Մեկնաբանություն

15.02.2020 11:36


Մի հա՛տ էլ «ժողովրդի» սահմանումը տվեք, պրծնի`գնա

Մի հա՛տ էլ «ժողովրդի» սահմանումը տվեք, պրծնի`գնա

Սահմանադրական դատարանն «արձակելու» և «վնգստացող շնաբարո դուրսպրծուկների» գրպանային դատարան ձևավորելու հարցով հակասահմանադրական հանրաքվե անցկացնելու որոշմամբ Փաշինյանն ու իր «ատելության կուսակցությունը» անցան բոլոր կարմիր գծերը։

Ատելությամբ ու չարությամբ, կույր վրեժխնդրությամբ սնվող «թավշյա մորեխակույտի» թեթև ձեռքով սև-սպիտակի բաժանված Հայաստանի հասարակությունը հայտնվել է ճակատագրական ջրբաժանի առաջ։ Ռուբիկոնի մի կողմում անգրագետ պողոսներն են, խելագարության կանխավարկածով առաջնորդվող, արգելակներն անջատած` մեր փոքրիկ նավն ազատ անկման ռեժիմով անդունդը տանող արկածախնդիրների խումբը, և համատարած քաղաքական շիզոֆրենիա`ոչինչ, բացի համատարած օր օրի ահագնացող քաղաքական շիզոֆրենիայից։

Մյուս կողմում հասարակության սերուցքն է. քաղաքագետներ, վերլուծաբաններ, հին ու նոր քաղաքական դեմքեր, կայացած ու նորելուկ քաղաքական ուժեր, օտար ուժերի, այդ թվում` թշնամու ջրաղացին ջուր լցնողների դասին չպատկանող իրավապաշտպաններ, իրավաբաններ, իրավագետներ, սահմանադրագետներ, պարզապես մտահոգ քաղաքացիներ, որոնք փորձում են կասեցնել այս կործանարար ընթացքը` կանգնեցնել ձնագնդի պես մեծացող, այլևս վտանգավոր չափերի հասած քաղաքական, իրավական բեսպրեդելը և շավղից դուրս եկած հանրային կյանքը վերադարձնել բանական դաշտ։ Առայժմ` ցավոք, անհաջող։

Ապրիլյան «թավշյա, ոչ բռնի խելացնորությունից» մոտ երկու տարի է անցել, բայց Նիկոլից կամ Նիկոլով խփնված զոմբիների մի զգալի հատված մնում է «դոզայի» տակ` ուղեղների զանգվածային լվացման («հեղափոխական էյֆորիայի») ազդեցության ծիրում։ «Առաջին դեմքի» մակարդակով օրը 24 ժամ, ընդհուպ համերգասրահից արտանետվող ատելության քարոզն անում է իր սև գործը, և մոլորյալներից շատերը դեռ նույն «ալիքի» վրա են, ինչ Պողոսի սրտի բռնապետիկն ու Ազգային ժողովում, կառավարական օթյակներում, մարզպետարաններում և տեղական ինքնակառավարման մարմիններում տեղավորված իր կլոնները. իռացիոնալության տիրույթում, որտեղ ռացիոնալ որևէ միտք, տրամաբանական փաստարկ չի գործում։

Ստեղծվել է արտառոց մի իրավիճակ, երբ կողմերից մեկը`իշխանական թևը, որ ցանկացած նորմալ հասարակության մեջ, որպես կանոն, ավելի պրագմատիկ է, ավելի իրատես, զուսպ և հավասարակշիռ իր հայտարարություններում և գործողություններում, քան ընդդիմությունը (ոչ թե` որովհետև իշխանությունն ավելի լավն է, ավելի խոհեմ, այլ` որովհետև «ի պաշտոնե» պարտադրված է պատասխանատու լինել և հաշվի նստել իրողությունների հետ) «ռեկբի» է խաղում, մյուս կողմը` ընդդիմությունը, փորձում է խաղալ «շախմատի» կանոններով։

Իշխանության մեջ «սխալմամբ» կամ թյուրիմացաբար հայտնված պոպուլիստների խումբը, օրվա «կուրսով» պայմանավորված`անկանոն շարժումներ է անում, աջուձախ ոտնատակ տալիս բարոյական և իրավական բոլոր նորմերը` անգամ կես քայլ առաջ չհաշվարկելով իր որոշումների, գործողությունների և հայտարարությունների հետևանքները, իսկ ընդդիմությունը խոսում է Սահմանադրությունից և օրենքներից։

Ընդդիմությունը պահանջում է իրավական հարցերը լուծել իրավական դաշտում, «իշխանությունն» ասում է` հերիք է աչքներս խոթեք ձեր Սահմանադրությունը և օրենքները. ճառ ասե՞նք, թե՞ զանգ կախենք`հեղափոխությո՞ւն անենք, թե՞ հետևենք Սահմանադրության տառին և կետին։

Ընդդիմությունն ասում է` մի՛ խախտեք անմեղության կանխավարկածը, մարդկանց մի՛ մեղադրեք, հանցագործի, մարդասպանի պիտակ մի՛ կպցրեք, քանի դեռ դատարանը մեղադրական վճիռ չի կայացրել, իշխանությունն ասում է`բանի հետևից եք ընկել. իշխանության տերը «ժողովուրդն» է, մենք էլ` «ժողովրդի» ծառան, «ժողովրդավարության» մեր բաստիոնում «ժողովուրդն» է որոշում ամեն ինչ` ոչ թե «ժողովուրդն» է Սահմանադրության և օրենքների համար, այլ Սահմանադրությունը և օրենքները` «ժողովրդի» համար, մենք ո՞վ ենք, որ «ժողովրդի» ասածին կամ ուզածին «չէ» ասենք։

Մնում է մի փոքր ճշգրտում անեն` ո՞ւմ համարել ժողովուրդ, ում` ոչ։

Ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեի նախաձեռնությունն այդ առումով թերի է։ Շա՛տ թերի։ Հանրաքվեի դրված «կենսական» հարցին` ՍԴ դատավորների լիազորություններն անհապաղ դադարեցնելու «գերխնդրին» զուգահեռ, ժողովրդի դատին պետք է ներկայացնել «սահմանադրական» փոփոխությունների շատ կարևոր մի քանի կետ։ Օրինակ, ավելացնել` «Նիկոլ ասելով, հասկանում ենք ժողովուրդ, ժողովուրդ ասելով`հասկանում ենք Նիկոլ», «Նիկոլի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն», և անպայման տալ «ժողովրդի» սահմանումը` հստակ ամրագրել.

«Ժողովուրդը Նիկոլի վկաներն են ու դրանց հավասարեցված անձինք։ Մյուսները ժողովուրդ չեն` հակապետական, հակաժողովրդական, հակաժողովրդավարական ուժեր են, դավադիրներ, կոռումպացվածներ, նախորդ կոռումպացված ռեժիմի սպասարկուներ, և ձայնի իրավունք չունեն` պետք է հանվեն ընտրացուցակներից և զրկվեն ընտրություններին մասնակցելու, Նիկոլենց նախաձեռնած հակասահմանադրական բոլոլաներին «այո» կամ «ոչ» ասելու իրավասությունից, ընդհուպ`ՀՀ քաղաքացիությունից»։ Եվ վե՛րջ` դրանից հետո ամեն ինչ շատ արագ իր տեղը կընկնի։

Վստահ եմ` ՔՊ-ական «մոզգերը» ձև կգտնեն այդ կետերն էլ ինչ-որ կերպ խցկելու հանրաքվեի ներկայացվող տեքստի մեջ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը