Տնտեսական

07.02.2020 17:05


Խոզերի անկման պատճառը անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչներն են

Խոզերի անկման պատճառը անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչներն են

Օրերս Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրվել էր կենդանիների, մասնավորապես՝ խոզերի, անկում: Այդ մասին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեղյակ չի պահվել: Սակայն, արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են Աքորի գյուղի հիշատակված տնտեսություններ:

Արձանագրվել է, որ երեք կենդանատեսակ՝ խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր և խոզ, պահվում են մեկ անասնագոմում, զոոհիգիենիկ շատ վատ պայմաններում: Այցելության առաջին օրը հայտնաբերվել է 22 անկած խոզ:

Վերահսկողական գործառույթների շրջանակում վերցրել են անհրաժեշտ նմուշներ՝ լաբորատոր փորձաքննությամբ անկման պատճառները ճշտելու համար:

Համայնքը և նշված տնտեսությունները ՍԱՏՄ ամենօրյա հսկողության ներքո են: Հունվարի 27-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ անկել է 62 խոզ:

Ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ կենդանիների անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները:

Վարակված կենդանիները թաղվել են, տնտեսությունները մեկուսացվել, ինչպես թաղման, այնպես էլ պահման տարածքներում անցկացվել են ախտահանման աշխատանքներ:

Փորձանմուշներ են վերցվել նաև խոզերի կերերից, որոնց հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը