Կարծիք

11.02.2020 12:34


Մեծ ծուղակ

Մեծ ծուղակ

Այն համոզման եմ, որ հանրաքվեի գաղափարը Փաշինյանինը չի եղել, առավել ևս՝ «Իմ քայլինը»։ Օրվա մեջ ոտքի վրա փոփոխվող տարբերակները, հապճեպությունը և, ամենակարևորը, այդքա՛ն չհաշվարկված սխալը հուշում են, որ.

ա/ կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը

բ/ Փաշինյանի դուրն այն առաջին հայացքից եկել է, նա տվել է էմոցիոնալ ռեակցիա, իջեցրել է հրահանգը 88-ին, ու պրոցեսը գնացել է։ Վստահ եմ՝ ոչ մի իշխանություն, այդ թվում՝ այս, չէր կարող սառը, ռացիոնալ պայմաններում նման որոշման գնալ։ Հնարավոր չէ սառը, հանդարտ պայմաններում այդքան չտեսնել սեփական շահը, չտեսնել ռիսկերը սեփական իշխանության համար։ Չեղած թեման բերել հանգեցնել խիստ անկանխատեսելի ելքով իրավիճակի։ Ամեն ինչ հուշում է, որ հանրաքվեի գաղափարը եղել է ուրիշինը, իսկ Փաշինյանը ժամանակային սղության պայմաններում կայացրել է էմոցիոնալ որոշում։ Հարց է ծագում. ո՞վ կարող էր նման բան հուշել։ Ես ունեմ իմ վարկածը, որը սուբյեկտիվ է, այդ պատճառով այս պահին չեմ ներկայացնի։ Բայց դրա հեղինակը հետապնդել է իր սեփական մանր շահը՝ իրենից վանել պատասխանատվությունը, այն «գցել» ժողովրդի վրա։ Ինչ վերաբերում է այն բանին, որ սրանով ինքը Փաշինյանին դնում է ուժեղ ռիսկի տակ, ապա հանրաքվեի գաղափարի հեղինակը դրա վրա թքած ունի։ Այլ հարց է, որ Փաշինյանը դա չի ֆիքսել։

Իշխանության ռիսկերը. էժան և մեծ ծավալի էմոցիա

Ակնհայտ է, որ իշխանությունը և անձամբ վարչապետը քարոզչության փուլը վերածելու են անդադար միտինգի, բուն թեմայի հետ կապ չունեցող պրոցեսի, ասելու և անելու են բաներ, որոնք սովորաբար հրապարակային գործիչներն իրենց թույլ չեն տալիս, մի խոսքով՝ ծախելու են մեծ ծավալի էժան էմոցիա։ Սա է քաղաքական ապրանքը, որն իշխանությունը փորձելու է «ծախել»։

Այդ պրոցեսն արդեն սկսված է. «Ապրիլի 5-ին հեղափոխությանն ասում ենք այո, Ազատությանը ասում ենք այո, Ապագային ասում ենք այո...» գրառումը դրա ապացույցն է։

Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխությանը, ազատությանը, ապագային մարդիկ ասել են Այո. մեկ անգամ՝ 2018-ի ապրիլին, մեկ անգամ էլ՝ դեկտեմբերին՝ ԱԺ ընտրություններում։ 70 տոկոս ձայն ստացած իշխանությունը չի կարող հեղափոխությունից 2 տարի, ընտրություններից 1 տարի անց «այո»-ի պահանջ ունենալ։ Սա լինում է մեկ դեպքում՝ երբ տապալվում է գործը, երբ երկրի իրական օրակարգը տապալվում է, և կարիք է առաջանում կեղծ օրակարգեր առաջին պլան բերել ու էմոցիա ծախել։ Սա այլ բան էլ է նշանակում։ Այսօրվա իշխանության օրակարգը կարողանում է ուրիշը ձևավորել, և քանի որ իշխանությունը չունի ֆիլտրեր՝ ինտելեկտուալ և ինստիտուցիոնալ, ապա ուրիշն այդ օրակարգը անարգել առաջ է տանում։ Մեխանիզմը վտանգավորության աստիճանի պարզ է. Փաշինյանին կարողացար էմոցիոնալ ալիքի վրա հրամցնել գաղափարը՝ այլևս ոչ մի խոչընդոտ չի լինում։ ԱԺ մեծամասնությունը դառնում է «88 միաձայն», ներսում չկա ինքնուրույն կարծիքի իրավունքով հեղինակություն, իսկ դրսից կարծիք ունեցողները պաշտոնապես հռչակված են թշնամիներ։

Մեր կյանքն առաջիկայում վերածվելու է էժան էմոցիայի բորսայի։ Սա նշանակում է, որ բնականորեն ձևավորվելու է ուժեղ "կոնտրբորսա", որի հիմնական նպատակը լինելու է՝ գտնել իշխանության քարոզարշավային հիստերիայի հակաթույնը։ Դա, անկասկած, լինելու է։ Սրա արդյունքում Հայաստանում սկսվելու է նոր բաժանում՝ էժան էմոցիայի սպառողներ և ինքնուրույն մտածող շերտ։ Ո՞րն է սրա վտանգը իշխանության համար. իշխանությունն այս հանրաքվեի արդյունքում կորցնելու է իր ինտելեկտուալ լեգիտիմությունը։ Սա լինելու է ամենանկատելի հարվածը։

Իշխանությունը պիտի հասկանա, որ ամեն անգամ էմոցիաների տոնավաճառից հետո ինքը կորցնում է իր ինտելեկտուալ կշիռը։ Հասկանալի է, որ այլ ճանապարհ այս քարոզարշավում ինքը չունի, բայց գինն էլ արդեն թանկ է։ Հայաստանում այս երկու տարվա մեջ արդեն ձևավորվել է հանրային ուժեղ հոսանք, որը գիտակցում է, որ չի կարելի պառակտել հասարակությանը, չի կարելի միայն խոսել, չի կարելի անընդհատ թշնամիներ ու հանցագործներ փնտրել։

Իշխանական ռիսկերի մյուս թեման, իհարկե, ձայների քանակն է։ 650 հազար «այո»-ն անհնարինության չափ բարդ գործ է։ Սա գիտեն բոլոր նրանք, ովքեր երբևէ ընտրական պրոցեսներին մասնակցել են. սա գիտի նաև Տ. Մուկուչյանը։ Չստանալ 650 հազար ձայն՝ նշանակում է պարտվել ու ժողովրդի անունից 2 տարի ցանկացած բան անելու էջը փակվում է։ Կեղծել և ստանալ 650 հազար ձայնը, դա բարոյական ինքնասպանություն է։

Ընդունենք, որ դրա բոլոր նախադրյալները կան. 2 տարվա մեջ ինստիտուցիոնալ ոչինչ չի արվել ընտրակեղծիքի մեքենան ջարդելու համար։ Այն պոտենցիալ կազմ ու պատրաստ է։ Համայնքապետերից մինչև գողական և ուժային կազմ ու պատրաստ են՝ ձայներ ապահովելու համար։ Մնում է քաղաքական որոշումը. կեղծե՞լ, թե ոչ։ Առաջին տարբերակը կարող է առաջին հայացքից գայթակղիչ թվալ, բայց դա իսկապես կլինի բարոյական ինքնասպանություն։

Ձայների հարաբերակցության պահով կա նաև մեկ այլ հաշվարկ. ամենայն հավանականությամբ «այո»-ների քանակը լինելու է շատ ավելի քիչ, քան «ոչ»-ը և ընտրատեղամասեր չգնացածները։ Սա նշանակում է, որ 70 տոկոսի լեգենդը փլուզվում է, իսկ սա էլ իր հեթին նշանակում է, որ ոչ իշխանական բևեռն առաջին անգամ ստանում է հստակ հաշվարկելի ու զգալի ընտրազանգված։ Սա կլինի առանցքային պահ, որովհետև դրանից հետո մինչև զանգվածային խաղաղ փողոցային պայքար մեկ քայլ է։ Մի բան, որից խորհրդարանական կառավարման պայմաններում հաճախ փոխվում են կառավարությունները։

Ու դարձյալ գալիս է հիմնական հարցը. ինչո՞ւ իշխանությունը գնաց նման ռիսկի։ Դժվար է գտնել այլ բացատրություն, քան՝ վերը ասվածը՝ սա իրենց գաղափարը չէր, ինչ-որ մեկը դիտմամբ սխալ բան է հուշել, իսկ իրենք փաստը կատարվելուց հետո են դա միայն հասկացել կամ գուցե հասկանալու են վաղը։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս խորագրի վերջին նյութերը