Քաղաքական

07.02.2020 17:35


Կառավարությունից խուսափում են պատասխանել՝ Նիկոլ Փաշինյանն իմացա՞վ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց միլիոններ է ստանում

Կառավարությունից խուսափում են պատասխանել՝ Նիկոլ Փաշինյանն իմացա՞վ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց միլիոններ է ստանում

Aysor.am-ն օրերս դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով պարզաբանել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն տեղյա՞կ է, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի իրականացնում ՍԴ դատավորի լիազորությունները, դատարանի աշխատանքներին չի մասնակցում, փոխարենը միլիոնավոր դրամների աշխատավարձ, հավելավճար և բենզին է ստանում:

Հիշեցնենք, որ Կապանում կայացած ասուլիսում Փաշինյանը հայտնել էր, թե ինքը տեղյակ չէ, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատանքներին:

«Եթե այդպիսի երևույթ կա, դա մտահոգում է, չի կարող չմտահոգել», - ասել էր Փաշինյանը:

Հարցին՝ տեղեկանալուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, Փաշինյանը պատասխանել էր.

«Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում այդպիսի բան, կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:

Aysor.am-ի՝ կառավարություն ուղարկված հարցման նպատակն էր պարզել՝ Փաշինյանն արդեն տեղյա՞կ է Գրիգորյանի պահվածքի մասին՝ հաշվի առնելով, որ իշխող խմբակցության անդամների ու անձամբ վարչապետի վերջին շրջանի և, հատկապես, երեկվա ելույթները խիստ քննադատական և վիրավորական գնահատականներ էին պարունակում ՍԴ նախագահի և 6 դատավորների վերաբերյալ, բայց որևէ անդրադարձ չկար դատավոր Վահե Գրիգորյանի պահվածքին:

Կառավարությունից փորձել են շրջանցել թեման՝ մեզ տրամադրելով ոչինչ չասող պատասխան:

«Ի պատասխան տեղեկացնում եմ, որ Ձեր հարցման մեջ նշված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, բացի աշխատավարձի վերաբերյալ կետից», - ասված է կառավարության՝ Aysor.am-ին տրված պատասխանում։

Կառավարության խուսափողական պատասխանից հասկանալի չէ, թե հարցման մեջ նշված ո՞ր տեղեկությունը «իրականությանը չէր համապատասխանում», քանի որ պաշտոնապես հաստատված փաստ է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվելու պահից չի իրականացում դատավորի իր լիազորությունները, փոխարենը հարկատուների միջոցներից խոշոր գումարներ է ստանում:

Այս մասին բազմիցս գրել է նաև մամուլը և դժվար է պատկերացնել, որ սոցցանցերի ակտիվ օգտատեր Փաշինյանն այս մասին տեղյակ չէ: Համենայնդեպս, եթե անգամ տեղյակ չէր, պետք է, որ արդեն տեղեկացված լիներ, քանի որ խոստացել էր հետաքրքրվել:

Ավելացնենք նաև, որ Hraparak.am-ն այսօր գրել էր, որ ԱԺ երեկվա արտահերթ նիկում Նիկոլ Փաշինյանի ելույթը հենց Վահե Գրիգորյանն էր գրել:

Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրի՝ Վահե Գրիգորյանի գրած տեքստին Փաշինյանը ավելացրել է միայն մի քանի իրեն բնորոշ արտահայտություններ, օրինակ՝ «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», «շնագայլերի ոհմակ»:

Այսպես ասած՝ «տեղայնացրել» է Գրիգորյանի գրած իրավական անհեթեթությունը՝ դրան հաղորդելով փաշինյանական բառապաշար։

Այս խորագրի վերջին նյութերը