Լրահոս

07.02.2020 13:10


Ուժեղ քամին Դիլիջանում ավերածություններ է արել՝ ծառեր, էլեկտրասյուներ տապալել, տանիքների թիթեղյա ծածկեր պոկել ու շպրտել

Ուժեղ քամին Դիլիջանում ավերածություններ է արել՝ ծառեր, էլեկտրասյուներ տապալել, տանիքների թիթեղյա ծածկեր պոկել ու շպրտել

Երեկ՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ից սկսած՝ Դիլիջան քաղաքում ուժեղ քամու հետևանքով մի քանի արտակարգ դեպքեր են տեղի ունեցել։

Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնության տարերքի հետևանքով կոտրվել են մի քանի հաստաբույն ծառեր, էլեկտրասյուներ, շենքերի տանիքներից թիթեղները պոկվել ու շպրտվել են։

Քամին իր սև գործն է արել՝ կոտրելով հաստաբուն ու հսկայական եղևնիներ, այլ տեսակի ծառեր, և դրանց կոտրվելու հետևանքով վնասվել են նաև էլեկտրասյուներ, կոտրվել են էլեկտրալարերն ու դրա արդյունքում տևական ժամանակ տեղի են ունեցել չնախատեսված էլեկտրաէներգիայի անջատումներ։

Դիլիջանում վնասվել են մի քանի pետական հաստատությունների տանիքներ, իսկ ԽՍՀՄ տարիներին կառուցված Դիլիջանի Մյասնիկյան փողոցի 76 հասցեում գտնվող, դիլիջանցիներին հայտնի «Ունիվերմագի» տանիքի մոտ 2000 քմ հատված ամբողջությամբ պոկվել և շպրտվել է։ Դրա արդյունքում վնասվել է Դիլիջանի բնակիչ Արմեն Սիմոնյանին պատկանող Mercedes E320 մակնիշի 50 CA 707 համարանիշի ավտոմեքենան։

Փրկարարներն ու Դիլիջանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների ծառայողները մասնատել են տապալված հսկայական եղևնին և այն հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։ «Ունիվերմագի» տանիքից էլ թափված գերաններն ու թիթեղները հեռացնելու համար փրկարարներն ու քաղաքապետարանի աշխատակիցները մի քանի ժամ աշխատում էին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանն ասաց, որ կատարվածի մասին տեղյակ է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ում հանձնարարականով մարզպետարանի համապատասխան վարչության պատասխանատուներն այցելել ու տեղում ուսումնասիրում են կրած վնասների չափը։

Միակ սփոփանքը այն է, որ, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չունենք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը