Կարծիք

05.02.2020 10:17


Բերման երեքշաբթի

Բերման երեքշաբթի

Թե՛ Մալյանին-Տեր Նակալյանին-Դանիելյանին-Սամսոնյանին, և թե՛ Հայրապետյանին առերևույթ ապօրինի բերման ենթարկելը կատարվել է երեքշաբթի օրերին՝ հունվար 28 և փետրվար 4:

Ըստ այդմ, ձեր ակնհայտ ապօրինի օրենսդրական փաթեթում առաջարկում եմ մի դրույթ էլ ավելացնել՝ հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ ոստիկանությունը պարտավոր է յուրաքանչյուր երեքշաբթի իրականացնել ռեժիմի առնվազն մեկ հակառակորդի ապօրինի բերում՝ զենք, թմրանյութ կամ ռադիոակտիվ նյութեր (սա հուշում է) պահելու պատրվակով։ Ոստիկանապետի ժպ-ն իրավունք չունի այդ ապօրինությունները քննարկել իրավապաշտպանների հետ»։

Մեկ է՝ մի ապօրինի, հանցավոր դրույթ՝ ավել կամ պակաս, ի՞նչ տարբերություն։

***

1) Մեկ օրվա ընթացքում 6 հանրային գործիչ «դիմակներ-ասֆալտ-ձեռնաշղթաներ» ձևաչափով բերման են ենթարկվում ինչ-որ «կասկածներով», բայց դրանք չեն հաստատվում՝ հիմք տալով մտածել, որ «կասկածները» զուտ պատրվակ էին, իսկ պատճառները լրիվ այլ էին (Եվրոպական դատարանի ասած՝ գործ ունենք hidden agenda-ի հետ)

2) Գեներացվում է հանրային պահանջ՝ հանդիպելու ոստիկանապետի ժպ-ին և քննարկելու իրավիճակը։ Պահանջը զուտ իրավապաշտպանական է և ընդգծված քաղաքակիրթ։

3) Ոստիկանապետի ժպ-ն չի արձագանքում այդ նախաձեռնությանը։ Ընդհակառակը, հանդիպման առաջարկվող օրակարգի մասով հանդես է գալիս ակնհայտ մերժողական ու հակաիրավական հայտարարություններով։

4) Ուղիղ մեկ շաբաթ անց, 6 հանրային գործիչներին բերման ենթարկելու սցենարով, բերման է ենթարկվում ևս մեկ հանրային գործիչ։ Կրկին դիմակավորված ոստիկաններ, կրկին ինչ-որ «կասկածներ», կրկին դրանք անտրամաբանական են, կրկին չեն հաստատվում, կրկին ոչ ոք ներողություն չի խնդրում բերվածից։

5) Ազատվելուց հետո այդ հանրային գործիչը շատ կոշտ գնահատական է տալիս իրեն անհիմն ու ապօրինի բերման ենթարկողներին։

6) Իշխանական ու մերձիշխանական շրջանակները «խիստ վրդովվում են» 5-րդ կետում հիշատակված «կոշտ գնահատականից», մոռանում են, որ այն 1-4-րդ կետերում նկարագրված համակարգային ապօրինությունների ուղիղ հետևանքն էր, ու սկսում են քննադատել ապօրինի բերման ենթարկվածին՝ մոռանալով ապօրինի բերման ենթարկողներին։

Եվ վերջում՝ հարց. 6-րդ կետում հիշատակված իշխանական ու մերձիշխանական շրջանակների վարքագիծը պարզ երեսպաշտությո՞ւն է, թե՞ պարզունակ աթոռապաշտություն։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը