Քաղաքական

06.02.2020 16:51


Պետության ողնաշարը կոտրելը թող լինի հենց այսպես՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով․ Բադալյան (տեսանյութ)

Պետության ողնաշարը կոտրելը թող լինի հենց այսպես՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով․ Բադալյան (տեսանյութ)

Հասկանալի են ընդդիմության մոտեցումներն ու զարմանքը, որ իշխանությունն իր խոստումները պահում է՝ երբ ասում ենք, որ ամեն հարց լուծելիս անպայման ժողովրդի կարծիքը հարցնելու ենք։ Այդ ամենը տարօրինակ եք համարում։ Բայց նաև ունեմ վստահություն, որ եթե հանկարծ ԱԺ մեծամասնությունը տեղում հարցը լուծեր, ես պատկերացնում եմ ինչպիսի սուգ, վայնասուն էր լինելու ու այդ թեման հասնելու էր մինչև միջազգային կազմակերպություններ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Նա նշեց, որ այդ դեպքում ընդդիմությունն իրենց մեղադրելու էր, թե ինչու որոշումը հանրաքվեով չի լինում․ «Հիմա անում ենք, ուզում եմ հասկանալ խնդիրն ինչն է»։ Նրա խոսքով, դրսում օրակարգեր են ստեղծվում, սակայն դրանք իրենց չեն հետաքրքրում ու դրանց իրենք չեն ենթարկվում։

«Ասում են այն 37 հոգին, որ ստորագրել են, պետք է դատապարտվեն։ Նախ բոլորիդ ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ պատգամավորը օրինագիծ բերում է, քվեարկում է իր խղճի թելադրանքով, և դրա համար որևէ պատասխանատվության, առավել ևս քրեական, չի ենթարկվում»։ Նա ընդգծեց, որ ուրախ է՝ բոլորը թերագնահատում են «Իմ քայլը» խմբակցությանն ու միշտ թերագնահատել են, սակայն «Իմ քայլն» այն թիմն է, որ ժամանակին կարողացել է անել մի բան, որ ոչ ոք չէր կարողանում անել ու չէր պատկերացնում։ «Շարունակելու ենք անել այնպիսի բաներ, որ խուճապ լինի, որովհետև քանի օր է նստած մտածում եք, տեսեք ինչ են պլանավորելու։ Վա՜յ, հասկացան-չհասկացան։ Հստակ կան քայլեր, մենք հստակ ունենք խնդիրներ ու դրանք լուծելու ենք»,-ասաց Բադալյանը։

Դիմելով ժողովրդին՝ նա նշեց, որ պետք չէ մի անգամ ոստիկանություն գնացած դուրս եկածին քաղհալածյալ համարել․ «Այն մթնոլորտը որ իշխանությունը ստեղծել է, կարծում եմ սրա մասին ժողովուրդը շատ երկար երազել է և մենք շարունակելու ենք այդպես էլ շարժվել առաջ։ Սիրելի ժողովուրդ, այո, նույնիսկ փոքրիկ խնդիր լուծելիս ձեր կարծիքը հաշվի է առնվելու»։ Պատգամավորն ասաց՝ չի առաջարկում գնալ կառուցողական դաշտ․ «Շարունակեք այնպես, ինչպես սկսել եք, պետության ողնաշարը կոտրելը թող լինի հենց այսպես՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով ու նրա հետ համագործակցելով, եթե դա ձեզ համար ողնաշար կոտրել է, ապա, կներեք, ես առաջարկությունների ոչ մի կարիք չեմ տեսնում»։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը