Քաղաքական

06.02.2020 10:47


ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնել է հենց ԱԳ նախարարության դիրքորոշումը. Զախարովա

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնել է հենց ԱԳ նախարարության դիրքորոշումը. Զախարովա

Հայաստանում ՌԴ դեսպանատան արտահայտած մտահոգությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումն է: Այս մասին Tert.am-ին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան`անդրադառնալով հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա`այդ թվում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր սահմանափակման մասին հայտարարությանը:

«Դեսպանատան դիրքորոշումը հենց ԱԳՆ դիրքորոշումն է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն արձագանքել էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի կողմից «համառորեն առաջ քաշվող այն դիրքորոշմանը, ըստ որի՝ հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա` այդ թվում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը»:

«Տիգրան Ռ. Հակոբյանի մեկնաբանությունից զարմանքով տեղեկացանք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը համակարծիք է նման մոտեցման հետ:

Կցանկանայինք հիշեցնել, որ դեսպանի և Հակոբյանի միակ և բավականին շուտ կայացած զրույցի ընթացքում, առանց օտարերկրյա հեռարձակողների «նվազագույն սոցիալական փաթեթ» ստեղծելու նրա մտադրություններն ընդամենն ընդունվել են ի գիտություն:

Միևնույն ժամանակ, դիվանագիտական առաքելության ղեկավարի կողմից նշվել է ռուսական հեռուստաալիքների մշտական դիտողներ հանդիսացող ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը:

Ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական հարաբերությունների դաշնակցային, եղբայրական բնույթի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հնչեցրած հայտարարությունների ֆոնին ռուսական հեռուստաալիքների՝ «ազգային անվտանգության համար ներկայացնող սպառնալիքների» մասին թեզը տարակուսանք է առաջացնում»,-ասված էր ՌԴ դեսպանատան մեկնաբանությունում:

Նշենք, որ ավելի վաղ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր երկրում հեռարձակվող օտարերկրյա հեռուստաալիքների խնդրին՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպետք է լինեն։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ։

«Օրինակ` վրացիների մասին, ուկրաինացիների մասին, որովհետև տվյալ պետությունը նրանց հետ թշնամական հարաբերություններ ունի։ Իսկ Վրաստանը մեր հա՛մ հարևանն է, հա՛մ դաշնակիցը։ Կան արևմտյան ընկերություններ, որոնց թշնամին կամ հակառակորդը Իրանն է, ու նրանք կարող են այդ հեռուստաընկերությամբ հակաիրանական բովանդակություն եթեր տալ»,–ասել էր Հակոբյանը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ համապատասխան կարգավորումն առաջիկայում պետք է ամրագրվի նաև ՀՀ օրենսդրությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը