Քաղաքական

14.02.2020 16:54


Իրավական համայնքի ներկայացուցիչներով որոշել ենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո»-ի այլընտրանք ձևավորել, և «Ոչ» նախաձեռնությամբ հանդես գալ. Գոհար Մելոյան (տեսանյութ)

Իրավական համայնքի ներկայացուցիչներով որոշել ենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո»-ի այլընտրանք ձևավորել, և «Ոչ» նախաձեռնությամբ հանդես գալ. Գոհար Մելոյան (տեսանյութ)

Իրավական համայնքի ներկայացուցիչներով որոշել ենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո»-ի այլընտրանք ձևավորել, և «Ոչ» նախաձեռնությամբ հանդես գալ: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Նա ընդգծեց՝ որևէ քաղաքական հայտ չեն ներկայացնում, պայքարի մեջ չենք մտնելու «Այո» քարոզչական խմբի հետ, բացառապես մասնագիտական գործունեություն են ծավալելու, իսկ նախաձեռնությունը բաց է:

Սահմանադրագետը նշեց՝ շատ ցավալի է, որ 21-րդ դարում, երբ աշխարհում այսքան մարտահրավերներ կան, երկրում բախվում ենք իրավական անվտանգության խնդրի: «Իրավական անվտանգության երաշխավորումը յուրաքանչյուր պետության կենսական գոյի կարևորագույն նախապայմանն է, իսկ իրավական անվտանգության խնդիրը երկրի սահմանադրության ապահովումն է»,-նշեց Մելոյանը:

Վերջինս ներկայացրեց իրավական անվտանգության սպառնալիքները: «Նախ՝ սահմանադրականության հնարավոր դեֆիցիտ է առաջանում. դա իրավիճակ է, որին ներկայումս ականատես ենք լինում, երբ խզում է կատարվում երկրում առկա սահմանադրաիրավական և ընդհանրապես իրավական նորմերի և ձևավորվող իրավակիրառ պրակտիկայի միջև: Այժմ գործող քաղաքական ուժը դուրս է գալիս սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակներից՝ իր հայեցողական կոնկրետ նպատակներով»,-ասաց նա:

Հաջորդ կարևորագույն սպառնալիքը, ըստ սահմանադրագետի` իրավունքի գերակայության ոչ հետևողական ապահովումն է տվյալ երկրում:

«Իրավունքի գերակայությունը յուրաքանչյուր ժողովրդավար և իրավական պետության կարևորագույն հենասյուներից է, որի տարրերն են օրինականությունը, կամայականությունների արգելքը, արդար և անաչառ դատարանների կողմից արդարադատության իրականացման հնարավորության ստեղծումը և դրա արդյունավետության ապահովումը: Մենք ականատես ենք լինում այս բոլոր կարևորագույն հենասյուների ոտնահարմանը»,-նշեց Մելոյանը:

Վերջինս, ընդգծելով, որ խախտվել են սահմանադրության մի շարք կարևոր նորմեր, անդրադարձավ հնարավոր հետևանքներին. «Եթե ամեն դեպքում հանրաքվեի արդյունքում «Այո» կողմը հաղթանակ տանի, ձևավորվելու է մի իրավիճակ, երբ ՍԴ 7 դատավորների լիազորությունները միաժամանակ դադարեցվելու են: Մենք չունենք ներպետական ատյան, որին կարող են դիմել` իրենց խախտված իրավունքների վերականգնման նպատակով: Այդպիսի ատյան պետք է հանդիսանա ՄԻԵԴ-ը: Այնտեղ եղել են նման դեպքեր, երբ պետությանը պարտավորեցրել են փոխհատուցել ոչ միայն բարոյական վնասները, այլև վերականգնել այդ դատավորների լիազորությունները»:

Մելոյանն ընդգծեց՝ երկրում արդեն իսկ որոշակիորեն աննախադեպ իրավիճակ է ստեղծված, երբ գործադիր իշխանությունը ձևավորված է բացառապես մեկ ուժի կողմից, առկա չէ կոալիցիոն կառավարություն, միաժամանակ օրենսդիր մարմնում մեկ ուժը կազմում է որակյալ մեծամասնություն՝ առանց կոնսեսուսի կարողանում է ընդունել ցանկացած որոշում:

«Հերթն արդեն հերթական անկախ սահմանադրական մարմնինն է՝ դատական իշխանությունը»,-նշեց նա՝ ընդգծելով, թե հետագայում կարևորագույն սպառնալիքը լինելու է այս հանրաքվեի արդյունքների լեգիտիմության բարձրացումը հետագայում եկող ուժերի կողմից: «Նոր ուժեր են գալու և հարցականի տակ են դնելու այս հանրաքվեի արդյունքները և դրանց արդյունքում ձևավորված ՍԴ լեգիտիմությունը»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը