Մեկնաբանություն

07.02.2020 01:32


«Իրենցքայլի» «ԱԺ արտահերթ նիստ» փերֆորմանս-զավեշտը

«Իրենցքայլի» «ԱԺ արտահերթ նիստ» փերֆորմանս-զավեշտը

Չէ, ընդհանուր առմամբ, կանխատեսելի էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող մեծամասնությունը, Սահմանադրական դատարանը «գրավելու» մտասևեռում-ծրագիրը տանելու է մինչև վերջ: Կանխատեսելի էր, որ «թավշյա» իշխանությունը բանի տեղ չի դնելու ոչ՛ արտախորհրդարանական քննադատների հայտարարությունները, ո՛չ իրավաբանների ու մասնագետների դիտողությունները, ոչ էլ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հորդորները: Կամ էլ ձև են բռնելու, թե իրենք, իբր վեհ ու ժողովրդաշահ գործ են անում: Ու «դուխով» մտան հորձանուտը, ավելի խճճեցին իրենց իսկ խճճածը, ի լրումն՝ հայտնվեցին «իշխանության յուրացման» հոդվածով պոտենցիալ մեղադրվողների շարքերում:

Հայրենի խորհրդարանում ինչ կարգի անձավորություն ասես, որ չի եղել անցած տասնամյակներում: Բայց նույնիսկ ամենավատ մեծամասնության շարքերում մշտապես եղել են օրենք հասկացող ու մյուսներին բացատրող, օրենսդրական աշխատանքի ունակ, միտք ու գաղափար արտահայտող գործիչներ: Այսինքն, չի եղել կամ, ավելի ճիշտ, չէր եղել այնպես, որ միմիա՛յն քվեարկության կոճակ սեղմողներ լինեին, նրանցից բացի ու նրանց կողքին միշտ եղել են քաղաքական մեծամասնության շարքերում որակի անհրաժեշտ մակարդակ ապահովողներ: Իսկ հիմա դա էլ չկա: Օրինականությունից, իրավականությունից ու մտքից այսքան բոբիկ իշխող մեծամասնություն Հայաստանում դեռ չի եղել, և իրենք, այո՛, աննախադեպ են այդ առումով:

«Սահմանադրական» թեմայով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախապատմությունն ու պատմությունն ինքնին, մեկ այլ զավեշտ է: Նախ, ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը մի քանի օր առաջ որոշում էր ընդունել, որ փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի: Հետո չեղարկել էր այդ որոշումը: Հետո նորից, արդեն ԱԺ խորհուրդը որոշում էր ընդունել, որ այսօր առավոտյան ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի: Հետո օրենսդրական կոլեկտիվ նախաձեռնության հեղինակը հետ էր վերցրել նախաձեռնությունը ու նիստը, չսկսված՝ վերջացել էր, քանզի օրակարգն էր չքննարկված՝ սպառվել: Հետո որոշել էին, որ մի երկրորդ արտահերթ նիստ հրավիրեն...

Մեծն Պարոնյանին հիշեցի: Կհիշե՞ք.

«Մեկ նիստի մեջ առաջարկություն մը կըլլա:

Երկրորդին մեջ այդ առաջարկությունը կմերժվի:

Երրորդին մեջ այդ մերժումը կմերժվի:

Չորրորդին մեջ ինչու համար մերժվելուն պատճառները կբացատրվին:

Հինգերորդին մեջ այդ բացատրություններուն մութ կետերը կլուսավորվի:

Վեցերորդին մեջ լուսավորյալ կետերը կմթնան:

Ահա քեզ վեց նիստ, որ մեկ նիստ չարժե»:

Փաստորեն, Հակոբ Պարոնյանը երգիծաբան չէր: Բոլոր հիմքերը կան պնդելու համար, որ Հակոբ Պարոնյանը վավերագրող էր ու նաև՝ պայծառատես:

Չգիտեմ, թե դուք ինչպե՞ս, հարգելի ընթերցող, բայց հետևում էի խորհրդարանի նիստերի դահլիճում կատարվողին, ու ինձ չէր լքում զգացողությունը, որ սա ոչ թե նիստ է, այն էլ՝ արտահերթ, այլ «իրենցքայլական» հերթական փերֆորմանս-զավեշտ՝ «ԱԺ արտահերթ նիստ» պայմանական վերնագրով: Ֆիզիկապես գրեթե անհնար է լուրջ վերաբերվել անլրջության այդ շքերթին:

Հարկավ, շատերին է հասկանալի, որ տարած-բերած, չեղարկած, ապա՝ հետ չեղարկած արտահերթ նիստի ու սահմանադրական նորմերի կամայական «կարուձևի» այդ «իրենցքայլական» դրսևորումների նպատակներից մեկը Սահմանադրական դատարանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելն է: Այնքան բացահայտ է այդ ամենը, որ չի մշուշվում անգամ հերթական իշխանական մանդատավորի անկապ ելույթի հարուցած ծիծաղի բռնկմամբ:

Բայց լուրջ բան էլ կա: Իսկ լուրջն, ըստ իս այն է, որ իշխող մեծամասնության մեծ մասը, եթե ոչ ամբողջ կազմը, հավակնում է «իշխանության յուրացման» և իրենց չվերապահված այնպիսի գործողությունների, որոնք վտանգում են սահմանադրական կարգը կամ խախտում են սահմանադրական նորմերը: Ընդհանուր տպավորությունն այն է, թե մեծ ցանկություն ունեն ապագայում քննչական մարմինների զբաղվածությունն ապահովել՝ քրեական օրենսգրքի 300-ից 301 հոդվածների հատկանիշներով (ասենք՝ իշխանությունը յուրացնելը, սահմանադրական կարգը տապալելը) գործեր քննելու և մեղադրանքներ ներկայացնելու առումով

Գործող իշխանության ղեկավարը ժամանակ առ ժամանակ սիրում է կրկնել Սահմանադրության 2-րդ հոդվածի առաջին կետը. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Շտապեմ նշել, որ այդ հոդվածն ունի նաև շարունակություն, մասնավորապես երրորդ կետը, որով սահմանված է. «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Համենայն դեպս, տեղին է հիշեցնել: Հա, չմոռանանք նկատել, որ Սահմանադրության 2-րդ հոդվածը անփոփոխելի է: Նույնիսկ հանրաքվեով:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը