Քաղաքական

07.02.2020 10:54


Ո՞ր դեպքում հանրաքվեն տեղի կունենա, գործընթացում հետաքրքիր նրբերանգներ են թաքնված. «Ժողովուրդ»

Ո՞ր դեպքում հանրաքվեն տեղի կունենա, գործընթացում հետաքրքիր նրբերանգներ են թաքնված. «Ժողովուրդ»

Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Իսկ ի՞նչ է սպասվում երեկվա որոշումից հետո։

Այժմ այս որոշմանը պետք է համապատասխան գործընթացներ հետևեն, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վերջին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, և վերջինս համաձայն է հարցը կարգավորել հանրաքվեով։

Սակայն այստեղ հետաքրքիր նրբերանգներ են թաքնված։ Ամեն դեպքում իշխանական կուլիսներում չեն բացառում, որ հանրաքվե այդպես էլ տեղի չունենա, իսկ դա կլինի այն դեպքում, երբ ՍԴ դատավորներն օգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու նախագծից։ Եվ այս մասին երեկ ԱԺ ամբիոնից ակնարկեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց խորհուրդ տալով գնալ այդ քայլին։

Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի կամավոր անցնելու մասին օրենքը գործում է մինչև այս ամսվա վերջ։ Այսինքն՝ ՍԴ դատավորները դեռ երկար ժամանակ ունեն որոշելու, թե արդյոք ցանկանում են անցնել վաղաժամ թոշակի։ Եվ, ահա, երեկվա նախաձեռնությամբ իշխանությունները պարզ հասկացրին՝ միևնույնն է, հանրաքվեի ընդունման պարագայում հեռացվելու են պաշտոններից։ Այնպես որ, ՍԴ դատավորները երկու տարբերակ ունեն՝ կա՛մ հրաժարականի դիմում ներկայացնել և գնալ ապահովված վաղ կենսաթոշակի, կա՛մ հեռացվել սահմանադրական փոփոխությունների միջոցով։

Սա, իհարկե, տարբերակներից մեկն է, իսկ ահա մյուս տարբերակով հանրաքվե իսկապես տեղի կունենա։ Այդ դեպքում հստակ ժամկետներ են մատնանշված, և, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա մայիսին, իսկ դրան արդեն կնախորդի քարոզարշավը՝ «այո» և «ոչ»-ի պայքարը։

Իսկ, ահա, «Հանրաքվեի մասին» օրենքով՝ հանրաքվեի քարոզարշավը տևելու է 60 օր։ Այնուհետև, ըստ նախնական հաշվարկների, իշխանությանն անհրաժեշտ կլինի մոտ 650 հազար «այո» քվե։

Այս խորագրի վերջին նյութերը