Կարծիք

05.02.2020 08:17


Ահ կա Նիկոլի սրտում, իսկ երկու ահը մեկ մահ է

Ահ կա Նիկոլի սրտում, իսկ երկու ահը մեկ մահ է

Հարգելի հայրենակիցներ, անտարակույս, դուք զգում եւ տեսնում եք, որ հունվարի կեսերից մեր երկրում վարչապետի պաշտոնին նստած անձը եւ նրա մի խումբ քայլիստները ցայտնոտի նշաններ են ցույց տալիս։ Տղերքը իրար են անցել։ Եվ քանի որ զգում են վախճանը, ավելի անկառավարելի են դառնում՝ իրենց պահելով այն երես առած երեխայի պես, որն անդաստիարակ է, չար եւ շատակեր։ Եվրոպական տարբեր կառույցների կողմից օր օրի կոշտացող գնահատականներին, հորդորներին հակադարձում են անսահման ցինիզմով, այնքան են չափներն անցել, որ ասում են, եթե օրինակ, Բուքիքիոն ինչ-որ հակաօրինական, հակասահմանադրական բաներ է տեսել ՀՀ իշխանությունների գործողություններում, կարող է դիմել դատարան։

Պատկերացնո՞ւմ եք, թե սրանք որքան չեն պատկերացնում պահի լրջությունը։
Մեր երկիրը մոնիտորինգի տակ գտնվող երկիր է, եւ ամեն քայլ ու գործողություն դիտարկվում է խոշորացույցի տակ։

Նախկին իշխանությունների կողմից քարը քարին դրած, միջազգային նորմերին, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը համահունչ պետություն կառուցելու ամբողջ գործընթացի արդյունքները սրանք քանդում են, իրենց լեգիտիմությունը դրոշակ սարքած, համառորեն չուզելով տեսնել, որ այդ լեգիտիմությունից մնացել է «դիռկա ատ բուբլիկա»։ ՔՊ-ական պատգամավորները իրականության զգացողությունը կորցրել են եւ փորձում են Եվրոպային նույնպես պատասխանել նույն ցինիզմով, ինչ ցինիզմով վարվում են ՀՀ հպարտ քաղաքացիների հետ։

Նիկոլը մի մեծ շարասյունով գնում է Արցախ, ՀԴՄ շոուն նկարում, մարդկանց կրկին մանիպուլացնելու երազանքով։ Տեսարանների մոլի սեր ունի այս անձը։ Բայց դրանք այլեւս շատ ծիծաղելի են։ Մարդիկ պահանջում են, որ նա բացատրի, թե իր նման քա՞նի ծնող հնարավորություն ունի պետական բյուջեի հաշվին գնալ զինվոր որդուն այցելության։

Մանիպուլյացիայի հաջորդ սերիան «բռնել-բաց թողնել» նիկոլապատումն է, այն դեռ կշարունակվի, չկասկածեք, էլի մարդկանց անիմաստ եւ չհիմնավորված, կբռնեն, ինչպես այսօր կատարվեց Ռուբեն Հայրապետյանի հետ, կբռնեն, մասկի-շոուն կապահովեն, հետո բաց կթողնեն։ Մարդու իրավունքներ ասվածը այսօրվա համար չէ։ Իսկ ՀՀ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն Նիկոլի ձեռքին դարձել են հոլլ, եւ ոնց իրենց ֆռռացնում է Նիկոլը, այդպես էլ պտտվում են։ Իշխանության զսպումների եւ հակակշիռների մեխանի՞զմ, չկա այդպիսի բան, չունենք, չենք լսել։ Տղերք, դուք համազգեստ եք կրում, դուք իրավապահ եք եւ ոչ թե սերիալի դերասան։ Լրջացեք վերջապես։

Հիմա կարեւորի մասին՝ իսկ հարց տվե՞լ ենք ինքներդ մեզ՝ ո՞րն է այս հոգեբանական, ավելի հստակ՝ հոգեկան գերլարվածության պատճառը։ Շատ պարզ է․․․ Արդեն լրացել է Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին, լրացել է հունվարի 14-ին եւ այս պահից սկսած խորհրդարանը կարող է վերջապես խելքը գլուխը հավաքել, /այն մասը, որը խելք ունի/, եւ իրավունքի ուժով անվստահություն հայտնել վարչապետին․․․ Եվ Նիկոլը սա շատ լավ հասկանում է, ահ կա նրա հոգում, իսկ երկու ահը մեկ մահ է։

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը