Քաղաքական

14.02.2020 13:35


Պիտի փորձենք հասարակությանը ներկայացնել, թե ինչ են պատրաստվում անել իր հետ, ինչ է իր գլխի գալիքը. Երվանդ Վարոսյան (տեսանյութ)

Պիտի փորձենք հասարակությանը ներկայացնել, թե ինչ են պատրաստվում անել իր հետ, ինչ է իր գլխի գալիքը. Երվանդ Վարոսյան (տեսանյութ)

Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ժողովուրդը ապրիլի 5-ին ընտրություն է կատարելու ինչ-որ բանի մեջ, ուղղակի խաբկանք է, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Ժողովրդավարություն նշանակում է, որ ժողովուրդը մանդատ է տալիս իշխանության ճյուղերին՝ յուրաքանչյուրին իր ձևով ու մեխանիզմով, որ նրանք հարցերը իր փոխարեն լուծեն, ժողովուրդը չէ, որ պետք է հավաքվի հրապարակում ու որոշի՝ ում են կախում, մենք այսպես կգնանք ոչ թե միջնադար, այլ՝ դեպի ստրկատիրական համակարգ», - ասաց նա։

Փաստաբանի խոսքով` միայն այն հանգամանքը, որ Սահմանադրության հոդված է փոխվում այն հիմնավորումներով, որոնք նաև հրապարակված են ԱԺ կայքում, ինքին խոսում է, թե ինչ պրոցեսի հետ գործ ունենք, ինչ մակարդակի գործընթաց է տեղի ունենում։

«Եթե խոսք է գնում չվստահելու մասին, ես այդ դեպքում չեմ կարողանում հասկանալ չափանիշները, թե ինչու է դատական իշխանության այլ մարմինների նկատմամբ առկա այդ վստահությունը։ Օրինակ, Վճռաբեկ դատարանին ինչո՞ւ են վստահում ու չեն վստահում Սահմանադրական դատարանին, ի՞նչ է տեղի ունեցել, որի մասին մենք տեղյակ չենք», - ասաց Վարոսյանը։

Փաստաբանի խոսքով՝ հակասահմանադրական մեթոդով Սահմանադրություն փոխելը, հակասահմանադրական ճանապարհով դատավորին տուն ուղարկելը ինքնին նշանակում է, որ բացառում ենք, որ ծրագրի ի կատար ածվելու դեպքում ձևավորվելիք Սահմանադրական դատարանը երբևէ անկախ է լինելու։

«Որովհետև իրենց կողմից հիմա նշանակվելիք դատավորները շատ լավ պատկերացնում են, որ եթե մի անգամ հակասահմանադրական ճանապարհով իրենք հայտնվել են այդ դատարանում, օրը գալու է, ոչ պակաս հակասահմանադրական ճանապարհով իրենք գնալու են տուն, որովհետև Սահմանադրություն նորոգելու հնարավորությունը Սահմանադրությունն իր մեջ չի ներառել, ու սահմանադիրը չի առաջնորդվել խելագարության կանխավարկածով, որ պիտի խախտվի, որ մի հատ էլ խախտումից հետո գալու մեխանիզմ իր մեջ ներառի», - ասաց Վարոսյանը։

Նա նշեց, որ ապագա իշխանությանը այսօրվա գործողությունները հնարավորություն են տալու էլ ավելի բիրտ մեթոդներով ազատվել այսօր նշանակման պատրաստի դատավորներից։

«Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, պիտի փորձենք, ինչքան մեր ուժերը ներում է, հասարակությանը ներկայացնել, թե ինչ են պատրաստվում անել իր հետ, ինչ է իր գլխի գալիքը», - ընդգծեց Երվանդ Վարոսյանը։

Աղբյուրը՝ Aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը