Կարծիք

10.02.2020 11:30


Որն էր լուծման ճանապարհը

Որն էր լուծման ճանապարհը

Հանրաքվեն արդեն նշանակված է:

Հանրաքվեի նշանակմանը նախորդող գործընթացը խնդրահարույց է, մասնավորապես՝ Սահմանադրության փոփոխությունները մինչև ընդունումը պետք է ներկայացվեին Սահմանադրական դատարանին՝ դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու համար (Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետ, 169-րդ հոդվածի 2-րդ մաս, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մաս, 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 5-6-րդ մասեր): Անկախ առաջին և երկրորդ ընթերցումների հետ կապված՝ Ազգային ժողովի կանոնակարգի նորմերի մեկնաբանություններից, Սահմանադրությունն ուղղակիորեն պահանջում է մինչև Սահմանադրության փոփոխության նախագծի ընդունումը ստանալ ՍԴ-ի որոշումը:

Ի՞նչ կարող էր անել գործող իշխանությունը, երբ իր ճանապարհին մշտապես հանդիպում է Սահմանադրական դատարանին:

Այստեղ առնվազն 2 ճանապարհ կա: Ոչ իրավաչափ և խնդրահարույց լուծումներով շրջանցել ՍԴ-ն կամ շրջանցել իրավաչափ (կամ նվազ խնդրահարույց) ճանապարհով:

Երբ իշխանությունն ընտրում է առաջին տարբերակը, իսկ իրավաբանական հանրույթն ահազանգում է, ապա դա փորձում է ներկայացվել, որպես հակահեղափոխական և նախկին իշխանություններին հովանավորելու վարքագիծ: Մինչդեռ վստահ եմ, որ իրավաբանական հանրույթի մեծամասնությունն ավելի լավ երկիր ունենալու նպատակով է առաջնորդվում:

Ո՞րն էր երկրորդ ճանապարհը, և ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խորհրդատուները ցույց չեն տվել այդ ճանապարհը կամ մեկ ուրիշ ավելի լավ ճանապարհ:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի, 169-րդ հոդվածի 2-րդ մասի և 202-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից կարելի է եզրակացություն անել, որ Սահմանադրություն (ոչ թե փոփոխություններ, այլ՝ ՆՈՐ Սահմանադրություն) ընդունելու դեպքում, Սահմանադրության նախագիծը Սահմանադրական դատարանին ներկայացնելու պարտականություն սահմանված չէ: Այսինքն, Ազգային ժողովը կարող էր Սահմանադրության նախագիծը ներկայացնել հանրաքվեի՝ առանց ՍԴ-ին դիմելու:

Շուտով կլրանա իշխանափոխության 2-րդ տարին: Ինչո՞ւ ի սկզբանե այս ճանապարհը չի ընտրվել, քանի որ հանրաքվեի միջոցով ժողովուրդը կսահմաներ իր նոր կանոնները և այսօր չէինք ունենա այս անորոշ և վիճահարույց իրավիճակը:

Ո՞ւմ է ձեռնտու սխալ հիմքեր դնել հանրաքվեի նշանակման գործընթացի տակ, որն ապագայում կարող է վիճարկվել հաջորդ իշխանության կողմից՝ դրանից բխող իրավական հետևանքներով:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը