Կարծիք

13.02.2020 13:38


Ո՞վ պետք է տա 12 հայորդու մահվան պատասխանը

Ո՞վ պետք է տա 12 հայորդու մահվան պատասխանը

Երեկ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ցնորամիտ պոպուլիզմի հերթական մաստեր-կլասը ցույց տվեց: Նա դարձյալ խոսեց բանակի զինվորների մայկա-տրուսիկից, խոսեց այն մասին, թե ինչ եղանակով և մեթոդներով են բանակում լվացք անում, լվանում վարտիքները, և բնավորության համաձայն` կեղծ օրակարգ առաջ քաշեց: Այսինքն, զինվորի վարտիքը, կամ թեկուզ նրա ճաշացանկը, կամ էլ թե` Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու խնդիրները այսօր ավելի կարևոր են, քան այն, որ երկու շաբաթում 12 զինվոր է մահացել անհայտ հանգամանքներում:

Ո՞վ պետք է տա 12 հայորդու մահվան պատասխանը: Շեշտում եմ` խաղաղ պայմաններում, առանց պատերազմական գործողությունների, առանց հստակ պատճառների, մեր երեխաները մեկը մյուսի հետևից կյանքից հեռանում են, և նույնիսկ ցավակացական խոսք վարչապետի կողմից չի հնչում:
Սովոր ենք ցավալի իրականությանը, որ գործող իշխանության համար զինվորը արժեք չի ներկայացնում, որ սևազգեստ մայրերի դեմ մի ամբողջ կեղտոտ արշավ է իրականացվում, որ հաղթանակի համար զոհվածները, ըստ առաջին տիկնոջ` զոհվել են «հանուն ոչնչի»: Բայց մինչև ե՞րբ պետք է հասարակության մի զգալի հատված արդարացնի նման պիղծ իշխանությունների ամեն մի խոսքն ու արարքը:

Մեկ այլ ցնդաբանություն` դարձյալ վարչապետի գահը զավթածի կողմից: Նույն ելույթի ժամանակ նա ամբիոնից ուրախ-ուրախ ձեռքերն էր շփում, թե բա` հանրաքվեն օգնելու է տուրստներ բերել Հայաստան, թե բա` զարգացնում ենք ընտրական տուրիզմը: Եթե Նիկոլն ի նկատի ունի, որ արտասահմանից գալու են հանրաքվեն թամաշա անելու, ապա արտասահմանում արդեն մոտ երկու տարի է` գիտեն, որ ՀՀ-ում իշխում է ոչ ադեկվատ մի վարչապետ` պատերին տվող, ասֆալտին փռող, սատանա փնտրող: Այդ արտասահմանցիները ավելի շուտ կգան թամաշա անելու նման առաջնորդին, նույնիսկ լուսանկարներ կանեն ու կտանեն իրենց հետ` չար երեխաներին վախացնելու համար:

Այնպես որ, ընտրական տուրիզմը զարգացնելու փոխարեն Փաշինյանը շատ հանգիստը կարող է զարգացնել շիզոֆրենիական տուրիզմը:

Իսկ ինչ վերաբերում է զինվորների մահվան հանգամանքներին, ցավում եմ, բայց մինչև մենք նորմալ, հայրենասեր, կարգապահ իշխանություն չունենանք, ոչ մեկի մահվան հանգամանքները չեն բացահայտվելու, քանզի չկա կամք, չկա ցանկություն, չկա ձգտում և սրտացավություն: Մեկ բառով ասած` առաջնորդը դասալիք է:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը