Մեկնաբանություն

05.02.2020 10:50


Ձուկը գլխից է հոտում

Ձուկը գլխից է հոտում

Կապանի 5 ժամանոց ասուլիսում Փաշինյանն առանց ամաչելու հայտարարեց, որ առաջին անգամ է լսում ՍԴ նախագահի լիազորություններն ուզուրպացնելու հանդուգն նախաձեռնությամբ հանդես եկած Վահե Գրիգորյանի «անաշխատ եկամուտների» մասին. մտքով էլ չէր անցնում, թե իր սրտի ինքնակոչը` ՍԴ ինքնահռչակ «նախագահը», չի աշխատում, բայց ուտում է` բյուջեից կլորիկ գումարներ է ստանում ոչինչ չանելու համար։

Նույն հաջողությամբ` առանց անհարմար զգալու, ամենօրյա ռեժիմով խաբում ու մոլորեցնում է մոլորյալ «հոտին» առատության եղջյուրից թափվող իր լայվերով, ասուլիսներով, ֆեյսբուքյան իր էջում թվեր կրակելով, հեքիաթներ պատմելով տնտեսության «վագրային թռիչքի», կախարդական փայտիկի թեթև շարժումով «հրաշքների աշխարհում» հայտնված չաղ և բախտավոր ալիսաների ու պողոսների մասին։

Նրանից հետ չեն մնում իր «մահապարտ խունվեյբինները». ԱԺ ծանծաղամիտ (պոզով-պոչով) փոխխոսնակը`Ալենь անունով, աներձագ Հրաչը, իր շնորհիվ մանդատի տեր դարձած հավի ուղեղով և ճնճղուկի մտահորիզոնով տղաներն ու աղջիկները։ Նույն Մակունցը, որ օրերս, ներկայացնելով 88 հոգանոց մեծամասնական խմբակցության «սկզբունքային» դիրքորոշումը ՍԴ լիազորությունները յուրացնելու հակասահմանադրական նախագծի վերաբերյալ, ցնցեց հասարակության մտածող կեսին, թե բա`ՀՀ քաղաքացին, քուն թե արթուն, մի բանի մասին է երազում. վայրկյան առաջ «վերականգնել ՍԴ լեգիտիմությունը», այնպես որ «նախկին հանցավոր ռեժիմի» օրոք ընտրված դատավորներից մեծ կտոր` ականջը մնա։

Նույն «տրամաբանությամբ» գործում են Նիկոլի անմիջական ենթակայության տակ և պատվերով ընդդիմադիրների վրա գործեր կարող և դրանց մասին «դուխով» հաղորդագրություններ տարածող ուժային կառույցների քառակուսի ուղեղները։ ՀՔԾ քաջարի քննիչները` Սորոսի հիմնադրամի հետ ամուր եղբայրական կապերով կապված սուպեր Սասունի գլխավորությամբ։ Թավիշների սրտի դատախազները, որ դատարանում դոշ տված` պաշտպանում են Քոչարյանին և մյուսներին ներկայացված շինծու, մերկապարանոց մեղադրանքները, և դատախազության մոտ «դակիչ մարմին» աշխատող կաղկանձող դատավորները։

Սրանց վիճակը հատկապես ծանր է, եթե չասենք`անհուսալի։ Ի պաշտոնե կարծես թե կոչված են` պաշտպանելու օրենքի տառը և օրինախախտներին իրենց տեղը ցույց տալու, բայց իրենցից անկախ դժբախտ հանգամանքների բերումով ստիպված են աչք փակել օրենքների վրա և առանց ձեւականությունների ոտնատակ տալ Սահմանադրությունը։ Թե չէ` «աղան» կզայրանա ու կպատժի` նույնիսկ աչքը չթարթելով։

Շատ լավ գիտեն` չեն կարող չիմանալ, որ վաղը պատասխան են տալու դրա համար, բայց ձև են անում, թե չեն տեսել մարտիմեկյան խժդժությունների կադրերը, որոնցով հեղեղված է համացանցը, ո՛չ էլ լսել են Երևանի կենտրոնը ռազմական պոլիգոնի վերածած, մետաղաձողերով, քարերով, Մոլոտովի կոկտեյլներով զինված «խաղաղ ցուցարարների» վայրագությունների մասին։ Ու մոտավոր պատկերացում անգամ չունեն, որ այդ ամենը ֆիքսված է ոչ միայն Յութուբում պտտվող բազմաթիվ տեսանյութերում, այլև`ամրագրված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով, որ ոչ մեկը դեռ չի չեղարկել։

Այդպես էլ ապրում և աշխատում են` կույր ու խուլ ձևանալով, ձևացնելով, թե «առաջին անգամ են լսում», որ ոստիկանների դեմ «զինված գործողությունների» ոգեշնչողը, համակարգողը և ուղղորդողը եղել է մի մարդ, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է. նա, ում պատվերով այսօր դատում են հանրապետության երկրորդ նախագահին և գործի բերումով իրադարձությունների կենտրոնում հայտնված մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին։

Եվ, իհարկե, ծանոթ չեն Վիկիլիքսի վերջին հրապարակումներին, որտեղ սևով սպիտակի վրա գրված է`Տեր-Պետրոսյանը չէր ընտրվել. ընդամենը 21 տոկոս ձայն էր հավաքել, բայց ուզում էր`իրեն ձեռքերի վրա տանեն նախագահական։ Թեկուզ`բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու և սահմանադրական կարգը տապալելու գնով. այն, ինչի մեջ մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին`փորձելով ապացուցել անապացուցելին, առարկելով պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունների դեմ, հերթով բողոքարկելով «բարձրյալի» քիմքին ոչ հաճո բոլոր դատական ակտերը և քրեական գործեր սարքելով անհնազանդ դատավորների դեմ, որոնք անցել են «կարմիր գիծը»` Նիկոլի ասածին «չէ» են ասել...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը