Կարծիք

06.02.2020 09:37


Նիկոլ Փաշինյանի համազգային կոնսենսուսը և իրականությունը

Նիկոլ Փաշինյանի համազգային կոնսենսուսը և իրականությունը

Վարչապետ Նիկոլը Փաշինյանը, թերևս զգալով վերջին օրերին թանկարժեք գրիչների և ՀԴՄ կտրոնների նկատմամբ իր դրսևորած անառողջ ուշադրությանը ոչ միարժեք արձագանքը հասարակության կողմից, որոշեց անդրադառնալ բարձր մատերիաներին, և հիշեցնել մեզ ոչ ավել, ոչ պակաս՝ համազգային կոնսենսուսի վեց կետերի մասին (թերևս հընթացս հող նախապատրաստելով Սահմանադրական դատարանը ցրելու համար)։ Վերացարկվելով նրանից, թե ինչու հենց այդ վեց կետերը, փորձենք հասկանալ, թե որքանով է պարոն Փաշինյանը իր իսկ կողմից հռչակած "համազգային կոնսենսուսը" փորձել մինչ այժմ կյանքի կոչել՝

Կոնսենսուս 1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից։

Իրականությունը այստեղ առնվազն հակասական է։ Մի կողմից, անցած ժամանակաշրջանում իշխանությունը իր քաղաքական հակառակորդների նկատմամբ բացահայտ, և անկառավարելի բռնության չի դիմել։ Մյուս կողմից, կալանքի անհամաչափ օգտագործումը որպես խափանման միջոց, ցուցադրական նպատակներով մարդկանց բերման ենթարկումները, ատելության քարոզը և հոգեբանական ճնշումները, ֆեյքերի պատերազմը սոցիալական ցանցերում, իրականում բերել են հասարակության մեջ լարվածության և փաստացի բռնության աճի, որը, մասնավորապես, արտահայտվել է 2019 թ․ ընթացքում սպանությունների և անձի դեմ ուղղված հանցագործությունների աճով, նախկին պետական պաշտոնյաների ինքնասպանության ռեզոնանսային դեպքերով, և նաև վերջերս արդեն ահաբեկչական գործողություններով։

Կոնսենսուս 2. Ժողովուրդը եւ նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձեւավորման միակ աղբյուրն է։

Իրականությունը այստեղ ևս միարժեք չի։ Մի կողմից, գործող իշխանությունը ընտրված է ընտրողների ազատ կամաարտահայտման հիման վրա։ Մյուս կողմից, ընտրություններին հաջորդած մեկ տարվա ընթացքում, իշխանությունը շրջանառության մեջ է դրել բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց վերաբերյալ այն ոչ միայն որևէ ընտրական մանդատ չի ստացել (Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում, հայոց լեզվի ուսուցման սահմանափակում բուհերում, սպանդանոցների պարտադիր օգտագործում, ծննդատների լուծարում, ճանապարհային խախտումների բալային համակարգ), այլև փորձել է դրանք գործարկել՝ առանց հաշվի առնելու նույն այդ ընտրողների կարծիքը։ Դրան ավելանում է ժողովրդի անունից խոսելու և իշխանությունը ժողովրդի հետ նույնականացնելու պարբերական մոլուցքը, ինչը ակնհայտ մանիպուլյատիվ հնարք է, և նպատակ ունի իշխանությանն ուղղված ցանկացած քննադատություն ուղղորդել ժողովրդի վրա, և խուսափել սեփական սխալների համար պատասխանատվությունից։

Կոնսենսուս 3. Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է։

Արտաքուստ, իշխանությունը այստեղ տպավորություն է ստեղծել, որ այն ավելի ինքնուրույն է, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունից։ Իրականությունը այն է, որ արտաքին ուժի կենտրոնները ինչպես ակտիվ ներքաշված էին ներհայկական անցուդարձի մեջ, այնպես էլ շարունակում են մնալ, դրանց էլ ավելացել են նորերը։ Արդյունքում, Հայաստանի ներքաղաքական կյանքը դարձել է տարբեր արտաքին ուժերի համար մարտադաշտ, իսկ օտարերկրյա հիմնադրամների կողմից բացահայտ ֆինանսավորված տարբեր անձիք սկսել են Հայաստանում բարձր պաշտոններ զբաղացնել, և ներսից սղոցել պետության կառույցը։ Հանուն արդարության, պետք է նշել, որ Հայաստանը նախկինում էլ սահմանափակ ինքնիշխանություն ուներ, սակայն ներկայումս տեղի ունեցողը գերազանցել է բոլոր խելամիտ սահմանները։

Կոնսենսուս 4. Հայաստանը եւ Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։

Վերջին տարվա ընթացքում, իշխանությունը վիթխարի ջանքեր է գործադրել, որպեսզի համոզի հասարակությանը, որ ինքը կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ունի։ Իրականությունը այն է սակայն, որ կոռուպցիան թեև որոշակիորեն նվազել է, բայց ոչ միայն չի վերացել, այլև նոր ձևեր է ընդունել՝ պետական միջոցների վատնման, պարգևավճարների համատարած բաժանման, օլիգարխների և նաև սեփական մերձավորների հետ "անթափանց" գործարքների, ակնհայտ լոբբիստական օրինագծերի շրջանառության տեսքով։ Պատահական չի, որ մի շարք նոր պաշտոնյաների արդեն կոռուպցիոն մեղադրանքներ են ներկայացվել, շատերն ազատվել են աշխատանքից, ոմանք ինքնակամ են լքել պետական ծառայությունը՝ այս ամբողջը ցույց է տալիս, որ կոռուպցիան խորը ներթափանցած է գործող համակարգի մեջ, և միայն բարձրագոչ լոզունգները բավարար չեն այն արմատախիլ անելու համար։

Կոնսենսուս 5. Իրավունքի եւ օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք։

Եթե մնացած կետերում իրավիճակը ոչ միարժեք է, ապա այս կետում մենք ընդհանրապես հայտնվել ենք հայտարարված "կոնսենսուսի" հակառակ բևեռում։ Իրավունքի գերակայության փոխարեն մենք ունենք դատարանների և դատավորների նկատմամբ անընդհատ ճնշումներ, ընդհուպ մինչև նրանց նկատմամբ ցուցադրական քրեական գործերի հարուցումը, դատարանների շրջափակում, ատելության քարոզ դատավորների (և մասնավորապես ՍԴ անդաների) նկատմամբ, դատարաններում վարվող գործերի քաղաքականացում, սահմանադրությունը շրջանցելու անթաքույց փորձեր, և որպես հետևանք՝ միջազգային կառույցների աճող տարակուսանք՝ այս իշխանությունների որդեգրած գործելաոճի վերաբերյալ։ Սրան գումարվեց 37 պատգամավորների վերջին խայտառակ նախագիծը՝ ի ցույց դնելով իշխանության ողջ իրավական նիհիլիզմը, և պետության առանցքային կառույցները քանդելու գնով սեփական իշխանությունը ամրապնդելու մոլուցքը։

Կոնսենսուս 6. Ամենագլխավոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։

Սա իսկապես գլխավոր և շատերիս համար անվիճելի կոնսենսուսն է, սակայն այս պահին տառացիորեն կես տարի առաջ տրված ձևակերպումը արդեն հնչում է որպես դառը հեգնանք։ Փոխարենը, իշխանությունը միջազգային տարբեր հարթակներից շրջանառության մեջ է դրել "հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի երեք ժողովուրդների շահերին" տարօրինակ թեզը, նույնիսկ չբացատրելով, թե որտեղից է առաջացել այդ երրորդ ժողովուրդը, և ինչպես կարելի է համատեղել ազատամարտի արդյունքների պաշտպանությունը մյուս կողմի շահերի պաշտպանության հետ։

Ամփոփելով, ցանկանում եմ խորհուրդ տալ պարոն Փաշինյանին և իր կողմից գլխավորած քաղաքական թիմին՝ առնվազն հետևողական եղեք ձեր խոսքերում և գործերում։ Եթե ձեր խոսքը գործի վերածելը դժվար է, մի զլացեք ընդունել դժվարություններն ու սխալները, ի վերջո ոչ ոք ձեզնից հրաշքներ չի սպասում։ Մի փորձեք սակայն անընդհատ ցանկալին ներկայացնել իրականության տեղ՝ անկախ ձեր ցանկությունից, իրականությունը վաղ թե ուշ բացահայտվում է բոլորի համար, և մարդիկ տեսնելու ու համապատասխանաբար գնահատելու են ձեր արածն ու չարածը, ճշմարտությունը և կեղծիքը, ժողովրդի հոգսով ապրելը և նրա անունից ճամարտակելը՝ և դիմակների հետևից ի վերջո տեսնելու են ձեր իրական դեմքը։

Եվ որպես վերջաբան՝ գուցե նաև Կոնսենսուսի ձեր 6 կետերին ավելացնենք 7-րդը․ Պետությունը հայ ժողովրդի ստեղծած մեծագույն արժեքն է, և մենք այն երբևիցե չենք քանդելու։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը