Քաղաքական

14.02.2020 14:20


Գործ ունենք իշխանության յուրացման հանցակազմի հետ, գուցե, զուգորդված սահմանադրական կարգի տապալմամբ. նոր կազմավորված ՍԴ-ն լեգիտիմություն չի ունենալու. ՍԴ նախագահի խորհրդական (տեսանյութ)

Գործ ունենք իշխանության յուրացման հանցակազմի հետ, գուցե, զուգորդված սահմանադրական կարգի տապալմամբ. նոր կազմավորված ՍԴ-ն լեգիտիմություն չի ունենալու. ՍԴ նախագահի խորհրդական (տեսանյութ)

ՍԴ դատավորները հնարավոր է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որովհետև խախտվել են հիմնարար սկզբունքներ, որոնք ցանկացած իրավական, քաղաքակիրթ պետությունում, որը ԵԽ անդամ է, ուղղակի անխախտելի են: Այս մասին «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որով նախատեսվում է դադարեցնել 7 դատավորների լիազորությունները:

«Հայաստանում այս հիմքով, եթե խախտումներ լինեն, ապա ՍԴ դատավորները իրավասու են դիմելու ՄԻԵԴ, բայց, իհարկե իրենք պետք է ընտրեն այդ ընթացքը: Այլընտրանքային լուծումներ էլ կան, սակայն հիմա չէի ցանկանա դրանք բարձրաձայնել»,- նշեց նա:

Գրիգոր Մուրադյանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ի կողմից կարող դրվել և՛ ՍԴ դատավորների փոխհատուցման, և՛ պաշտոնի վերականգման պահանջ:

«Այսպիսի հնարավորություն նույնպես կա: Այնպես չէ, որ բոլոր դեպքերում ՄԻԵԴ-ը կարող է կայացնել այդպիսի որոշում, բայց հավանականություն կա: Չեմ կարող ՄԻԵԴ-ի փոխարեն կարծիք հայտնել, բայց հաշվի առնելով խախտումների էությունը, դրանց կոպիտ բնույթը, առանձնակի ցինիզմը՝ հնարավոր է, որ ՄԻԵԴ-ը նաև այդպիսի որոշում կայացնի: Ովքեր էլ այդ ժամանակ Հայաստանում լինեն իշխանություն, պետք է ՍԴ այդ դատավորներին վերականգնեն իրենց պաշտոններում: Եթե չլինի այդպիսի պահանջ, ուրեմն կվճարվի փոխհատուցում՝ կորսված եկամուտի և բարոյական վնասի համար»,- ասաց ՍԴ նախագահի խորհրդականը:

Հարցին, թե բացառում եք, որ մինչև ապրիլի 5-ի հանրաքվեն ՍԴ դատավորները հրաժարական ներկայացնեն և օգտվեն վաղ կենսաթոշակի անցնելու օրենքից, Գրիգոր Մուրադյանը պատասխանեց. «ՍԴ նախագահի մասով լիովին բացառում եմ: Բացառում եմ նաև այն դատավորների մասով, որոնք հայտարարել են, որ դա իրենց համար անհնարին, օրինակ՝ տիկին Գյուլումյանի, տիկին Պետրոսյանի մասով: Մնացյալի մասով, իրենք պետք է որոշեն՝ ինչ ճանապարհ են ընտրում, չէի ցանկանա ներազդել իրենց ազատ կամքի արտահայման վրա»:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, որ ԱԺ նախագահը հանդիպումներ է ունենում ՍԴ դատավորների հետ, Գրիգոր Մուրադյանը նշեց. «Եթե չեմ սխալվում, ԱԺ աշխատակազմը հաստատել է նման հանդիպումների փաստը: Ի՞նչ են իրենք քննարկում՝ չգիտեմ, բայց եթե քաղաքական իշխանությունը ինչ-որ սակարկություններ է այնտեղ անելու, պետք է իրենց ևս մեկ անգամ զգուշացնել, որ սա շատ լուրջ խնդիր է հետո իրենց համար դառնալու»:

ՍԴ նախագահի խորհրդականի խոսքով՝ ՍԴ դեմ քաղաքական իշխանությունների կողմից կատարվող գործողությունները, Սահմանադրական փոփոխությունների իրականացումը իշխանության յուրացման հանցակազմ է պարունակում, գուցե զուգորդված սահմանադրական կարգի տապալման փորձի հետ. «Նոր կազմավորված ՍԴ-ն որևէ լեգիտիմություն չի ունենալու ի սկզբանե, նրա բոլոր որոշումները չեն լինելու լեգիտիմ: Սա ուղիղ սպառնալիք է մեր պետական անվտանգությանը»,- ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը