Քաղաքական

06.02.2020 15:33


«Փաշինյանի կողմից կոնկրետ հանձնարարականներ եղել են ընդհանուր բոլորի նկատմամբ». Արթուր Վանեցյան (տեսանյութ)

«Փաշինյանի կողմից կոնկրետ հանձնարարականներ եղել են ընդհանուր բոլորի նկատմամբ». Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Երեկ տպագիր մամուլի մի խումբ խմբագիրներ հանդիպեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։ Հանդիպումը տևեց մոտ 2 ժամ, կլուսաբանվի վաղվա թերթերում։ Հանդիպմանը ներկա էր 9 խմբագիր՝ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը, «Իրատես» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը, «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր Արտակ Ճաղարյանը:

Եվս երեք խմբագիրներ՝ «Չորրորդ իշխանություն», «Հայկական Ժամանակ» և «Ժամանակ» թերթերի, հրավիրվել էին, սակայն չէին եկել։ Արթուր Վանեցյանը պատասխանել է տարաբնույթ հարցերի և հայտարարել ստեղծվող կուսակցությամբ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալելու մասին:

–«Հայրենիք» զարգացման հիմնադրամը Ձե՞ր հիմնադրամն է:

–Այո, «Հայրենիք» զարգացման հիմնադրամը ես գրանցեցի շուրջ 1-1.5 ամիս առաջ, հիմնական նպատակն այն է, որ ես շատ եմ կարևորում քաղհասարակության դերը մեր երկրում, և առհասարակ բոլոր այն պետությունները, որոնք որդեգրել են ժողովրդավարության սկզբունքը և ժողովրդավարական երկրներ են, պետք է ունենան շատ զարգացած և ուժեղ քաղհասարակություն: Ինչ-ինչ պատճառներով նախկին իշխանությունների ժամանակ պետությունը մեծ ուշադրություն չի դարձրել քաղհասարակության զարգացմանը, այդ իսկ պատճառով այդ դաշտը գրավել են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), որոնք ֆինանսավորվում են դրսից, և այդ քաղհասարակության ներկայացուցիչները հիմնականում հանդիսանում են այդ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների ներկայացուցիչներ: Այսօր՝ հեղափոխությունից հետո, հասարակական կազմակերպությունների դաշտը գրեթե մնացել է դատարկ, որովհետև ՀԿ դաշտի շատ ներկայացուցիչներ ներգրավվել են այսօրվա իշխանությունների մեջ: Բացի այդ, ես չեմ վախենա և կասեմ, որ որոշակի մենաշնորհ կա Հայաստանի ՀԿ դաշտում, և այդ ամենի դեմ ոչ մի բան չունենալով՝ ես որոշեցի, որ մենք պետք է ստեղծենք «Հայրենիք» զարգացման հիմնադրամը և աջակցենք քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող մեր հայրենակիցներին:

Ամենամեծ և ամենակարևոր տարբերությունը, որը տեսնում եմ և որի համար որոշել եմ գրանցել «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, այն է, որ մեր կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները և անհատները, նաև ԶԼՄ-ները, որոնց աջակցություն ցույց կտանք, Հայաստանում ոչ թե օտարերկրյա օրակարգ առաջ կբերեն, այլ կառաջնորդվեն մեր ազգային օրակարգով: Այսինքն՝ որքան էլ այն ՀԿ-ները, որոնք այսօր գործում են Հայաստանում և ֆինանսավորվում են դրսից, ասեն և պատմեն մեզ, որ իրենց գործունեությունն ուղղված է բացառապես Հայաստանի շահերին, դա այդպես չէ: Ամեն դեպքում, ֆինանսավորողը դրսից է, և ինչ-որ մի պահի նրանք սպասարկելու են օտարի շահերը, և առաջ են բերելու այլ պետությունների օրակարգեր: Իսկ ես շատ կարևորում եմ մեր ազգային օրակարգը, և այդ ուղղությամբ փորձելու ենք տանել ակտիվ աշխատանքներ, որպեսզի ձևավորենք մեր ազգային օրակարգը՝ քաղհասարակության միջոցով:

–Հայաստանում այսպիսի սովորություն կա՝ հիմնադրամ ստեղծողները հիմնում են հիմնադրամը, հետո սկսում են դրամ հավաքել: Իսկ իմ պատկերացմամբ և որոշ փորձառությամբ՝ նախ պետք է հիմնադրամը լինի: Ձեր հիմնադրամի պարագայում ինչպե՞ս է լինելու:

–Այո, դուք ճիշտ եք, եթե հիմնվում է հիմնադրամ, ուրեմն՝ պետք են նաև գումարներ: Այդ ուղղությամբ ես ունեցել եմ հանդիպումներ հիմնականում Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, այս պահին անունները չեմ հնչեցնի: Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ հանդիպումներ եմ ունեցել, պատմել եմ մեր հիմնադրամի նպատակների մասին, և նրանցից ստացել եմ հավաստիացում, որ նրանք կաջակցեն մեզ որոշակի ֆինանսներով, որովհետև իրենց բացատրվել է, որ այդ ֆինանսներն օգտագործվելու են բացառապես մեր ազգային օրակարգի ձևավորման համար: Շատ կարևոր հանգամանք կա՝ «Հայրենիքը» զարգացման հիմնադրամ է, այլ ոչ թե բարեգործական: Մենք բարեգործությամբ չենք զբաղվելու, մենք զբաղվելու ենք կոնկրետ խնդիրների լուծմամբ:

–Կա՞ն արդեն պլաններ, առաջնային քայլեր:

–Ես շատ եմ կարևորում մեր հիմնադրամի թափանցիկ աշխատանքը, թափանցիկությունը լինելու է առաջնահերթություն, և մենք հենց գործունեությունը սկսենք, իսկ կսկսենք շատ մոտ ժամանակներս, կլինի կայք, կլինեն հայտարարություններ, և կունենանք արդեն հայտեր, և ըստ սահմանված կարգի՝ ընտրությունը կկատարվի, և այդ դրամաշնորհները կտրամադրվեն: Շատ կարևոր մի հանգամանք էլ եմ ուզում նշել, ի դեպ, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի տարածքում շատ մեծ տարածք հատկացնելու ենք մի վայրի, որը կոչվելու է Media HUB, այսինքն՝ այդտեղ լինելու են աշխատասենյակներ, լինելու է մամուլի ասուլիսների սրահ, ժամանակակից կահավորմամբ պայմաններ, որտեղ կարող են գալ երիտասարդներ, ՀԿ-ներ, խմբեր, այդ տարածքից անվճար օգտվեն, այդտեղ կարող են գալ ԶԼՄ ներկայացուցիչներ, այսինքն՝ լինի մի տեղ, որտեղ մարդիկ հավաքվեն, կիսվեն իրենց մտքերով: Միգուցե ցանկանան կազմակերպել մամուլի ասուլիսներ, ֆորումներ, և այլն: Նկատի ունեմ՝ մի առանձին հարթակ է լինելու, որը նորույթ է լինելու Հայաստանում և նպաստելու է թե՛ ԶԼՄ-ների զարգացմանը, թե՛ քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների:

–Իսկ ինչպե՞ս եք զուգակցելու այդ հասարակական գործունեությունը քաղաքական գործունեության հետ, կամ լինելո՞ւ է քաղաքական գործունեություն:

–Այսօր ես հայտարարելու եմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին և փորձելու եմ ներկայանալ արդեն քաղաքական դաշտում: Քաղաքական գործունեությամբ զբաղվելը ենթադրում է քաղաքական ուժի ստեղծում, գրանցում, որը ես առաջիկայում պատրաստվում եմ իրականացնել: Առաջիկայում կհիմնադրվի նոր քաղաքական ուժ, այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են քաղաքական կոնսուլտացիաներ, և շատ մոտ ժամանակներս կհայտարարենք մեր կուսակցության գրանցման մասին:

–Երբ ասում եք՝ հիմնադրամի հովանավորներն ապրում են Հայաստանից դուրս, ենթադրում եմ, որ ռուսահայ գործարարներ են, դա չեղա՞վ, որ դրսից է ձեր ֆինանսավորումը:

–Նախ՝ ոչ միայն ռուսահայեր, խոսքը վերաբերում է նաև Ամերիկայում, Եվրոպայում, ինչպես նաև՝ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին: Այդ ֆինանսավորողներն ազգությամբ հայեր են, իսկ մենք շատ լավ գիտենք, որ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները շատ հայրենասեր մարդիկ են և ցանկացած հարմար առիթի ու հնարավորության դեպքում աջակցում են Հայաստանին և Արցախին:

–Դուք ուսումնասիրություն ունե՞ք՝ Ձեր մուտքը քաղաքական դաշտ այսօր պահանջարկ ունի՞:

–Ես շատ լավ գիտեմ այն մտահոգությունները, որոնք կիսում են մեր քաղաքացիները բակերում, աշխատավայրերում, իրենց ընկերական հանդիպումների ժամանակ, և այդ մտահոգությունները շատ համատարած են, և եթե անկեղծ լինեմ՝ տեղին: Այդ ուսումնասիրությունները մենք կատարել ենք, և կարծում եմ, որ այսօր անհրաժեշտություն կա, որպեսզի ձևավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել և միավորել հասարակության այն լայն զանգվածը, որն այսօր չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, դժգոհ է այսօրվա իշխանությունների գործելակերպից, չեն արդարացվել հասարակության հույսերը, և նրանք նաև մարդիկ են, որ չեն ուզում՝ վերադարձ անցյալին:

Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ եկել Հայաստանում՝ հասարակությանը սևի և սպիտակների բաժանելը: Ես կարծում եմ՝ դա կեղծ օրակարգ է, որը բերվել է մեր դաշտ, քաղաքական օրակարգ, ըստ որոնց՝ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են: Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա: Վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, որը պայքարելու է դրա դեմ, որ վերադարձ անցյալին հանկարծ չլինի: Բայց նաև ես այն մարդն եմ, որը դեմ է հասարակության բաժանումներին, և այդ կեղծ օրակարգը, որը մանիպուլյատիվ կերպով տարածվում է մեր հասարակության և ժողովրդի շրջանում, որ կան սևեր և սպիտակներ… նման բան չկա, մենք բոլորս հայ ենք և բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք:

–Պարոն Վանեցյան, Ձեր հրաժարականի տեքստում էլ հնչեց, որ մեր երկրում վտանգ կա, բայց չկոնկրետացրեցիք՝ ի վերջո, ո՞ւմ կողմից, ովքե՞ր են այդ վտանգը ներկայացնում: Հիմա կկոնկրետացնե՞ք՝ ի՞նչ վտանգներ, ո՞ւմ կողմից, ինչո՞ւ եք մինչև այժմ լռում, ումի՞ց եք կաշկանդված:

–Բոլոր այն մարդիկ, որոնք կարողանում են մի քանի քայլ առաջ տեսնել և հաշվարկել, շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում այսօր մեր երկրում, և լռել այդ ամենի մասին ու չբարձրաձայնել, կարծում եմ՝ կլիներ շատ սխալ: Հատկապես՝ մի մարդու կողմից, ով 1.5 տարի զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնը, և վերջին 20 տարին աշխատել է ԱԱԾ-ում: Ստացվող տեղեկությունների վերլուծությունը, այդ ունակությունը ես ձեռք եմ բերել իմ 20 տարիների աշխատանքի ընթացքում, ինձ հիմք է տվել ենթադրել, որ այն զարգացումները, որ տեղի են ունենում այսօր Հայաստանում, այսինքն՝ տեղի էին ունենում՝ սկիզբը դրվել է 5-6 ամիս առաջ, ես կանխատեսել էի, որ հետևանքները լինելու են Հայաստանի համար ոչ բարենպաստ: Այն վտանգները, որոնք տեսել եմ այն ժամանակ, այսօր ի հայտ են գալիս կամաց-կամաց: Որպես օրինակ՝ կարող ենք բերել եվրոպական կառույցների վերջին 2 կոշտ գնահատականները ՀՀ նկատմամբ, որն ուղղակի անվտանգության տեսանկյունից նաև շատ մեծ խնդիր է մեզ համար, որովհետև մեր երկրի միջազգային վարկանիշին է վերաբերում, և առհասարակ, աշխարհի ցանկացած կետում մարդիկ, ովքեր հիմա վերցնեն և հետևեն Հայաստանի լրահոսին, կտեսնեն այնպիսի վերնագրեր, վերլուծություններ, որն ուղղակի ապշեցնող է:

–Ներկա իշխանությունները, փաստ է, որ հույսը դրել են Ձեզ հունից հանելու վրա, Դուք կկարողանա՞ք դիմակայել սպասվող սադրանքներին, հատկապես՝ այսօրվանից հետո:

–Անկեղծ ասած՝ ինձ հունից հանելը շատ դժվար է, գրեթե անհնար: Դա անգամ մեկ-մեկ ինձ խանգարում է իմ էմոցիաները ցուցադրել: Բայց կարող եմ ֆիքսել մի բան՝ վերջին շրջանում իմ դեմ տարվող տեղեկատվական արշավը շատ վաղուց էր պլանավորված և դերաբաշխված՝ դեռևս, երբ ես ԱԱԾ տնօրեն էի: Եթե դուք կհիշե՞ք՝ իմ պաշտոնավարման վերջին մի քանի ամիսներին ինչ-որ տարբեր տեղերից ուղղորդված սկսեցին իմ մասին գրել կեղծ և ստահոդ հոդվածներ, և այդ ամենը տեղավորվում է այն տեղեկատվական արշավի մեջ, որն իմ դեմ իրականացվում է: Որպես օրինակ՝ կարող եմ բերել վերջին շրջանի հրապարակումներն իմ մասին, որոնցից որևէ մեկը չհաստատվեց՝ ամբողջությամբ սուտ էին: Այսինքն՝ հրապարակ են բերում մի վարկած, մի թեզ, ներկայացնում են՝ որպես վերջին կետի ճշմարտություն, հետո սկսում են իրենք իրենց հերքել: Հասանք անգամ նրան, որ ինձ մեղադրեցին պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ…

–Հիբրիդայի՞ն էր, գոնե, թե՞ հասարակ:

–Դա նույնպես տեղավորվում է այդ տեղեկատվական արշավի շրջանակներում, և ինչ ունեցանք՝ մի անլուրջ իրավիճակ: Հայտնի թերթը (Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակը», -«168 Ժամ») իմ մասին գրում է մի հոդված, որտեղ ինձ մեղադրում են պետական հեղաշրջման մեջ, և այլնի, և այլնի մեջ, ես, իհարկե, արձագանքում եմ, հերքում եմ: Դուրս է գալիս մի բարձրաստիճան պետական պաշտոնյա՝ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար, պատգամավոր և այլն, և պնդում են, որ նման փորձ է եղել, որ ես մասնակից եմ եղել պետական հեղաշրջման փորձի: Այնուհետև ստանում ենք ԱԱԾ պաշտոնական պարզաբանումն այդ ուղղությամբ, որ նման դեպք չի եղել, նման փորձ չի եղել: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ՝ մենք այդպես չենք ասել, մենք ասել ենք, որ դա հիբրիդային հեղաշրջում է… Օրակարգ է բերվում մի տերմին, որն օգտագործվել է, եթե չեմ սխալվում, Ուկրաինայում: Դա ուղղակի… չգիտեմ, խոսքեր չեմ գտնում ասելու, այդ անլրջությունը, որ տրվում է այդ ամեն ինչին: Պետական հեղաշրջման փորձ իրականացնող մարդը պետք է նստած լիներ համապատասխան վայրում:

–Այսինքն, կարող ենք հասկանալ, որ Դուք նման ցանկություն չեք ունեցել:

–Իհարկե, ես նման ցանկություն չեմ ունեցել, ընդհակառակը՝ ցանկացած մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում, կամ հակասահմանադրական ճանապարհով կփորձի տիրանալ իշխանությանը, այդ մարդը պետք է դատապարտվի և կրի իր պատիժը: Իրավունք չկա՝ հակասահմանադրական ճանապարհով կատարել որևէ քայլ. թե այդ քայլը ինչ նպատակներով դրդված կլինի՝ որևէ կապ չունի:

–Իսկ, ըստ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական ճանապարհո՞վ տիրացավ իշխանությանը:

–Այդ հարցի շուրջ կա մեծ բանավեճ, որոշ շրջանակներ ասում են, որ ոչ, որոշ շրջանակներ ասում են՝ այո, բայց ես, եկեք, մի քիչ ավելի խորը պատասխանեմ այդ հարցին: 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, աննախադեպ էր: Ամբողջ ժողովուրդը փոփոխությունների ակնկալիքով և պահանջով դուրս եկավ հանրապետության փողոցներ և իր պահանջը ներկայացրեց:

–Ես այդ ժողովրդի մի մասնիկն եմ, օրինակ՝ ես դուրս չեմ եկել:

–Ժողովրդի մեծամասնությունը՝ այսպես ասեմ: Ես՝ լինելով ԱԱԾ աշխատակից, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ անգամ պետական կառույցներում, չնայած՝ որևէ կերպ դա չէր արտահայտվում գործողություններով, մարդիկ սպասում էին փոփոխությունների, և այդ փոփոխությունները եղան: Հետագայում եղան զարգացումներ՝ խորհրդարանի լուծարում, և այլն, և այլն, և մենք ունեցանք այն, ինչ այսօր ունենք: Համաձայն չեմ այն պնդման հետ, որ առաջին փուլը հակասահմանադրական էր, որովհետև եղել է ժողովրդի պահանջ, նախկին իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որոշում են կայացրել գնալ ժողովրդի պահանջի կատարման ուղղությամբ, և հրաժարական ներկայացրել ու իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին: Բացի նրանից, որ հանձնվել է, նաև ՀՀԿ-ն, որն այդ ժամանակ խորհրդարանի մեծամասնությունն էր, աջակցել է Նիկոլ Փաշինյանին՝ սահմանադրական ճանապարհով վարչապետ ընտրվել: Այ, թե ինչ եղավ հետո, դա արդեն խորը վերլուծության և զրույցի թեմա է, որի մասին մի օր առանձին կխոսենք և փակագծեր կբացենք:

–Փոքրիկ տեխնիկական հարց՝ Դուք ասացիք՝ հայտնի թերթը. արդյո՞ք այս հանդիպմանը հրավիրված էին «Հայկական Ժամանակ», «Ժամանակ» և «Չորրորդ իշխանություն» թերթերը:

–Ես երեկ չէ առաջին օրը կապվել եմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի ներկայացուցչի հետ, ինչպես գիտեք՝ բոլորիդ անձամբ ես եմ հրավիրել այս հանդիպմանը. ես SMS եմ ուղարկել «Հայկական Ժամանակ» օրաթերթի ներկայացուցչին, ասել եմ, որ գլխավոր խմբագիրների հետ նման հանդիպում եմ նախատեսել, ուզում եմ նաև ներկա լինի ձեր գլխավոր խմբագիրը: Ինձ պատասխան է եկել՝ մեր գլխավոր խմբագիրը Աննա Հակոբյանն է, ես գրել եմ ինչ-որ մի բան, հիմա չեմ ուզում մանրամասնել, թողել են անպատասխան:

«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագրին գրել եմ SMS, ասել եմ՝ եթե Ձեզ հարմար է, զանգահարեմ՝ խոսենք, երևում է, որ SMS-ը կարդացել է, բայց չեն պատասխանել:

«Չորրորդ իշխանության» գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանի հետ խոսել եմ, հրավիրել եմ, նա ասաց՝ կարող է՝ գամ, կարող է՝ չգամ, բայց եթե չգամ, հետո առանձին կփորձենք մի հարցազրույց անել, ես ասել եմ՝ շատ լավ: Այսինքն՝ դա է եղել ամբողջ պատմությունը: Ես շատ կուզեի, որ հանդիպմանը ներկա լինեին նաև ձեր նշած լրատվամիջոցների ներկայացուցիչները, գլխավոր խմբագիրները:

–Մինչև 2018թ. իշխանափոխությունը, ընդունեք, որ լայն շրջանակների կողմից Դուք հայտնի չեք եղել, փաստացի, Նիկոլ Փաշինյանը Ձեզ վստահեց, Դուք բավականին հայտնի դարձաք: Արդյո՞ք զուտ բարոյական նկատառումներով ճիշտ չէր՝ Ձեր հրաժարականն առանց հայտարարությունների անել, ավելի հանդարտ հրաժարական տալ:

–Նախ՝ սկսեմ հարցի սկզբից. ինչ վերաբերում է հանրային լինել-չլինելուն: Իմ աշխատանքը վերջին 20 տարիներին չի ենթադրել հանրային գործունեություն, դա է պատճառը, որ ես հանրային ճանաչում չեմ ունեցել: Եվ կարող եմ ասել, որ, բացի Նիկոլ Փաշինյանից, մնացած այն մարդիկ, ովքեր այսօր եկել են իշխանության, նրանցից գրեթե 98 տոկոսը հանրային ճանաչում չի ունեցել: Իշխանության գալուց հետո յուրաքանչյուրն իր աշխատանքով կարողացավ իր տեղը զբաղեցնել այս հասարակության մեջ, և այն տեղը և դերը, որը զբաղեցվեց ԱԱԾ-ի կողմից և անձամբ իմ կողմից, դուք բոլորդ ականատես եք եղել, թե ինչ ահռելի մեծ վստահություն է ձեռք բերել ԱԱԾ-ն, թե ինչ վերաբերմունքի եմ արժանացել ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, մեր հասարակության կողմից:

Ինչ վերաբերում է բարոյական կողմին. բարոյական չէր լինի այն, եթե ես կոնֆորմիզմից ելնելով՝ շարունակեի զբաղեցնել իմ պաշտոնը և չբարձրաձայնեի վտանգների մասին: Իմ և Նիկոլ Փաշինյանի միջև եղել են տարաձայնություններ, որի մասին ես բարձրաձայնել եմ իմ հրաժարականի տեքստով: Տարաձայնությունները հիմնականում եղել են քաղաքացու, հասարակության և պետության ընկալումների մեջ: Եթե կուզեք՝ մեր տարաձայնությունները եղել են առհասարակ կյանքի ընկալման և վերաբերմունքի մեջ: Ես Նիկոլ Փաշինյանին, հրաժարականիցս առաջ, առավել ևս՝ հրաժարականից հետո, ոչինչ պարտք չեմ: Ես կատարել եմ իմ աշխատանքը, ես արել եմ ամեն ինչ, որպեսզի հեղափոխության ժամանակ տրված խոստումները մեր հասարակությանը՝ իրականանան:

–Իսկ հրաժարականից հետո երբևիցե ափսոսանքի զգացում ունեցե՞լ եք:

–Ոչ: Ես չեմ ափսոսել հրաժարական ներկայացնելու համար, ես ափսոսում եմ միայն նրա համար, որ մենք չենք կարողացել արդարացնել այն բազմահազարանոց մարդկանց հույսերը, սպասումները, և ընդհակառակը՝ եղել են շատ մեծ հիասթափության առիթներ:

–Ամեն դեպքում, տարբեր կարծիքներ կան՝ կամ Ձեզ մեղադրում են, որ դավաճանել եք Փաշինյանին, կամ մեղադրում են Փաշինյանին, որ ժամանակին վստահել է Ձեզ: Դուք այս տիպի գնահատականներից չե՞ք վախենում:

–Դավաճան կոչվելու գնահատականից թող վախենան նրանք, ովքեր դավաճանեցին հեղափոխության գաղափարներին: Թող դավաճան պիտակավորումից վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից: Թող դավաճան պիտակավորումից վախենան բոլոր նրանք, ովքեր շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են և ասելու են, որ՝ չենք հասկացել, թե ինչ ենք անում:

–Անուններ կտա՞ք, ովքե՞ր են:

–Անուններ այսօր չեմ տա, բայց խոսքը վերաբերում է այն շրջանակին, որն այսօր իշխանության մեջ է:

Մանվել Գրիգորյանի «տուշոնկա շոուի», Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին

–Հիմա ոչ այնքան հաճելի բան պետք է հարցնեմ՝ ովքե՞ր էին տվել հանձնարարություն՝ պլանավորել և իրականացնել «տուշոնկա շոուն», Քոչարյանի կալանքի օպերացիան:

–Ես չեմ կիսում Ձեր գնահատականը, որ «տուշոնկա շոուն» կազմակերպված ինչ-որ միջոցառում էր, ԱԱԾ-ն իրականացրել է լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և բացահայտել է կոնկրետ հանցագործություններ: Հետագայում ինչ գնահատականներ տրվեցին այդ ամենին, ես չեմ դրա պատասխանատուն, բայց այն, ինչ ներկայացվել է ԱԱԾ-ի կողմից տարածված տեսանյութի մեջ, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Իսկ քննությունն իրականացվել է արդեն ՀՔԾ-ում՝ նախաքննության հետ: ԱԱԾ-ն որևէ առնչություն չի ունեցել, և եթե կան որոշակի հարցեր, դժգոհություններ, այդ հարցով պետք է դիմել նախաքննություն իրականացնող մարմնին: Բացի այդ, այսօր ընթանում է դատաքննություն, և բոլոր ապացույցները, ի վերջո, հանրությանը դառնալու են հասանելի, և գնահատականը կտրվի:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին՝ ես դա չէի կոչի՝ Ռոբերտ Քոչարյանի գործ, «Մարտի 1»-ի գործի բացահայտման մասին է խոսքը, բայց «Մարտի 1»-ի գործ ասելիս՝ հասկանում ենք, որ առաջնահերթությունը պետք է տրվեր 10 զոհված մարդկանց սպանությունների բացահայտմանը: Հիմա հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են այդ 10 զոհերի սպանության բացահայտմանը: Կարծում եմ՝ ոչ:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին՝ այս հայտարարությունից հետո ես գիտեմ՝ լինելու են շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, ընտրված է սխալ, և նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, թե խուսափում է քննությունից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա նաև կթուլացներ լարվածությունը հասարակության որոշ հատվածներում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը, իսկ մենք՝ բոլորս, ուզում ենք, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտվի: Ես չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որը դեմ է «Մարտի 1»-ի գործի բացահայտմանը:

-Իսկ, Ձեր կարծիքով՝ «Մարտի 1»-ի գործ ասվածը չի՞ ենթադրում նաև պատասխանատվության կանչել գլխավոր սադրիչին՝ Նիկոլ Փաշինյանին:

–Ես նորից չեմ ուզում կիսել Ձեր գնահատականը: Ես կարծում եմ, որ քննությունը պետք է իրականացվի բազմակողմանի, լիարժեք, որպեսզի որևէ մի կողմի մոտ հարցեր չծագեն: Քննության ընթացքում, եթե կպարզվի, որ մեղավոր է այս կամ այն գործող անձը, պետք է նրանց ևս կանչել պատասխանատվության: Բայց քանի դեռ չունենք քննությամբ ապացուցված որևէ մեղադրանք, որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք:

–Որքան էլ խուսափեք Ձեր պաշտոնավարման շրջանի հետ կապված փակագծեր բացելուց, ինձ թվում է, որ բազմաթիվ հարցեր կան հիմա կուտակված հասարակության մեջ, որ, եթե նույնիսկ հիմա մենք՝ խմբագիրներս, այստեղ չբարձրաձայնենք, վաղը-մյուս օրը Դուք դուրս եք գալու փողոց, շփվելու եք մարդկանց հետ, քաղաքական Ձեր գործունեության ընթացքում այդ հարցերն անպայման հնչելու են: Դրա համար, կարծում եմ՝ արժե առավելագույնս անկեղծ և բաց լինել հասարակության հետ և բոլոր փակագծերը բացել:

–Խնդրեմ, ես ասացի, որ պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի, որը չի պարունակում պետական գաղտնիք: Խնդրեմ:

–Վերադառնալով Ձեր պաշտոնավարման շրջանին, մեզ շատ հետաքրքրում է, մասնավորապես, թե ինչպե՞ս է աշխատել ԱԱԾ-ն, ի՞նչ հարաբերություն է ունեցել վարչապետ Փաշինյանի և կառավարության հետ, ի՞նչ հանձնարարականներ են իջեցվել, այդ թվում՝ անօրինական հանձնարարականներ, որոնք Դուք կատարել եք: Հասկանալի է, որ ինչ-որ մի բան կուտակվել է մինչև Ձեր հրաժարականի պահը, բայց դրանից առաջ, հաստատապես, եղել են ինչ-որ երևույթներ, որոնք Ձեզ անհանգստացրել են: Արդյո՞ք Ձեր պաշտոնավարման այդ փուլում ունեցել եք անկեղծ խոսակցություն վարչապետի հետ, զգուշացրե՞լ եք իրեն հնարավոր հետևանքների մասին, կոնկրետ գործերի հետ կապված ինչպիսի՞ տարաձայնություններ են եղել, ինչպիսի՞ կոնֆլիկտներ եք ունեցել իր հետ: Ցանկալի է, որ մի քանի օրինակներով նաև հիմնավորեիք, որպեսզի ավելի պարզ հասկանանք, թե ինչպես է տեղի ունեցել Ձեր 1.5 տարվա աշխատանքը՝ մինչև հրաժարականի պահը:

–Քանի որ Ձեր հարցը պարունակում է մի քանի հարցեր, ես փորձեմ տարանջատել և հերթով պատասխանել: Նախ՝ ուզում եմ սկսել նրանից, որ երևի թե շատ լավ հասկանում եք, որ 20 տարվա օպերատիվ աշխատողի ստաժ ունեցող մարդը, սպան, գեներալը, երբեք չի պատմի իր անձնական և աշխատանքային զրույցների մասին վարչապետի հետ, բայց, այնուամենայնիվ, Ձեր հարցի մեջ եղավ մի հարցադրում՝ եղե՞լ են անօրինական հանձնարարականներ. վարչապետը բազմիցս հրապարակայնորեն մեզ տվել է այնպիսի հանձնարարություններ, որոնք ուղղակի…

–Կատարման ենթակա չեն եղել:

–Կամ կատարման ենթակա չեն եղել…

–Օրինակներ կբերե՞ք:

–Օրինակ՝ կառավարության նիստին վարչապետն ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները… Հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ տեղորոշել սևազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում… ի՞նչ սևազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված կերպարներ, որոնք իբր ահաբեկում են ժողովրդին, իբր ժողովրդական պահանջ է, և իբր նրանք հասարակությանը վտանգ են ներկայացնում: Վերջին իրադարձությունները նայելով և վերլուծելով՝ ես ուղղակի ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում ողջ իրավապահ համակարգի գործունեությունը: Անլրջացնում են: Մարդիկ արդեն ծիծաղում են: Դուք հասկանո՞ւմ եք՝ մարդուն բերման են ենթարկում, մարդը դուրս է գալիս և ծիծաղում է, հարցազրույց է տալիս և ինչ-որ անթույլատրելի արտահայտություններ է անում: Բայց ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել: Եթե նպատակը մարդկանց վախեցնելը, լռեցնելն է… ես մի ավելի լավ առաջարկ ունեմ գործող իշխանություններին՝ Խորհրդային Միության տարիներին ով իրեն խելոք չէր պահում, բռնում էին՝ 15 սուտկա նստեցնում էին: Թող մի հատ օրենք ընդունեն՝ ով իրենց դեմ է խոսում, ով իրեն խելոք չի պահում կամ դաստիարակչական նկատառումներ՝ կստանա 15 սուտկա: Գոնե կասենք՝ օրենք են ընդունել, մի բան են անում: Ի՞նչ է նշանակում՝ մարդն ամբողջ օրը ոստիկանության դիմաց կանգնում է, գնում-հասնում է տուն՝ թևերը ոլորում են, պառկեցնում են գետնին՝ ոնց որ վերջին ահաբեկչին, բերում են ոստիկանություն, կես ժամ հետո բաց են թողնում: Դա նորմա՞լ է, իհարկե նորմալ չէ:

Շատ կարևոր մի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրականում գրվում է, որ ոստիկանությունը սաբոտաժ է անում և անհիմն բերման է ենթարկում մարդկանց, որ դեմ է հեղափոխությանը: Դուք հավատում եք, որ ոստիկանությունում կարող է լինել ինքնուրույն որոշում, որ գնան՝ հանրային, հասարակական, քաղաքական գործիչներին բերման ենթարկե՞ն: Իհարկե ո՛չ:

Կամ Փաշինյանի վերջին հանձնարարությունը ԱԱԾ-ին՝ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները:

–Ընթացք է տրվել դրան:

–Դե, գիտե՞ք ինչ, ԱԱԾ-ն զինվորական մարդիկ են, որոնք իրենց վերադասի հրամաններն ընդունում են՝ որպես…

–Ինչո՞ւ են անօրինական հրամաններ կատարում, առավել ևս՝ անհեթեթ հրամաններ:

–Չե՞ք կարծում, որ դրանից հետո Ձեր նկատմամբ նման ինչ-որ քայլ կատարվի, ո՚՞նց կարձագանքեք:

–Դուք վերջերս նաև Քննչական կոմիտե էիք գնացել՝ գաղտնալսման գործով:

–Ինձ հրավիրել էին Քննչական կոմիտե՝ գաղտնալսման գործով՝ որպես վկա հարցաքննվելու: Հարցաքննվել եմ, ներկայացրել եմ իմ ունեցած տեղեկատվությունը: Դա նախաքննական գաղտնիք է, դրանից ավել բան այս պահին ասել չեմ կարող: Երկրորդ գործով, որով հրավիրվել եմ Քննչական կոմիտե, դա եղել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, ևս տվել եմ ցուցմունք, որի մասին էլի չեմ կարող մանրամասներ հրապարակել, դա նախաքննական գաղտնիք է:

–Երբ վարչապետը, Ձեր կարծիքով՝ անհեթեթ հրաման էր տալիս, ենթադրենք, Դուք նստած եք, չէ՞, կառավարության այդ նիստում, Դուք ի՞նչ եք ասում՝ есть, հա՞:

–Ես եթե ասեի՝ есть, մինչև այսօր կշարունակեի մնալ ԱԱԾ տնօրեն, կլինեի բոլորի կողմից շատ սիրված Վանեցյանը, կլինեի Ֆեյսբուքի թիվ մեկ սիրված հերոսը և չէի գնա այս դժվար ճանապարհով, որը ես որոշել եմ, ընտրել եմ և գնալու եմ: Ես իմ ողջ ծառայության ընթացքում որևէ անօրինական հրաման չեմ կատարել: Թե ինչպես չեմ կատարել և շարունակել եմ պաշտոնավարել, այդ հարցի հասցեատերը ես չեմ, խնդրում եմ՝ այդ հարցով դիմեք Նիկոլ Փաշինյանին:

Մանրամասները՝ 168.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը