Մեկնաբանություն

08.02.2020 10:40


Բա որ էս անգամ էլ «խիյարը թարս բուսնե՞ց»

Բա որ էս անգամ էլ «խիյարը թարս բուսնե՞ց»

Շա՜տ խառն է Փաշինյանի անձնական օգտագործման իշխանությունը։ Այնքա՜ն խառը, որ Սահմանադրական դատարանն «արձակելու» փնթի գործողության`մեկ քայլանոց կոմբինացիայի համար «շըփ-թըփ» հրավիրած արտահերթ թամաշան կազմակերպվեց հե՛նց փետրվարի 6-ին. նույն օրը, երբ ՍԴ-ն նշում էր իր հիմնադրման 24-ամյակը։

Կա՛մ սրանք թուլություն ունեն 6 թվի նկատմամբ, կա՛մ շտապում են։ Շա՛տ են շտապում։ Մի կողմից, պետք է ամեն գնով ազատվել ՍԴ-ից, քանի դեռ բանը բանից չի անցել` Բարձր դատարանը, ստանալով Եվրոպական դատարանի կարծիքը, չի անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի վրա կարված 300.1 հոդվածի իրավաչափությանը, մյուս կողմից`անակնկալի բերել, փաստի առաջ կանգնեցնել եվրոպական կառույցներին, որ չհասցնեն ուշքի գալ։ Նույն ԵԽԽՎ-ին, Վենետիկի հանձնաժողովին, որոնք «անտեղի» հետաքրքրություն են ցուցաբերում «Երկիր-ՀԺ»-ում առաջանցիկ քայլեր անող բռնապետական նկրտումների հանդեպ, հայտարարություններ են անում, խորհուրդներ տալիս, հորդորում խուսափել դատական համակարգը «հուպ տալու և կուլ տալու» ինքնաբուխ դրսևորումներից, մնալ Սահմանադրության և օրենքների շրջանակներում։

Իսկ դա, ինքներդ էլ հասկանում եք` մահվան համարժեք է Նիկոլի ու իր «խունտայի» համար։ Եվ, որպեսզի «ընդմիշտ» լուծեն խնդիրը, ընտրեցին իրենց կարծիքով` ամենակարճ, իրականում`քաղաքականապես անգրագետ, անտրամաբանական և իրենց համար, մեղմ ասած, ռիսկային` անկանխատեսելի հետևանքներով հղի, հակաօրինական, հակասահմանադրական ճանապարհը. օրենքի նախագիծ դնել շրջանառության մեջ Սահմանադրության դեռևս 2018թ. ապրիլի 9-ին` նախագահի ընտրությունից անմիջապես հետո ուժը կորցրած անցումային դրույթը «խմբագրելու»` ՍԴ դատավորների լիազորությունները հետին թվով դադարեցնելու մասին, տապալել քվեարկությունը և հետո Սահմանադրության 202 հոդվածի 3-րդ մասի «ուժով» հարցը ներկայացնել հանրաքվեի։

Դրանով իսկ`Սահմանադրությունը կոպտորեն խախտելու, սահմանադրական կարգը տապալելու պատասխանատվությունը դնել բազմաչարչար «հպարտ քաղաքացու» ուսերին։ Երկրորդ` շանտաժի ենթարկել, ահաբեկել ՍԴ դատավորներին` «ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելով» մինչև փետրվարի վերջ ինքնակամ հրաժարական տալու և «արժանապատիվ» հեռանալու`արտոնյալ պայմաններով թոշակի գնալու «գյոզալական» հնարավորության վրա. իբր` մեկ է, գնալու եք` լավ չի՞ խաթրով գնաք, ոչ թե զոռով` «ժողովրդի» պահանջով։

Նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի չանցնելու դեպքում հարցը հանրաքվեի դնելու հնարավորությունն օգտագործելը` իշխող «քաղաքական» ուժի կողմից, որ խորհրդարանում ունի «անկասելի» մեծամասնություն՝ ի դեմս Նիկոլի կլոնների`օրենսդիր իշխանությունը սեփականաշնորհած 88 գլուխ քայլարած պատգամավորի, քաղաքագիտական տեսանկյունից ինքնին անհեթեթ է։ Պարզ պատճառով`այդ մեխանիզմը նախատեսված է փոքրամասնության և քաղաքացիական սեկտորի համար` ուղիղ ժողովրդավարության միջոցով գործընթացների վրա ինչ-որ կերպ ազդելու իրավունքի իրացման մի ձև է. երբ, օրինակ, ընդդիմությունն ուզում է հանրաքվեի միջոցով լուծել այս կամ այն խնդիրը, որին մեծամասնությունը դեմ է։ Այդ առումով զավեշտական էր կրքոտ, հոխորտալից ելույթների այն հրավառությունը, որով քայլարածները փորձեցին հիմնավորել «նախագիծը», որ տապալելու համար էին բերել օրակարգ։

Սա շատ նման է նրան, երբ Փաշինյանն իրար հետևից երեք անգամ առաջադրվեց վարչապետի թեկնածու, երեք անգամ ինքնագովազդվեց «հարյուրի վրա», ներկայացրեց չունեցած «ազգափրկիչ» ծրագրերը, մանիպուլյացիաներ արեց, սուտ խոստումներ տվեց, որ չընտրվի։ Ինչպես լուծարեց խորհրդարանը, որի լեգիտիմությունն առաջինը ինքն էր ընդունել, այնպես էլ երեսի զոռով ՍԴ-ն է փորձում «ո՛չ ևս» անել` ի հեճուկս Սահմանադրությամբ, ՍԴ մասին օրենքով և ԱԺ կանոնակարգով հստակ ամրագրված կարգավորումների։

Դե՛ ինչ, չկա չարիք առանց բարիքի։ Սա հնարավորության պատուհան է նաև ընդդիմության համար։ Պետական ինստիտուտներն ասպատակած «թավշյա մորեխակույտի» դեմն առնելու շուրջ միավորվելու, համագործակցության կամուրջներ գցելու ավելի լավ առիթ դժվար էր հորինել: Նիկոլի «խիյարը» թարս բուսնելու վատ սովորություն ունի` հավանականությունը, որ մեր խեղված իրականության մեջ անվրեպ գործող բումերանգի էֆեկտով սա՛ էլ իր դեմ շուռ կգա, շատ մեծ է։

Թո՛ղ անցկացվի այդ հանրաքվեն, մենք էլ իմանանք պողոսների տեսակարար կշիռը «շողուլից» ընկած էս հասարակության մեջ, և հասկանանք` ինչքանո՞վ է «հպարտ քաղաքացին» վստահում ռեկորդային արագությամբ վիշապի վերածված իր «հերոսին»...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը