Կարծիք

13.02.2020 17:06


Կորուստների դեպքերը չշահարկելը չի նշանակում դրանք ծածկադմփոց անել, Ո՛Չ

Կորուստների դեպքերը չշահարկելը չի նշանակում դրանք ծածկադմփոց անել, Ո՛Չ

Այսօր երկու ոչ մարտական կորուստ ունենք։

Այս թեմայով գերադասում եմ շատ չխոսել, քանի որ կորուստների շուրջ ստեղծվող մեդիա-աժիոտաժը շատ լուրջ բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Օրինակ՝ ինքնասպանությունների թեման անընդհատ շահարկելը կարող է բերել նոր ինքնասպանությունների (գուգլեք cluster suicides ինչ է նշանակում)։ Այլ՝ ոչ պակաս լուրջ, խնդիրներ էլ են առաջանում, բայց հիմա դրանց չեմ անդրադառնա։

Նախկինում էլ՝ լավ հասկանալով թեմայի լրջությունը, միշտ էլ գերադասել եմ հնարավորինս զուսպ արտահայտվել։ Նշեմ նաև, որ հին ընդդիմության որոշ շրջանակներ երբեք չեն խորշել բանակում կորուստների փաստերը շահարկելուց, ամեն միջադեպի շուրջ աղմուկ բարձրացնելուց, նախօրոք մեղավորներ ու անմեղներ նշանակելուց, և կորուստները իշխանության վրա բարդելուց։ Ես դրանց անվանում էի «մեռել պարացնողներ»։

Կորուստների դեպքերը չշահարկելը չի նշանակում դրանք ծածկադմփոց անել, Ո՛Չ։ Ընդհակառակը՝ բոլոր դեպքերը պետք է շատ մանրակրկիտ քննել, զոհվածների հարազատների հետ էֆեկտիվ հաղորդակցվել (մի բան, որ երբեք չի եղել ՊՆ-ի ուժեղ կողմը) ու չթողել, որ կողքից զանազան «մեռել պարացնողները» ողբերգություն ապրած մարդկանց դարձնեն իրենց կեղտոտ խաղերի մասնակիցներ։

Ցավոք, զուսպ լինելը գրեթե անիմաստ է դառնում, երբ երկրի գերագույն գլխավոր ստատուսագիրն է կորուստների թեման դարձնում շահարկման առարկա և թեժացնում։

Հունվարի 10-ին Նիկոլը պաշտոնապես հայտարարեց. «2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»:

Նախ՝ ինչպես հաճախ է լինում Նիկոլի գրածների հետ, իր թվերը սխալ էին։ 2013-ին բոլոր պատճառներով (!) ավելի քիչ զոհ է եղել, քան 2019-ին։ Համենայն դեպս հանրությանը հայտնի թվերի մասին է խոսքը։ Եթե այլ տեղեկություն կա, որը ժամանակին թաքցվել է հանրությունից, ապա պետք է սկզբում հրապարակել բոլոր կորուստների թիվը բոլոր տարիների, հետո նոր հայտարարություններ անել։

Երկրորդը՝ կորուստներն, ինչպես նշել եմ, շատ նուրբ թեմա են։ Չկա որևէ երաշխիք, որ հաջորդ ամիս կամ տարի ինչ-ինչ պատճառներով զոհերի թիվը չի ավելանա։ Ինչպես, օրինակ՝ վերջերս եղավ. ձնհոսքի տակ 3 պայմանագրային զինծառայող էին զոհվել։

Փետրվարի դեռ կեսին չենք հասել, բայց տարվա սկզբից արդեն ավելի շատ ոչ մարտական կորուստներ ունենք (12), քան 2019-ի նույն ժամանակահատվածում (7)։

Եւ հիմա լրիվ արդարացիորեն մարդիկ հարցնում են Նիկոլին. «Ասում էիր, որ բանակում զոհերի թիվն աննախադեպ նվազել է, բա հիմա ի՞նչ եղավ, այ մարդ»։

Բանակը, ընդհանրապես անվտանգության թեման, գավառական գրական սալոնում ոտանավոր արտասանել չէ։ Խորը գիտելիքներ, փորձ ու նաև տակտ է պետք։ Սա այն թեմաները չեն, որ մի օր մի բան հայտարարես, մյուս օրը՝ հակառակը, անցնի-գնա-մոռացվի։ Կարևորությունը՝ ըստ հետևանքների, շատ տարբեր է։ Այդ պատճառով էլ ինֆորմացիան հանրայնացնելուց առաջ ոչ թե մեկ, այլ մի քանի աղբյուրներով է ստուգել պետք։

Պահանջում ու միաժամանակ խնդրում եմ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դիլետանտներին. այս թեմաներով անպատասխանատու հայտարարություններ չանել։ Ընդհանրապես, ինչքան քիչ շահարկեն այս հարցերն, այնքան ավելի լավ։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը