Կարծիք

04.02.2020 16:06


Ո՞վ ասաց, թե Հայաստանի վարչահրամայապետն իրավունք ունի միջամտել Արցախի ներքին գործերին

Ո՞վ ասաց, թե Հայաստանի վարչահրամայապետն իրավունք ունի միջամտել Արցախի ներքին գործերին

Այն, որ Փաշինյանն իր բնույթով կոնֆլիկտային է`առանց սկանդալների և սկանդալային հայտարարությունների կյանք չունի, նորություն չէ։ Այդ թվում`իր ընտանիքի անդամների, մերձավոր ու «հեռավոր» շրջապատի համար։

Բայց որ այնքան է կորցրել ինքնատիրապետումը, որ անգամ Արցախի ճանապարհին է հասցնում կոնֆլիկտի մեջ մտնել ձեռքի տակ ընկած «ճամփեզրյա ռեստորանի» մատուցողի կամ սեփականատիրոջ հետ, այն էլ` ՀԴՄ կտրոնի թեմայով, ճիշտն ասած, անսպասելի էր։

Հասկանում եմ` նյարդերը «աննախադեպ» պրկված են, տեղի են տալիս (գրիչի պատմությունից, դրան հաջորդած բռնոցի-բաց թողոցի շոուի, ԵԽԽՎ հայտնի հայտարարությունից հետո ո՞վ լիներ` դիմանար), գիշերները վատ է քնում, պարբերաբար վեր թռչում հետապնդող «կոշմարներից», աչքին «հիբրիդային հեղաշրջման» տեսիլքներ են երևում... Բայց արդյոք դա պատճա՞ռ է Արցախի քաղաքացիների վրա ինքնահաստատվելու, բղավելու, վիրավորելու համար։

Լավ, ասենք` Հայաստանում իր դեմ «խաղ չկա». իրեն ժողովրդի, պետության հետ հավասարեցնելով`ոտքի վրա կարող է գործից ազատել մաքսատան աշխատողին, պաշտոնանկ անել Քաղավիացիայի աշխատակիցներին` չունենալով դրա իրավասությունը։ Բայց, կներեք, որտե՞ղ է գրված, որ Հայաստանի վարչա(հրամայա)պետն իրավունք ունի սուր ճոճել նաև դե յուրե Հայաստանին ենթակայության տակ չգտնվող թեկուզև չճանաչված պետության քաղաքացիների, տնտեսավարող սուբյեկտների վրա, «տղա բերել»`ի դեմս Արցախի հանրապետության պետնախարարի կամ հարկային մարմինների։

Ինքը չէ՞ր ասում`Արցախի ժողովուրդն ինձ չի ընտրել։ Բա՞ն է փոխվել` այդ բանաձևն էլ չի՞ գործում։ Դա՞ նկատի ուներ, երբ ասում էր` Արցախը Հայաստան է, և՛ վե՛րջ։ Այդ մտայնությա՞մբ է ՀՀ արտգործնախարարությունը հերթական անգամ զրոյացնում Արցախի սուբյեկտայնությունը`երկրորդելով ԵԱՀԿ փաստաթղթերում «ամրագրված» ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչների» վերաբերյալ։

Ուրիշ ինչպե՞ս թույլ կտաք հասկանալ այդ կոպիտ և միանգամայն անհարկի միջամտությունը Արցախի հարկատու-հարկային մարմիններ հարաբերություններին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը