Տնտեսական

11.02.2020 12:25


Դասական ավիաընկերությունները դուրս կգան հայկական ավիաշուկայից. «168 ժամ»

Դասական ավիաընկերությունները դուրս կգան հայկական ավիաշուկայից. «168 ժամ»

Բյուջետային ավիաընկերությունների՝ հայկական շուկա մուտք գործելու լուրը որքան աղմկոտ եղավ, այնքան էլ, ըստ ամենայնի, աղմկոտ է լինելու վերջիններիս շնորհիվ հայկական շուկայի կազմաքանդումը: Առաջին ծիծեռնակը կարծես արդեն հայտնի է:

168.am-ի տեղեկություններով՝ «Tarom airlines» ավիաընկերությունը դադարեցրել է տոմսերի վաճառքը, ինչը, թերևս, պայմանավորված է ստեղծված անհավասար մրցակցային պայմաններով. շարունակել վճարել 10.000 ՀՀ դրամ օդի տուրք՝ մատուցելով անհամեմատ լավ պայմաններով ծառայություններ, ինչը չի գործելու «Ryanair» և «Wizz Air» ավիաընկերությունների դեպքում:

Տոմսերի վաճառքի դադարեցման հաջորդ քայլը, իհարկե շուկան լքելը կլինի, և, ցավոք, «Tarom»-ը, թերևս, հայկական ավիացիոն շուկան լքող միակ ավիաընկերությունը չի լինի. խոսքը վերաբերում է նաև «Air France», «Aegean», «Austrian airlines» ավիաընկերություններին… Թե ո՞ր ավիաընկերությունը կդառնա հաջորդ հավանական լքող ավիաընկերությունը, ժամանակը ցույց կտա:

Իսկ մինչ հայկական շուկան կդատարկվի դասական ավիաընկերություններից, որոնք ոչ միայն տարբերվում էին իրենց ծառայություններով, այլև գումարներ էին մուտք անում պետական բյուջե, բյուջետային ավիաընկերությունները կշարունակեն հայ ուղևորներին թողնել Միլանի փողոցներում՝ առանց իրենց վրա պատասխանատվություն վերցնելու:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին «Ryanair» ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժել էին ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Մոտ 50 ուղևոր մնացել էին Միլանում, ընդ որում, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կային:

Դե ինչ, սպասենք բյուջետային ավիաընկերություններով պայմանավորված՝ մի շարք խնդիրների, և հուսանք, որ նախքան մնացած ավիաընկերությունների հեռանալը պարզ կդառնա վերջապես, թե ինչ սուբսիդավորման մասին է այսքան խոսվում և գործող իշխանությունների կողմից համառորեն ծածուկ պահվում հասարակությունից:

Ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը, ով շուրջ 30 տարի այս շուկայում աշխատանքի փորձ ունի, 168.am-ի հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ տոմսերի վաճառքն այս պահին դադարեցված է:

«Այս պահին դեռ պարզ չէ՝ կշարունակե՞նք թռչել, թե՞ ոչ: Եվ ես եմ նամակ ստացել, և Ռումինիայի դեսպանն է նամակ ուղարկել իրենց երկրի Տրանսպորտի նախարարություն, և այնտեղից պատասխանել են, որ վաճառքը դադարեցված է, որոշում են հետագա հարցը»,- ասաց Արարատ Մուրադյանը՝ հավելելով, որ Ռումինիայում մեկ տարվա մեջ արդեն երրորդ կառավարությունն է հրաժարական ներկայացրել տառացիորեն 4-5 օր առաջ, իսկ իրենց ընկերությունը ենթարկվում է Ռումինիայի տրանսպորտի նախարարությանը, հետևաբար՝ նրանք են իրենց հետագա ճակատագիրը որոշողը:

«Տարոմի» ներկայացուցիչը պնդում է, որ իրենց բոլոր խնդիրները կապված են «Ռյան Էյրի» հետ:

«Բոլոր ավիաընկերություններին, այդ թվում՝ նաև մեզ, օդանավակայանն ինչ-որ զեղչեր մեկ տարով տալիս էր, երբ նոր չվերթ էր գալիս, բայց եթե մեզ տալիս են 10-15% զեղչ, «Ryanair»-ին տվել են 90% զեղչ»,- ասաց Արարատ Մուրադյանը:

Մեր ճշտող հարցին, թե փաստորեն, բացի օդի 10.000 դրամ տուրքից, որ լոուքոսթերները չէին վճարում, այլ արտոնություն է՞լ է տրված նրանց, ռումինական ավիաընկերության ներկայացուցիչը պատասխանեց՝ այո:

«Օդանավակայանը նոր կարգ է սահմանել, որ նոր ուղղությունների համար տրամադրում է մեծ զեղչեր: Բայց խնդիրն այն է, որ, բացի լոուքոսթերներից, նոր ուղղություն բացող չի լինելու: «Air France»-ի բազան «Շառլ դը Գոլ» օդանավակայանն է, «Աերոֆլոտինը»՝ Շերեմետևոն, «Ավստրիական ավիաուղիների» բազան Վիեննայի օդանավակայանն է, և միայն լոուքոսթերներն են, որ ամբողջ Եվրոպայով ցրված բազաներ ունեն: Այսինքն՝ սա նշանակում է, որ նոր ուղղություն կարող են բացել միայն լոուքոսթ ընկերությունները»,- նշեց Արարատ Մուրադյանը:

Ըստ նրա՝ իրենց էլ կարող են նույն զեղչը տրամադրել, եթե նոր ուղղություն բացեն, բայց ո՞վ կհամարձակվի լոուքոսթի առկայության դեպքում նման ռիսկի գնալ: Արարատ Մուրադյանի խոսքով՝ ողջ օդանավակայանին ցուցում է տրված «Ռյան Էյրի» վայրէջքի ժամին մոբիլիզացվել, բոլորը խառնվում են իրար:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը