որ արտահանումներն աճել են 9.4 տոկոսով: Նաև ասվում է, որ ներմուծումների աճն ավելի առաջանցիկ է՝ 10.3 տոկոս: Այսինքն արտաքին առևտրի ոլորտում չի հաջողվում կանխել բացասական սալդոյի աճը: Դժվար է ասել՝ լավ է, թե վատ, սակայն կարելի է արձանագրել, որ արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակ պաշտոնական խոստումներին:

Նույնն են մնացել արտաքին առևտրի գործընկեր երկրները: Նույնն է մնացել արտահանվող ապրանքատեսականու կառուցվածքն ու համամասնությունները: Մեր արտաքին ապրանքաշրջանառության առաջին հնգյակը կրկին Ռուսաստանն է գլխավորում՝ փոխադարձ առևտրի 27.1 տոկոսանոց մասնաբաժնով: 2018թ․ համեմատ ՌԴ մասնաբաժինն աճել է 1 տոկոսով։ Երկրորդը, բնականաբար, երկրագնդի գործարանի համբավ ունեցող Չինաստանն է՝ 11.6 տոկոս: 2018-ի համեմատ աճը 1.2 տոկոս է։ Երրորդը Շվեյցարիան է` 6.3 տոկոս: Ճիշտ նույն արդյունքն էր 2018-ին (արտահանվող ապրանքների կառուցվածքը դիտարկելուց պարզ կդառնա, թե ինչ ենք արտահանում այդ երկիր): Չորրորդը Գերմանիան է՝ իր բաժին 5.5 տոկոսով: 2018-ի համեմատ ապրանքաշրջանառությունը նվազել է 0.4 տոկոսով: Հինգերորդը Իրանն է` 5 տոկոս: Այս երկրի հետ աճը 0.1 տոկոս է և այն բացառապես պայմանավորված է ցեմենտի ներկրմամբ: Առաջին անգամ 1 մլն դոլար արժեքը գերազանցող քանակի ցեմենտ ներկրվել է 2014թ․: 2017թ․ մենք ներմուծել ենք մոտ 5 մլն դոլար արժեքի ցեմենտ, իսկ 2018-ին` մոտ 26.5 մլն դոլարի, 2019-ին մոտ 27.5 մլն դոլարի:

Որոշակի իմաստով կայուն է մնացել մեր արտահանումների երկրների ցանկը: Հայաստանի արտահանումների ամենախոշոր խմբաքանակը կրկին Ռուսաստանին է «բաժին ընկնում»` մեր արտահանումների 27.8 տոկոսը: Երկրորդ տեղում Շվեյցարիան է՝ 17.3 տոկոս: Բուլղարիան երրորդն է՝ 7.9 տոկոսով, ապա՝ Չինաստանը (7.7 տոկոս) և Իրաքը (6.7 տոկոս):

Մեկ դիտարկում․ մեր իշխանությունները վերջին երկու տարում խոստանում էին աշխուժացնել տնտեսական հարաբերությունները Վրաստանի հետ: 2019-ին Վրաստան է ուղղվել մեր արտահանումների 2.6 տոկոսը: Համեմատելով նշենք, որ սա անկում է` 2018-ի ցուցանիշը մի փոքր, բայց ավելի բարձր էր` 2.9 տոկոս:

Հիմա թվարկենք մեր արտահանումների ապրանքախմբերը: Ամենամեծ ծավալ ունի, բնականաբար, հանքահումքային արտադրանքը՝ 742.894 մլն դոլար: Այս ցուցանիշը բացատրում է Գերմանիայի բարձր դիրքը մեր արտահանումներն «ընդունող» երկրների շարքում: Երկրորդ խոշոր խմբաքանակը «պատրաստի սննդամթերք» ապրանքատեսակն է՝ 639.050 մլն դոլար արժեքի: Այս ապրանքատեսակի հիմնական սպառողը Ռուսաստանն է: Երրորդ խմբաքանակը, որ պատկառելի` 414.113 մլն դոլար արժեք ունի, բավական երկարանուն է` «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» (Հիշո՞ւմ եք Շվեյցարիայի բարձր դիրքը մեր արտահանումների կառուցվածքում: Պատասխանը հենց այս ոլորտն է տալիս): Անկեղծության համար պետք է ընդգծել, որ այս ոլորտը բավական ներդրում ունի մեր տնտեսության մեջ: Հասկանալի է, որ թանկարժեք քարեր ասածը (ալմաստ) ու մետաղը ներմուծվում են: 2019-ի ներմուծումները մոտ 400 մլն դոլար են կազմել: Ասել է, թե դրանց վերամշակման ու պատրաստման ընթացքում մեր երկրում 100 մլն դոլարը գերազանցող արժեք է ստեղծվում: Այս ոլորտը 2019-ի ամենամեծ աճ արձանագրածներից է: 2018-ի համեմատ՝ 34.7 տոկոս: Եւ զիջում է միայն «սարքեր ու ապարատներ» ոլորտին, ուր աճի տեմպը շատ բարձր է` 81.9 տոկոս: Սակայն այս ոլորտի զուտ տնտեսական արժեքը անհամեմատ ավելի փոքր է: Որովհետև «սարքեր ու ապարատներ» ապրանքախումբն իրականում վերաարտահանում է: Այդ ապրանքախմբից անցած տարի ներմուծել ենք մոտ 122 մլն դոլար արժեքի, ապա վերաարտահանել մոտ 96 մլն դոլարի:

Ահա այսպիսին է մեր արտաքին ապրանքաշրջանառության պատկերը: Պատկեր, որ էական փոփոխությունների չենթարկվեց 2019թ․ ընթացքում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը