Մեկնաբանություն

14.02.2020 02:10


Քանի Նիկոլը «սաղ է», Ալիևը պրոբլեմ չունի` կարող է թուլանալ և հաճույք ստանալ

Քանի Նիկոլը «սաղ է», Ալիևը պրոբլեմ չունի` կարող է թուլանալ և հաճույք ստանալ

Մինչ երկիրը պատրաստվում է «սևերի և սպիտակների պատերազմի» հերթական արարին` Նիկոլ Բռնապետի «սանձազերծած» հակասահմանադրական հանրաքվեին, լուր ստացվեց, թե Ադրբեջանը հերթական հաղթանակն է գրանցել Արցախյան ճակատում. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկը հանդիպել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ և շնորհավորել պատգամավոր ընտրվելու և Միլի Մեջլիսում այդ, այսպես կոչված, համայնքի ընտրյալ ներկայացուցիչը դառնալու «տոնական առիթով»։

Հայաստանի ԱԳՆ-ն՝ ի դեմս խոսնակի, իրեն բնորոշ խուսափողական ոճով «հերքեց» ադրբեջանցի օգտատիրոջ թվիթերյան էջում հրապարակված «բարի լուրը», որին կից ներկայացված էր հանդիպման փաստն «ամրագրող» մեծադիր նկարը. ասել է` «մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված, այնուհետև հանված գրառումներին»։ Արդյոք, դա նշանակո՞ւմ է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը` չի ասել։

Փաշինյանն իր «կոտրած ձեռքով» ստեղծել է բոլոր նախադրյալները դրա համար. ամեն ինչ արել է` նսեմացնելու Արցախի սուբյեկտայնությունը և զրոյացնելու Արցախը, որպես գործոն` հակամարտության գլխավոր սուբյեկտ։ Մի կողմից` առաջ քաշելով Արցախը «բանակցային ձևաչափ» վերադարձնելու հարցը, հայտարարելով`«Արցախը Հայաստան է, և վե՛րջ», «Միացում» գոռալով, մյուս կողմից`«փոխլրացման կարգով» պարզելով «ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար» կրեատիվ կարգախոսը, հաղթաթուղթ է տվել «կիրթ» Ալիևի ձեռքը, չեղած բանը բերել առաջին պլան ու դրել պաշտոնական Ստեփանակերտի հետ նույն հարթության վրա։

Այնքա՜ն է խճճվել իր չկշռադատված իրարամերժ հայտարարությունների լաբիրինթում, խճճել առանց այն էլ «շշկռված» արտաքին գերատեսչության պատասխանատուներին, որ Ժնևի եռօրյա երկարուձիգ բանակցություններից հետո տարածած հայտարարության մեջ վախեցան ծպտուն հանել Արցախի օրինական իշխանություններին բանակցությունների լիիրավ մասնակից դարձնելու մասին` բավարարվելով «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» շրջանցիկ ձևակերպմամբ, անունն էլ դրեցին` ո՞վ ենք մենք, որ շեղվենք Մինսկի խմբի շրջանակներում ընդունված տերմիններից։

Պետք է կույր լինել` չտեսնելու համար, որ մեզ դեմ են տվել պատին և պահանջում են գնալ «առարկայական» զիջումների` դիմացը ոչինչ չառաջարկելով։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ վարչահրամայապետ Փաշինյանը, մեղմ ասած, թույլիկ բանակցող է, չունի կարգավորման տեսլական, ինքն էլ չգիտի` ինչ է ուզում կամ գիտի, բայց չի համարձակվում ասել։

Փորձենք այս ամենին «կողքից» նայել` նույն Ադրբեջանի, Մինսկի համանախագահների աչքերով։ Մարդը եկավ իշխանության, թե չէ` պատերազմ հայտարարեց նախորդ իշխանություններին։ Հայաստանի բոլոր ղեկավարներին` գլխավոր բանակցողներին (միակ երջանիկ բացառությունը «քանի Ղարաբաղը չենք տվել, լավ չես ապրելու» ֆիրմային թեզի հեղինակ Տեր-Պետրոսյանն է), մարդակեր, հանցագործ, թալանչի, գող և ավազակ, հող հանձնող հռչակեց, խաչակրաց արշավ սկսեց պատերազմը հաղթած հերոսների, հրամանատարների, գեներալների դեմ, պիտակավորեց ու նշանակեց քրեական ենթամշակույթին հարիր գողական արտահայտություններով։

ՀՀ երկրորդ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բռնել տվեց ու մեկուկես տարուց ավելի պահում է փակի տակ։ Արցախի մյուս երկու նախագահներին հրապարակավ ստորացրեց` չեղարկել տալով նրանց երաշխավորությամբ նախագահի խափանման միջոցը փոխելու որոշումը։ Առանց ձևականությունների, «օրը ցերեկով» միջամտում է Արցախի ներքին գործերին` ներկայանալով որպես «արդար ընտրությունների երաշխավոր», Սորոսի ճտերին «անաչառ դիտորդի» կարգավիճակ շնորհելով, թափանցիկ ակնարկներ անելով` ում է ուզում և ում ոչ մի դեպքում չի ուզում տեսնել Արցախի նախագահի պաշտոնում։

Այսքանից հետո ինչո՞ւ պիտի աշխարհը հաշվի նստի մեզ հետ (հակառակորդի մասին արդեն չեմ խոսում), մեր հաղթանակների, կորուստների, այդ հաղթանակների և կորուստների արդյունքում ձևավորված, 30 տարվա «վաղեմության ժամկետ» ունեցող ստատուս-քվոյի հետ կամ հարգանքով վերաբերվեն Արցախի` տարիների ընթացքում, հսկայական ջանքերի գնով բանակցվող փաստաթղթում լավ թե վատ ամրագրված ինքնորոշման իրավունքին։

Հանուն ինչի՞ պետք է ընդունեն արցախահայության սեփական ճակատագիրը տնօրինելու իրավաչափ լինելը, փչացնեն հարաբերությունները ադրբեջանական «խանության» հետ, ստիպեն ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը (ինչի մասին ինքը` Ալիևն է բարձրաձայնել երկու տարի առաջ, դժգոհելով Մինսկի խմբի համանախագաներից), եթե Հայաստանի ոչ բարով ղեկավարը խորապես թքած ունի դրա վրա և սեփական քթից, անպարագիծ հավակնություններից, «վնուշկեքից», վրեժխնդրության, իշխանությունն ամբողջ ծավալով բուռը հավաքելու և կյանքի գնով պահելու մոլուցքից այն կողմ ոչինչ չի տեսնում։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը