Կարծիք

13.02.2020 13:25


«Քաղաքացի՛, հարցրու ինքդ քեզ, արդյոք դու արե՞լ ես անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի քեզ կախեն, եթե հաղթի հակահեղափոխությունը»

«Քաղաքացի՛, հարցրու ինքդ քեզ, արդյոք դու արե՞լ ես անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի քեզ կախեն, եթե հաղթի հակահեղափոխությունը»

Եթե վերլուծենք մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում, ապա որքան էլ դա զարմանալի լինի իշխանավորների համար, մեր գլխավոր ձեռքբերումը հանդիսանում է այն, որ ոչ թե 10-20 ավելի ՀԴՄ կտրոն ենք տպել կամ այն, որ Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու համար վարչապետի կոչին հետևել են արդեն 17 հոգի և Եվրոպայից եկել են Հայաստան (ընտրական տուրիստներ), այլ այն, որ ի հեճուկս իշխանությունների ցանկության՝ մենք ստացել ենք անկախ Սահմանադրական դատարան:

Գաղտնիք չէ, որ նախորդ բոլոր երեք ղեկավարներն էլ փորձել են ունենալ լոյալ Սահմանադրական դատարան, որպեսզի այս կամ այն հարցում ստանան իրենց համար ընդունելի որոշումը:

Իմիջիայլոց, Ազգային ժողովի վերջին ելույթներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև այս խնդրին՝ ընդհանուր առմամբ ակնարկելով, որ ՍԴ-ն նախկինում վերածվել էր օրվա իշխանության կամակատարի: Սակայն այն, ինչ ծրագրավորում է անել վարչապետը, շատ ավելի վտանգավոր է պետության զարգացման և անվտանգության համար, քան այն, ինչը մենք ունեինք նախկինում:

Եթե ընդհանրացնենք փետրվարի 6-ից այս կողմ իմքայլականների հնչեցրած ելույթները, ապա կարող ենք հասկանալ, որ մարդիկ ուզում են ձևավորել երկրում, այսպես կոչված, հեղափոխական դատարան:

Պատմությունն արդեն տեսել է հեղափոխական դատարաններ, որոնք կոչված էին «ժողովրդի կամքն ի կատար ածելուն»: Խոսքը վերաբերում է մասնավորապես Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ ծնված Հեղափոխական տրիբունալին: Դա մի մարմին էր, որը ստեղծվել էր Փարիզի Ազգային կոնվենտի կողմից, որն իր առաջ նպատակ էր դրել դատավարություն իրականացնել քաղաքական հանցագործների նկատմամբ:

Դատարանը կազմված էր դատավորից, մեղադրող դատախազից և նրա երկու տեղակալներից: Հեղափոխական տրիբունալի բոլոր անդամները նշանակվում էին Ազգային կոնվենտի կողմից և տրամաբանական է, որ այն կատարում էր Կոնվենտի, այսինքն՝ օրենսդիր մարմնի կամքը:

Մինչ Թերմիդորյան հեղաշրջումը հեղափոխական տրիբունալը գտնվում էր հեղափոխության առաջնորդներից մեկի՝ Ռոբեսպիերի ազդեցության տակ:

Ըստ օրենքի՝ հեղափոխական տրիբունալով անցնող քաղաքացիներին արգելվում էր վարձել փաստաբանների, իսկ քաղաքական հանցագործությունների մեջ մեղադրվող քաղաքացիների համար պատժի հիմնական ձևը մահապատիժն էր:

Սկզբնական փուլում հեղափոխական տրիբունալը ինչ-որ չափով կատարում էր իր առաքելությունը և «մաքրում» երկիրը հակահեղափոխական էլեմենտներից, ինչի արդյունքում մահապատժի ենթարկվեց Լյուդովիկոս 16-րդի կին Մարիա Անտուանետտան: Սակայն, ժանրի կանոններին համաձայն՝ ժամանակի հետ հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին, և նույն այդ Տրիբունալը մահապատժի դատապարտեց հեղափոխության առաջնորդներից Դանտոնին, Դեմուլենին, Անտուան Բարնավին: Եվ «կատակերգության ավարտին» Տրիբունալը մահվան դատապարտեց Ռոբեսպիերին:

Սակայն այս ամենի արանքում հերթը հասավ, ինչպես այսօր ընդունված է ասել, «հեղափոխական իշխանություններին առաջնային մանդատ տված ժողովրդին», և Տրիբունալը վերածվեց յակոբինյան տեռորի կարևորագույն բաղկացուցիչներից մեկի:

Դեռևս 1790-ականների վերջերին ֆրանսիացի լրագող Լուի-Մարի Պրյուդոմը տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ 18 613 մարդ գլխատվել է գիլյոտինի տակ: Իսկ եթե սրան գումարենք այն, որ յակոբինյան տեռորը քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում նոր փուլ տեղափոխեց և դրա արդյունքում ամենահամեստ հաշվարկներով 35-40 հազար մարդ մահացավ, մենք կարող ենք եզրակացություն անել այն մասին, թե ինչի է հանգեցնում երկրում «հեղափոխական դատարանի» ինստիտուտի կայացումը, երկրում սև ու սպիտակների բաժանումը, երկրում իշխանության ճյուղերի սերտաճումը:

Հետաքրքիր է նաև՝ ինչպես այսօր իշխանությունը փորձում է իր ցանկությունը փաթաթել ժողովրդի վզին և ժողովրդի ձեռքերով լուծել իր սեփական խնդիրները, այնպես էլ այն ժամանակ ֆրանսիական հեղափոխական իշխանությունները մի հետաքրքիր կարգախոս էին շրջանառության մեջ դրել, որով գրգռում էին քաղաքացիներին. «Քաղաքացի՛, հարցրու ինքդ քեզ, արդյոք դու արե՞լ ես անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի քեզ կախեն, եթե հաղթի հակահեղափոխությունը»:

Ես ամենևին չեմ ցանկանում ասել, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «Այո»-ի հաղթանակի դեպքում Հայաստանում արյան գետեր են հոսելու, ես պարզապես ցանկանում եմ ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում «հեղափոխական դատարան» ասածը և թե ինչպես է այդ դատարանը սևերին «մաքրելուց» հետո մտնում շարքային «սպիտակ» քաղաքացիների տներ:

Հեղափոխություններն իրենց զարգացման տրամաբանության տեսանկյունից միշտ իրար նման են լինում, և եթե սկզբնական փուլում իրենք լոզունգների մակարդակով պայքարում են այն բանի համար, որ ստեղծեն բանականության վրա հիմնված աշխարհ, ապա հետագայում իրենք խժռում են թե՛ իրենց զավակներին, թե՛ իրենց աջակիցներին:

Հեղափոխական գիլյոտինի համար կարևոր չէ, թե ում վիզն է իրեն դեմ տված:

Իսկ հեղափոխության հենարան հանդիսացող հանրային զանգվածները խիստ փոփոխական են, և երբ որ իրենք չեն ստանում խոստացած «փողն ու շոուն», «հեղափոխության հերոսները» վերածվում են «ժողովրդի թշնամիների»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Իսկ իրենց ստեղծած դատարանը հենց իրենց է դատապարտելու…

Բենիամին Մաթևոսյան

քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը