Մեկնաբանություն

13.02.2020 16:25


«Քվեատուրիզմի» կոչը բազմակողմանիորեն վատ բաների մասին է վկայում

«Քվեատուրիզմի» կոչը բազմակողմանիորեն վատ բաների մասին է վկայում

Վերջապես պարզվեց հիմնական պատճառներից մեկը, թե ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունն այդքան շահագրգիռ էժանագին ավիաչվերթների, այսպես ասած՝ «լոուքոսթերի» հարցում: Այլ շարժառիթներ էլ կան, բայց, փաստորեն, հիմնական պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանին ձեռնտու քվեարկության համար եվրոպաներից «սամալյոտներով» ընտրող բերեն: Ֆեյսբուքներում արդեն կատակներ ու սրամիտ ռեպլիկներ են շրջանառվում այդ թեմայով, որ եթե նախկինները «գազելներով» էին ընտրատեղամաս «մարդ բերում», Փաշինյանը որոշել է «սամալյոտներով» բերել:

Փառք Աստծո, դեռ Լուսնի եվրոպական գաղթօջախ արտագաղթած հայեր չկան: Հա, մեկ-մեկ էլ, որ կառավարության ղեկավարի արձագանքները տեսնում ես, ակամայից ուրախանում ես, որ Հայաստանը միջուկային մարտագլխիկով հրթիռներ չունի: Բայց չշեղվենք:

Վարչապետ Փաշինյանն, օրերս, կոչով դիմեց հատկապես եվրոպաներում ապաստանած «տասնյակ ու տասնյակ հազարավոր» հայրենակիցներին, որ եթե ափսոսում են, որ 2018-ի իշխանափոխությանը չեն մասնակցել, օդանավի տոմսեր առնեն ու գան՝ ՍԴ դատավորներին հեռացնելու հանրաքվեին մասնակցեն:

Կգա՞ն, չե՞ն գա, դա դեռ այլ հարց է: Բայց Նիկոլ Փաշինյանի այդ կոչն ինքնին բազմակողմանիորեն մի շարք վատ կամ բացասական բաների մասին է վկայում, հասկանալի է՝ իր կառավարության ու իշխանության համար բացասական հանգամանքների:

Նախ, հենց այն, որ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական...» բլա-բլա-բլա «հեղափոխությունից» համարյա 2 տարի անց նա դիմում է դրսերում մնացած տասնյակ ու տասնյակ հազարավոր հայրենակիցներին, վկայում է այն մասին, որ ներգաղթի վերաբերյալ բոցաշունչ ելույթներն ու ակնկալիքները բացարձակապես չեն արդարացել: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ տարբեր պատճառներով Հայաստանից հեռացած, առանձին դեպքերում՝ փախած հայրենակիցները, որ անագորույն վարչախմբից ազատվելու թեմաներով դրսից «շիրա էին տալիս» երկրից չփախածներիս, շարունակում են մնալ իրենց եվրոպական հարմարավետության մեջ: Ավելին, չնայած երկու տարի է, ինչ իրենց սրտի ու ֆեյսբուքներում սրտիկած Փաշինյանն է վարչապետն ու շուտով նաև՝ Հայաստանի ամենինչապետը, բայց իրենք չեն շտապում վերադառնալ ու ապրել իրենց հայրենիքում:

Հասկանալի է, խոսքը բացառապես ՀՀ քաղաքացի փախստականների մասին է: Նրանց մասին, որ պահպանել են Հայաստանի քաղաքացիությունը, որն էլ իրենց, ի դեպ, քվեարկելու իրավունք է տալիս:

Երկրորդը. նման կոչը հուշում է, որ Փաշինյանն ինքն էլ է կասկածում, որ հանրաքվեում բավարար չափով մասնակցություն կլինի ու անհրաժեշտ քանակությամբ «այո» քվեարկություն, ուստի հույս է դրել «գաստեր-քվեարկողների», յուրօրինակ «քվեատուրիզմի» վրա:

Երրորդ. ուշադրություն դարձրեք, որ գործող իշխանության ղեկավարը կոչ է անում միայն գալ-քվեարկել, այսպես ասած՝ «հեղափոխության մասնակցելու» հավեսը հանել կամ այդ ուռռա-պատրիոտիկ հույզերին հագուրդ տալ, այլ ոչ թե դիմում է մեր հայրենակիցներին՝ ասելով, օրինակ. «Հերի՛ք է, ինչքան դրսերում դեգերեցիք, տուն եկեք...»:

Մեկ այլ բան: Ինքս, օրինակ, միշտ էլ ուրախ եմ Հայաստանում, Երևանում տեսնել արտերկրի իմ հայրենակիցներին, ու կապ չունի, իհարկե, այսպես կոչված «ավանդական Սփյուռքից» են, թե՞ մի 25, 20 կամ 10 տարի առաջ Հայաստանից հեռացածների մեջ: Առհասարակ, վատ չէր լինի, որ հատկապես Փաշինյանի պաշտամունքով տարվածները գային, գոնե մի երկու օրով տեսնելու այն մարդկանց, ում գրեթե ամեն օր ֆեյսբուքային ռեպլիկների միջոցով սպանում, թաղում, մորթում, կախում կամ պարզապես հայհոյում են իրենց փարիզաբեռլինաբրյուսելամիլանյան հեռուներից: Այս դեպքում կարող են գալ, մանավանդ՝ թաղման լուրջ առիթ կա: Այսինքն կարող են գալ, ու հանրաքվեում «այո» ասելով, թաղել Հայաստանի՝ «իրավական պետություն» դառնալու հեռանկարը:

Չնայած, ինչքան Սերժ Թանկյանը և մյուս կողքից «շիրա տվողները» եկան, այդքան էլ նրանք կգան: Չէ, մի երկու-երեք օրով, հնարավոր է, որ գան: Գան, քվեարկեն, ինչպես Փաշինյանը կհրամայի, հետո էլի էժանագին չվերթներով թռնեն-գնան իրենց հարմարեցրած հեռուները, որպեսզի այնտեղից երկրում մնացած տգետ-հետամնաց աբորիգեններիս խելք սովորեցնեն:

Հա, ի դեպ, թող կառավարությունում էլ շատ չոգևորվեն, որովհետև, հնարավոր է, հակառակ իրենց ակնկալածի, եկողների մի մասը միգուցե բոլորովին այլ կերպ քվեարկի: Վերջին հաշվով, ավիատոմսից բացի, հո արդեն «այո» քվեարկած թերթիկո՞վ չեն գալու:

Եկեք, եկեք, հերի՛ք է, ինչքան հեռվից սիրեցիք հայրենիքը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը