Կարծիք

09.02.2020 19:59


Փարիսեցիությունը հո պոզով-պոչով չի՞ լինում

Փարիսեցիությունը հո պոզով-պոչով չի՞ լինում

Մարդ կա` ասում է այն, ինչ մտածում է՝ անկախ նրանից, լա՞վ է դա, թե՞ վատ։ Իր «ճիշտը» կամ «սխալը» մինչև վերջ առաջ է տանում՝ անկախ նրանից, ճի՞շտ է, թե՞ սխալ։ Ձևեր չի թափում, չի սեթևեթում, չի խորամանկում «հպարտ քաղաքացու» հետ։

Մարդ էլ կա`ոչ ա՛յս է, ո՛չ այն, ո՛չ միս է, ո՛չ ձուկ։ Ինչ էլ ասի կամ անի, անպայման «նահանջի» տեղ է թողնում իր համար, փորձում է դուր գալ «և՛ մերոնց, և՛ ձերոնց», անաչառության դիմակը դեմքին քաշած` որպես կանոն, մշուշոտ, շրջհոսելի դատողություններ է անում «փիլիսոփայական» ոճի մեջ, այնպես, որ դիմացինը գլխի չընկնի` «ում կողմից» է, ում ջրաղացին է ջուր լցնում, ում թելը թելում։ Բայց «ճակատագրական» պահերին միշտ իշխանություն ունեցողների կողքին է`ուզում է և՛ կույս մնալ, և՛ հաճույք ստանալ։

Նմանները մշտապես պահանջարկ են ունեցել մեր հասարակության մեջ։ Դրանցից մեկը Վազգեն Սարգսյանի անարժան եղբայր Արամ Սարգսյանն էր, որ շատերի համար անսպասելի «հառնեց անէությունից», և շտապեց «մուղամով» հաճոյանալ վարչահրամայապետ Փաշինյանին`«անկողմնակալ» դիրքերից «այո» ասել ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու ակնհայտ հակասահմանադրական «բոլոլային». սահմանադրական հանրաքվե ասածի սահմանադրականության հարցը շրջանցելով` դիմեց ՍԴ դատավորներին, թե բա` պետությունը արհեստական դիմակայության, ցնցումների թիրախ մի՛ դարձրեք. հրաժարական տվեք, պրծե՛ք, թողեք`ժողովուրդը հանգիստ վեր ընկնի իր տեղը։ Դե, հո չէր կարող Նիկոլին ասել` ժողովրդին մի՛ տար փորձության, քարը փեշիցդ թափի, հանգիստ նստի՛ տեղդ։

Իսկ ավելի վաղ հայկական մեդիայի «ֆիգարո» Արամ Աբրահամյանն էր ասել իր հեղինակավոր կարծիքը` «բարոյահոգեբանական» ճնշում գործադրելով ոչ թե երկիրը հրաբխի խառնարան դարձրած Նիկոլի, այլ ՍԴ դատավորների վրա, խորհուրդ տալով օր առաջ հրաժարական տալ։ Իբր` «ժողովրդին» իզուր տեղը ծախսի տակ մի՛ գցեք, թույլ մի տվեք` բանը հասնի հանրաքվեի։ Որ քայլարածները ոչ թե ամիսը մեկ, այլ երկու-երեք պարգևավճար ստանան։ Եվ իհարկե, ո՛չ մի խոսք, որ վարչահրամայապետն ինքն է մսխում ժողովրդի փողերը`իր իսկ ստեղծած «ճգնաժամի» հանգուցալուծման պատասխանատվությունը դնելով «հպարտ քաղաքացու» ուսերին։
Փարիսեցիությունը բա հո պոզով-պոչով չի՞ լինում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը